Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրությո՞ւնն էր պահանջում, որ նախկին քաղաքապետը խայտառակ հայերենով հաղորդումներ անի»․ Արթուր Խաչատրյանը՝ ՀՌՀ նախագահին

Ապրիլ 13,2023 17:44

ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2022թ․-ի  գործունեության մասին տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը բարձրաձայնեց հեռուստաեթերի կենցաղային լեզվի խնդիրը՝ «կրենք», «կարանք», «հեշտ ա»․․․»։

«Չեք կարծո՞ւմ, որ ձեր հանձնաժողովն այս առումով առաքելություն ունի։ Ոնց որ մոդա լինի, որ հաղորդումներում կենցաղային, ժարգոնային, գողական լեզու է հնչում»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Տիգրան Հակոբյան

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն արձագանքեց, որ համաձայն է մտահոգության հետ․ «Նախ, մաքուր լեզվի հանրային պահանջ չկա, իսկ հեռուստաընկերությունները հանրային պահանջին են արձագանքում, եւ սերիալներն ավելի մեծ վարկանիշ ունեն։ Կամ «Սպիտակցի Հայկոն»։ Դա մեր գործը չի, այլ պետության խնդիրն է, այլապես ասում են՝ սա ժարգոն է, իրականություն է, հանցավոր աշխարհում ինչպե՞ս կարող է գրական լեզու հնչել եւ այլն»։

Արթուր Խաչատրյանը չհամաձայնեց կարծիքի հետ, որ պահանջարկը ծնում է առաջարկ․ «Կա առաջարկ, որը բերում է պահանջարկի։ Երեւանի նախկին քաղաքապետի հաղորդումներում իբրեւ թե ծաղրի, ծիծաղի լեզու էր օգտագործվում։ Դա առաջարկ էր, բայց հետագայում երիտասարդությունը սկսեց այդ լեզվով խոսել։ Հանրությո՞ւնն էր պահանջում, որ նախկին քաղաքապետը խայտառակ հայերենով հաղորդումներ անի, թե իր խայտառակ լեզվով հաղորդումներից հետո երիտասարդները դա կապկեցին, նույն ձեւ խոսեցին»։

Տիգրան Հակոբյանն արձագանքեց․ «Ի պաշտպանություն նախկին քաղաքապետի՝ եթե այդ լեզվական բաները հանենք, ապա որոշ հաղորդումներ բավականին դաստիարակչական նշանակություն ունեն։ Դա միանշանակ է եւ իմ կարծիքն է»։

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նկատեց․ «Պարոնայք, դուք մշակույթը, ժարգոնն ու բարբառը խառնեցիք իրար։ Որովհետեւ «կարանք»-ը Երեւանի բարբառ է։ Կամ, ո՞վ ասեց, որ Երեւանի բարբառով կամ թեկուզ ժարգոնով չի կարող լինել արժեքավոր մշակութային ստեղծագործություն, օրինակ՝ հիփ-հոփ։ Ճաշակի հարց է, էլի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930