Ապրիլի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկող ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց առաջնությանն ընդառաջ այսօր հրավիրված վերջին մամուլի ասուլիսում կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանն ասաց. «Մենք, ըստ էության, պատրաստ ենք եւ կազմկոմիտեի անունից կարող եմ ասել, որ ջանք չի խնայվել, որպեսզի Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ այս առաջնությունը լինի լավագույնը: Արդեն այսօր մեր գործընկերներից դրական արձագանք ենք ստանում: Առավոտյան ներկա եմ գտնվել ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի կոնգրեսին, որը տեղի է ունենում Երեւանում, եւ իմ խոսքում ասել՝ այն փորձը, որ ձեռք ենք բերել այս տարիներին, այս առաջնության կազմակերպման փորձը թույլ է տալիս մեզ արդեն հյուրընկալել ավելի մեծ միջոցառումներ եւ հույս հայտնել, որ կոնգրեսի մասնակիցները եւ մեր գործընկերները մեզ այդ հարցում կաջակցեն»:
Արայիկ Հարությունյանը մարզասերներին կոչ արեց ներկա գտնվել մրցումներին եւ աջակցել մեր ծանրորդներին՝ ընդգծելով, որ մենք մեզ համար բավականին բարձր նշաձող ենք սահմանել, որ կուզենք թիմային բարձր տեղ նվաճել եւ, ինչու ոչ, նաեւ հաղթել: «Մեր ծանրորդների մարզավիճակը թույլ է տալիս նման հույսեր փայփայել: Բայց ամեն դեպքում սա սպորտ է եւ ունի իր անակնկալները: Ամեն դեպքում, ինչքան ես հասկանում եմ, եւ մարզիկները, եւ կազմկոմիտեն լավ մարզավիճակում են մոտեցել առաջնությանը»,-ասաց Արայիկ Հարությունյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ