Լրահոս
Օրվա լրահոսը

«Այստեղ ծառ որպես այդպիսին գրեթե չկար»․ Սայաթ-Նովա պողոտայի թեղիները հեռացվեցին

Ապրիլ 13,2023 17:14

Երեւանի Սայաթ-Նովայի պողոտայի Ֆրանսիայի հրապարակ-Տերյան փողոց հատվածում այսօր կտրվում էին մայթեզրերի հաստաբուն 50-ից ավելի ծառերը՝ առաջացնելով անցորդների մի մասի զայրույթն ու տարակուսանքը:

Աշխատանքներն իրականացնում է Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՕԱԿ-ը, որի տնօրեն Արմեն Բեգոյանը լրատվամիջոցների հետ զրույցում տեղի ունեցողի մասին ասաց. «Տնկում ենք խիստ արժեքավոր մոտ 15 տարեկան սոսիներ, որոնց ֆունկցիոնալությունն անհամեմատ՝ մի քանի անգամ, ավելի մեծ է: Այստեղ առնվազն 70 տարեկան թեղիներ են եղել, որոնց կյանքի տեւողությունը քաղաքային պայմաններում 50-60 տարի է: Տնկում ենք ծառեր, որոնք քաղաքային պայմաններում ապրում են շուրջ 500 տարի: Այս հատվածում սոսիներ տնկում ենք, որովհետեւ մայթի լայնությունը թույլ է տալիս այստեղ ունենալ մեծ սաղարթով ֆունկցիոնալ ծառեր»:

Նրա խոսքով, սա ծրագիր է՝ ուղղված մեր եւ մեր երեխաների առողջությանը եւ դա պետք չէ քաղաքականացնել: «Ծառերի փոխարինման շուրջ քննարկումները սկսվել են դեռ նախորդ տարվա ամռանից: Նախնական որոշումը կայացվել է հոկտեմբերին: Հայտարարվել են մրցույթները առանց ֆինանսական միջոցների, իսկ այս տարվա հունվարի սկզբին որոշումը հաստատվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից»,-ասաց պարոն Բեգոյանը եւ հավելեց, որ զուգահեռ Էրեբունի փողոցում էլ ընթանում են ծառերի լրացման աշխատանքներ:

«Կուզեմ ուշադրություն դարձնեք, որ Էրեբունի փողոցում լրացման աշխատանքներ են ընթանում, այլ ոչ թե փոխարինման, որովհետեւ այնտեղ կաղնիներ են, իսկ կաղնիները շատ արժեքավոր, երկարակյաց ծառատեսակներ են եւ իրենց կենսունակությունը չեն կորցրել: Հուսով ենք, որ այդ ծառերը Էրեբունի, նաեւ՝ Բաղրամյան փողոցներում դեռ երկար տարիներ կտեսնենք»:

Aravot.am-ի հարցին, թե արդյո՞ք ավելի նպատակահարմար չէր լինի, եթե Սայաթ-Նովա պողոտայում էլ նախ ծառերի լրացման աշխատանքներ իրականացվեին եւ երբ նոր ծառերը կսկսեին իրենց գործառույթը կատարել, այդ ժամանակ հատվեին «իրենց դարն ապրած» գնահատվող թեղիները, Արմեն Բեգոյանը պատասխանեց. «Ի՞նչ լրացման մասին է խոսքը, եթե այստեղ ծառից մնացած բներ էին: Այս ծառերը որեւէ ֆունկցիա չեն կատարում: Այլ կերպ ասած. այստեղ ծառ որպես այդպիսին գրեթե չկար: Իսկ այն սոսիները, որ մենք արդեն իսկ տնկում ենք, հենց այդ պահից կատարելու են ավելի շատ ֆունկցիա, քան այն ծառը, որը հեռացվել է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930