Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանն ասել է՝ տվեք իրեն, թող ինքը կազմակերպի այդ մատակարարումը». Սերգո Կարապետյանը ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի ու Տիգրան Սարգսյանի դեմ

Ապրիլ 13,2023 17:01

Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում Վահե Միսակյանի նախագահությամբ շարունակվեց «դիզվառելիքի գործով» դատական նիստը:

Դատարանն այսօր հրապարակեց գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի նախաքննական ցուցմունքը: Ըստ այդմ, Սերգո Կարապետյանն առաջին հարցաքննության ժամանակ հայտարարել է, որ գործով առանցքային վկա Սեւան Քոչարյանին չի ճանաչում, նրա հետ որեւէ շփում չի ունեցել: Ասել է, որ դիզվառելիքի սուբսիդավորման ծրագրի մրցույթը համակարգել է իր տեղակալ Սամվել Գալստյանը՝ սահմանված կարգի համաձայն: Մրցույթ, որպես այդպիսին չի հայտարարվել, քանի որ սուբսիդավորման պայմանագիր պետք է կնքվեր. շուկայում, ներկրողներից ճշտվել են պայմանները, որոնց հիման վրա մատակարարի ընտրություն է իրականացվել: Սերգո Կարապետյանն ասել է, որ բոլոր հարցերով զբաղվել է իր տեղակալ Սամվել Գալստյանը, իսկ գործընթացից մանրամասներ ինքը չի հիշում, քանի որ երկար ժամանակ է անցել: Միայն ասել է, որ ընտրված ընկերությունը ոչ միայն վառելիք պետք է ձեռք բերեր, այլ կարճ ժամանակահատվածում մատակարարումներ իրականացներ ՀՀ 935 համայնքների հողօգտագործողներին՝ ունենալով համապատասխան տրանսպորտային միջոցներ, պահեստավորման հնարավորություններ եւ այլն: Նաեւ Արցախ էր պետք մատակարարումներ կատարել: Սերգո Կարապետյանը ենթադրել է, որ այդ բոլոր պայմանները հաշվի առնելով է ընտրվել «Ֆլեշ» ընկերությունը, բայց մանրամասները Սամվել Գալստյանը կարող է հայտնել, քանի որ իբրեւ նախարար, ներկրողների եւ մատակարարների հետ ինքը չի հանդիպել եւ մինչեւ կառավարության համապատասխան որոշման նախագծի պատրաստումը, գործընթացին առնչություն չի ունեցել:

Նա նաեւ ասել է, որ մինչեւ կառավարության որոշման վերջնական հաստատումը, այն ուղարկվել է բոլոր շահագրգիռ գերատեսչություններին, այդ թվում` նաեւ ֆինանսների նախարարություն, եւ եթե առաջարկվող գինն իրատեսական չլիներ, ապա այդ առիթով դիտողություն կներկայացվեր, քանի որ ֆիննախը ներկրող եւ մատակարարող ընկերությունների վերաբերյալ շատ մանրամասների է տիրապետում:

Քննիչի հարցին ի պատասխան՝ հնարավո՞ր է, որ որեւէ պարտադրանքի արդյունքում է «Ֆլեշ» ընկերությունն ընտրվել, որպես մատակարար, Սերգո Կարապետյանն ասել է, որ նման բան չի եղել, ավելին, եթե գյուղնախարարությունն այլ ընկերություններից գնային առաջարկներ է պահանջել, ուստի շահագրգռություն չի ունեցել եւ առաջնորդվել է առավել նպաստավոր պայմաններով գործընթացը կազմակերպելու սկզբունքով:

«Սովրանիե» ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման եւ քննարկումների մասին հարցին էլ, Սերգո Կարապետյանը պատասխանել է, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, նման բան չի եղել:

Հարցին՝ իբրեւ նախարար Սերգո Կարապետյանը միջոցներ ձեռնարկե՞լ է հասկանալու համար, թե ինչո՞ւ 430 դրամ գնային առաջարկը մերժվել է, փոխարենը 27 դրամով ավելն է ընտրվել, նա պատասխանել է, որ միայն գնային առաջարկի մասը չէ, այլ անհրաժեշտ պայմաններ էլ կային, որ պետք է ապահովվեին, ուստի, կարծում է, որ դրանով է պայմանավորված եղել ընտրությունը:

Իսկ Սերգո Կարապետյանի եւ Սեւան Քոչարյանի առերեսման ժամանակ հետեւյալ խոսակցությունն է ընթացել. Սերգո Կարապետյանն ասել է, որ չի ճանաչում Սեւան Քոչարյանին, վերջինս, ասել է, որ ճանաչում է Սերգո Կարապետյանին՝ հավելելով, որ նրա հետ ծանոթացել է 2013 թվականի հունվարի 10-ից հետո, նրա աշխատասենյակում: Սեւան Քոչարյանն ասում է, որ «Սովրանիե» ընկերության տնօրեն Եղիշե Կարապետյանի հետ են այցելել Սերգո Կարապետյանին եւ զրուցել գյուղացիներին մատակարարվող ծրագրին վերաբերվող հարցերի շուրջ, պայմանավորվել են, որ էլեկտրոնային հասցեով գնային առաջարկը փոխանցեն: Այդ մասին նա նաեւ դատարանում էր ասել: Սեւան Քոչարյանի պնդմամբ, ինքը հետաքրքրվել է՝ կարո՞ղ է սա հերթական շոուն է, Սերգո Կարապետյանն էլ պատասխանել է, որ իր հետ նախարար է խոսում, որեւէ շոու չկա, եթե ցանկություն ունեն՝ կարող են մասնակցել: Արդյունքում, ներկայացրել են համապատասխան փաստաթղթերը՝ 430 դրամ գնային առաջարկով:

Առերեսման ժամանակ Սեւան Քոչարյանն ասել է նաեւ, որ իր տպավորությամբ, մինչեւ ծրարների բացվելը նախարարությունից արտահոսք է եղել, քանի որ իրեն է զանգահարել «Ֆլեշ» ընկերության տնօրենը եւ սպառնացել:

Առերես հարցաքննության ժամանակ էլ Սերգո Կարապետյանն ասել է, որ Սեւան Քոչարյանին չի ճանաչում եւ առաջին անգամ է նրան տեսնում, իսկ հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ չի նշում, որ Սեւան Քոչարյանի՝ իր հետ հանդիպելու մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, այլ ասում է, որ չի հիշում՝ նրա հետ հանդիպում ունեցե՞լ է, թե՞ ոչ, պատասխանել է. «Չեմ հիշում, չեմ էլ ճանաչել, ավելացնելու որեւէ բան չունեմ»: Սերգո Կարապետյանը պնդել է իր նախաքննական ցուցմունքը: Սեւան Քոչարյանն էլ պնդել է իր ցուցմունքը՝ հավելելով, որ Սերգո Կարապետյանի ասածներն իրականությանը չեն համապատասխանում:

Ավելի ուշ, լրացուցիչ հարցաքննության ժամանակ, Սերգո Կարապետյանն ասել է, որ քննարկումների փուլում, 2013 թվականի հունվար-փետրվար ամիսներին, հանդիպել է «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի հետ: Հանդիպմանը Բարսեղ Բեգլարյանն իր հետ «Մադաթով» կոնյակ է տարել՝ ասելով, որ այն իրեն պատկանող ձեռնարկությունն է արտադրում, տարել է համտեսելու համար: «Հանդիպման ժամանակ Բարսեղ Բեգլարյանը խոսեց սուբսիդավորման ծրագրի մասին, միաժամանակ ասաց, որ այդ թեմայով խոսել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ նրա հետ պայմանավորվել, որ այդ ծրագրի շրջանակներում մատակարարում պետք է իրականացնի իրեն պատկանող «Ֆլեշ» ՍՊԸ ընկերությունը»,- ասել է Սերգո Կարապետյանը՝ հավելելով, որ իրեն թույլ չի տվել մանրամասներ հարցաքննել, թե կոնկրետ ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերել Սերժ Սարգսյանի հետ եւ տեղյակ չէ, թե ի՞նչ պատճառով է նախկին նախագահը համաձայնել, որ Բարսեղ Բեգլարյանին պատկանող ընկերությունը մատակարարում անի:

Կոնյակի համտեսմանը զուգահեռ զրույց է ընթանում ծրագրի շուրջ, եւ, ըստ Սերգո Կարապետյանի, ինքը փորձել է հնարավորինս իջեցնել վառելիքի առաջարկվող գինը, քանի որ հիշում էր, որ Բարսեղ Բեգլարյանի ընկերության առաջարկած գինն ավելի բարձր էր, քան մյուս ընկերությունների առաջարկները. ինքն անգամ Բարսեղ Բեգլարյանին է այդ մասին ասել, վերջինս պնդել է, որ իրենց առաջարկած գինն իրատեսական է, ավելի ցածր գնով հնարավոր չէ մատակարարում իրականացնել: Սերգո Կարապետյանն ասել է, որ կխոսի Սերժ Սարգսյանի հետ՝ կփորձի ճշտել իրենց պայմանավորվածության մասին: Բարսեղ Բեգլարյանը դեմ չի եղել:

Սերգո Կարապետյանը խոսել է Սերժ Սարգսյանի հետ՝ ասելով, որ Բարսեղ Բեգլարյանն իրեն փոխանցել է պայմանավորվածության մասին. «Սերժ Սարգսյանն ասել է՝ տվեք իրեն, թող ինքը կազմակերպի այդ մատակարարումը»: Այլ հարցեր նախագահին Սերգո Կարապետյանը չի տվել ու քանի որ ավելի ցածր գնային առաջարկներ են եղել, ինքը այդ մասին տեղեկացրել է վարչապետ Տիգրան Սարգսյանին: Վերջինս նույնպես համաձայնություն է տվել, որ մատակարարումներին իրականացնի «Ֆլեշ» ընկերությունը: Ավելի էժան գնային առաջարկի մասին Սերժ Սարգսյանին Սերգո Կարապետյանը չի ասել, քանի որ վերջինս, հենց սկզբից, իր փոխանցմամբ, շատ կտրուկ է ասել «Ֆլեշ» ընկերության կողմից մատակարարումներ իրականացնելու մասին ու ինքը հասկացել է, որ որոշումը քաղաքական է, իսկ ինքը, իբրեւ նախարար՝ նախագահի բանավոր հանձնարարության հիման վրա, տեխնիկական աշխատանք է կատարել:

Սերգո Կարապետյանն ասել է, որ մինչեւ 2016 թվականը Սերժ Սարգսյանն է իրեն ասել, թե ի՞նչ գնով պիտի վառելիքը մատակարարվի գյուղացուն, որքա՞ն պետք է սուբսիդավորվի, իսկ մատակարարը՝ նախագահի հանձնարարությամբ, ընտրվել է «Ֆլեշ» ընկերությունը. փաստացի, մինչեւ կառավարության որոշում ընդունելը, ամեն տարի մատակարարը որոշված է եղել, ընտրության համար նոր հարցումներ չեն արվել: Հետագայում, Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալուց հետո էլ, նույն մեխանիզմով շարունակել են աշխատել «Ֆլեշ» ընկերության հետ:

Լրացուցիչ հարցաքննության ժամանակ Սերգո Կարապետյանը պնդել է, որ Սեւան Քոչարյանի ու նրա ընկերոջ հետ իր հանդիպումը չի հիշում, ու հավելել, որ դա ևս ապացույց է, որ ինքը ջանացել է ավելի էժան գնով մատակարար գտնել, բայց իր ղեկավարներ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ու նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը դա թույլ չեն տվել: Իսկ առաջին հարցաքննության ժամանակ այդ տեղեկությունները չի հայտնել, քանի որ ասել է՝ կաշկանդված է եղել:

Ավելի ուշ՝ Սեւան Քոչարյանի հետ առերեսումից հետո, հասկացել է, որ անիմաստ է իրականությունը թաքցնել եւ 2019 թվականի հոկտեմբերի 30-ին հանդիպել է Բարսեղ Բեգլարյանի հետ, վերջինիս գրասենյակում ու խոսակցության ժամանակ ասել, որ իր մատակարար ընտրվելը եղել է քաղաքական որոշման արդյունք, իբրեւ նախարար ինքը կապ չունի այդ որոշման հետ, ուստի թող Բարսեղ Բեգլարյանը գնա եւ գործին տեր կանգնի: Բարսեղ Բեգլարյանն էլ ասել է, որ բոլոր հարցերով Յաշա Խաչատրյանն է զբաղվել, թող նա էլ պատասխան տա, մինչդեռ Սերգո Կարապետյանը հիշեցրել է, որ ինքը Յաշայի հետ որեւէ հարց չի քննարկել այլ Բարսեղ Բեգլարյանի հետ է քննարկել:

Քննիչի հարցին, եթե գիտակցել է, որ ավելի ցածր գնային առաջարկ կա, ինչո՞ւ չի հրաժարվել կատարել նախագահի եւ վարչապետի հանձնարարականը, Սերգո Կարապետյանը պատասխանել է, որ կատարել է իր վերադասների հանձնարարականը՝ առանց որեւէ շահի ու չի մտածել, որ դրանով վնաս է տալիս պետությանը: Այդ առիթով քննիչի տարակուսանքին էլ պատասխանել է, որ հանձնարարականը տրվել է երկրի նախագահի կողմից, ինքը մտածել է, որ մատակարարի այդպիսի ընտրությունն ավելի նպատակահարմար է: Իր այդ պատկերացումն ամրապնդվել է, երբ Տիգրան Սարգսյանին ավելի էժան գնով մատակարարի մասին տեղեկացնելուց հետո, պատասխան է ստացել, որ այդ մատակարարները, հիմնականում, չեն կարողանում իրենց պարտավորությունները կատարել: Ինքը եկել է եզրակացության, որ կառավարության ղեկավարը որոշակի ուսումնասիրություններ է կատարել ու հանգել է այդ որոշմանը: Սերգո Կարապետյանն ասել է, որ կոռեկտ չի համարել կառավարության ղեկավարին հարցադրումներ անել, քանի որ վերջինս շատ հստակ է ասել, որ էժան գին ներկայացնող ընկերությունները, շատ դեպքերում, ձախողել են եւ չեն կատարել իրենց պարտավորությունները:

Իր հետագա ցուցմունքում, Սերգո Կարապետյանն ինքն էլ է տարակուսում՝ ասելով, որ դեռ հարց է, թե ավելի էժան գին առաջարկողները մինչեւ վերջ կկատարեի՞ն ծրագրով սահմանված պարտավորությունները, թե՞ ոչ, միաժամանակ, ասել է, որ եթե նախկին նախագահի ու վարչապետի հանձնարարականը չլիներ, ինքը է «Ֆլեշ» ընկերությանը չէր ընտրի իբրեւ մատակարար, այլ ավելի ցածր գին առաջարկող ընկերությանը կընտրեր ու վկայակոչում է Սեւան Քոչարյանի՝ իրենց հանդիպման մասին պնդումը, ասելով, որ դա խոսում է այն մասին, որ ինքը փորձել է այդ զրույցի ժամանակ էլի գին իջեցնել:

Հիշեցնենք, այս գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերով յուրացման/վատնման համար․ ըստ մեղադրանքի, նրա կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ 2013թ․ հունվարից մինչեւ փետրվարը կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 ՀՀ դրամ: Այս գործով մեղադրյալի կարգավիճակում էին նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն ու նրա տեղակալ Սամվել Գալստյանը, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր․ նախկին պաշտոնյաները մահացել էին կորոնավիրուսից։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930