Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաջալերում եմ անդրադառնալ այնպիսի հույժ կարևոր թեմաների, ինչպիսիք են սահմանագծումն ու սահմանազատումը, ինչպես նաև բացել հաղորդակցության ուղիները»․ ԵԱՀԿ գործող նախագահ

Ապրիլ 13,2023 16:45

«ՀՀ-Ադրբեջան այս համատեքստը ԵԱՀԿ-ի համար գերակայություն է և նաև ինձ համար՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահ»,-ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին։

Նա վստահեցրեց՝ այսօր, նախկինում ևս խոսել են Հայաստանի մտահոգությունների մասին՝ Լաչինի միջանցքի հետ կապված և դրա ազդեցության մասին բնակչության կյանքի և կենսագործունեության վրա։

Բույար Օսմանին ասաց՝ այսօր այստեղ է, երեկ հանդիպումներ ուներ Բաքվում և հավաստիացրեց՝ իբրև նախագահող ձգտում է խաղաղ, համապարփակ և կայուն լուծման այն անհամաձայնությունների, որոնք մտահոգություն են պատճառում ՀՀ-ին և Ադրբեջանին ու շեշտեց․ «Պատրաստ ենք շարունակել մեր ջանքերը՝ ԵԱՀԿ առկա մեխանիզմներն օգտագործելով հասնել դրված նպատակներին։ Վերջիվերջո, ժողովուրդների մասին է խոսքը, ուստի վեճերի լուծման հարցում քաջալերում եմ բոլոր կողմերին միանշանակ երկխոսության և բանակցություններով առաջնորդվել, ոչ թե ուժով և հարկադրմամբ։ Քաջալերում եմ անդրադառնալ այնպիսի հույժ կարևոր թեմաների, ինչպիսիք են սահմանագծումն ու սահմանազատումը, ինչպես նաև բացելու հաղորդակցության ուղիները»։

ԵԱՀԿ գործող նախագահն ասաց՝ մի երկրից է, որն անցել է հակամարտության, տառապանքի ուղով, մի երկրից, որն ունեցել է բաց հակամարտություններ իր հարևանների հետ։ Նաև ասաց՝ պատրաստ են կիսելու իրենց փորձառությունը և աջակցելու բոլոր կողմերին, որոնք կօգտագործեն բանակցությունների սեղանը, ոչ թե մարտի դաշտը վեճերը լուծելու համար։

Փաստմանը՝ ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում ընդգծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի, ԵԱՀԿ գործուն ներգրավվածության անհրաժեշտությունը, բայց ինչպես հայտնի է՝ պատերազմից հետո Ադրբեջանի նախագահը բազմիցս նշել է, որ հակամարտությունն այլևս գոյություն չունի, չնայած փաստերը հակառակն են ապացուցում, ինչպես նաև, խոսելով Մինսկի խմբի դերակատարության մասին՝ Ալիեւը նշել է, որ այն սպառել է իրեն, և այլևս դրա անհրաժեշտությունը չկա ու հարցին՝ արդյոք սա չի՞ նպաստում հակամարտության ավելի սրացմանը, Բույար Օսմանին պատասխանեց․ «Մինսկի խմբի ձևաչափը պաշտոնապես հիմնվել է Բուխարեստի գագաթնաժողովի ժամանակ ԵԱՀԿ-ի կողմից և այս պահին այն կա, և մենք սատարում ենք Մինսկի խմբի ձևաչափին։ Այդուհանդերձ, տեղյակ ենք, որ կան այս հակադիր գնահատումները որոշ կողմերի կողմից, ինչպես նաև աշխարհաքաղաքական փոփոխված իրավիճակները, որոնք սերում են ռուս-ուկրաինական պատերազմից, սա ևս փոխել է դինամիկան համանախագահների միջև։ Մենք հավաքական մեկտեղումներ չենք ունենում համանախագահների միջև, որ պաշտոնապես կատարեն իրենց աշխատանքը, ուստի մինսկյան խումբն այս պահին սառեցված է։ Սակայն չեմ կարող մերժել, որ դերակատարում կարող է լինել Մինսկի ձևաչափի համար, երբ իրավիճակները համապատասխան լինեն։ ԵԱՀԿ-ն միայն Մինսկի խումբը չէ, այն ունի մի շարք այլ գործիքներ և մեխանիզմներ, որոնք կարող են ներկայացվել սատարելու խաղաղության գործընթացը հայերի և Ադրբեջանի միջև, և ես այստեղ եմ խթանելու և իմ ներդրումն ունենալու այդ խաղաղության գործընթացի ուղղությամբ՝ առաջարկելով ԵԱՀԿ ճկուն և ինքնատիպ գործիքակազմը վստահության վերականգնման, հաշտության ուղղությունները խթանելով խաղաղության գործընթացին հասնելու համապարփակ կայուն հանգուցալուծման այս երկու երկրների միջև»։

Լրագրողները հիշեցրին Բույար Օսմանիին, որ իր կարգախոսն էր՝ ամեն ինչ ժողովրդի համար, կարևորել էր մարդու ազատ տեղաշարժի իրավունքը և փաստեցին՝ չորս ամիս է Լաչինի միջանցքը Ադրբեջանը փակել է, և 120 հազար մարդու ազատ տեղաշարժի իրավունքը ոտնահարվել է և հարցրին՝ Ձեր մանդատն ի՞նչ է այդ գործիքներից ենթադրում, քանի որ Ադրբեջանը բազմաթիվ հորդոր, միջազգային դատարանի որոշումներ անկատար է թողնում։ Բույար Օսմանին պատասխանեց․ «ԵԱՀԿ-ն բացեց առաջին գործառնական դաշտը և վերջին երեսուն տարիների ընթացքում այն օգնել է փոխել մի բաժանված հասարակություն բոլոր առումներով՝ էթնիկ, կրոնական, մշակութային և վերափոխել այն՝ դարձնելով այն գործառութային, բազմաէթնիկ՝ ժողովրդավարության իր մեխանիզմներով, գործիքներով և փորձով։ Ուզում ենք մարդակենտրոն համանախագահություն ունենալ՝ վարից վեր մոտեցում ցուցաբերել, մարդկանց ցավը, բեռը վերացնել։ Հասկանում եմ ձեր հարցում այն ամենը, ինչ նկատի ունեք՝ Լաչինի միջանցքի հետ կապված։ 2023-ից իմ առաջին գործողությունը հունվարի առաջին օրերից՝ որպես ԵԱՀԿ նախագահ հեռախոսազրույցն էր Արարատ Միրզոյանի հետ հենց Լաչինի հետ կապված, այնուհետև կազմակերպեցինք մշտական հանձնաժողովի հանդիպում, այս հարցերը, ինչպես նաև մարդասիրական հարցեր երեկ բարձրացրի Բաքվում, այսօր այստեղ ևս բարձրացնում եմ՝ հասկանալու՝ արդյոք կա՞ կամուրջների կառուցման հնարավորություն այս երկու երկրների միջև։ Սա է մեր նպատակը՝ իբրև ԵԱՀԿ, մի հարթակ մշտական երկխոսության համար երկրների միջև ապահովելու մշտական խաղաղություն։ Մենք շարունակելու ենք ներգրավված լինել։ Սա է մեր համանախագահության թեման՝ կենտրոնանալ ժողովուրդների կարիքների վրա, մասնավորապես մարդասիրական թեմաներով»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930