Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ-ն փոխհատուցում կտա բնակավայրից հեռու ծառայության անցած զինծառայողներին անկախ նրանից՝ վարձո՞վ, թե՞ բարեկամի տանն են մնում

Ապրիլ 13,2023 16:37

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով սահմանվում են վարժական հավաքների եւ զորահավաքային զինծառայության զորակոչված զինծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքներն ու կարգապահական տույժերը:

Սահմանվում է նոր կարգապահական տույժ՝ ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում 5-30%, մեկից մինչեւ 3 ամիս ժամկետով: Վերաշարադրվելու է կանոնագրքի հատուկ մասը, սանկցիաներում ավելացվելու են կարգապահական տույժերը: Բացի այդ, կարգապահական իրավախախտումների տեսակները եւս երկուսով ավելացվելու են՝ զինծառայողների կողմից օրենքով սահմանված սահմանափակումները չպահպանելու եւ գաղտնիության ռեժիմի կանոնները խախտելու համար:

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծով էլ ծառայության կրման ցանկացած վայրում սմարթֆոն տիպի հեռախոսներ, սարքեր օգտագործելու արգելքն է սահմանվում: Հատուկ դեպքերում է թույլտվություն տրվելու, որ որոշ հանգամանքներում օգտագործեն:

Զինվորական կամ այլ ծառայողական համազգեստով հավաքների, ցույցերի նման միջոցառումների մասնակցության համար արգելք է դրվելու, արգելվելու է նաեւ քաղաքական բնույթի հայտարարություններ հնչեցնել:

Արգելվելու է նաեւ առանց վերադաս հրամանատարի ՀՀ սահմաններից դուրս գալ: Կարգապահական վաշտում գտնվելու ժամանակահատվածն այլեւս չի հաշվարկվելու պարտադիր զինվորական ժամկետում, եթե վաշտ ուղարկելը կարգապահական տույժ է:

Արմեն Խաչատրյան

ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանն առաջարկեց, որ զինծառայողներին, որոնք ծառայության են անցել իրենց բնակավայրից հեռու տարածքներում, տրամադրվի փոխհատուցում՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ հիմունքներով են բնակվում՝ վարձո՞վ, թե՞ բարեկամի տանն են մնում: Այսինքն, վարչական մարմինը չպահանջի վարձակալության պայմանագիր բերել, ինչը խնդրահարույց էր: ՊՆ-ն ընդունել է այդ առաջարկը:

Գեղամ Մանուկյան

«Հայաստան» խմբակցության պատգմավոր Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, որ այդ առաջարկը արել է պատգամավոր Թագուհի Թովմասյանը, բայց ՊՆ-ն այն մերժում էր:

Արման Սարգսյանն ասաց, որ այն ժամանակ, երբ մերժել են, ասել են, որ երբ դրամական բարելավում ունենան, անդրադարձ կկատարեն:

ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն ասաց, որ Թագուհի Թովմասյանը ժամանակին խնդիրը ճիշտ էր արձանագրել, ոչ պատշաճ կոմունիկացիա է եղել:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930