«Ազատություն». Ռուսաստանի անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային նախաձեռնության ղեկավար Վիտալի Բորոդինը Գլխավոր դատախազությանը կոչ է արել պարզել Ռուսաստանում և նախկին խորհրդային երկրներում մեծ ճանաչում ունեցող երգչուհի Ալլա Պուգաչովայի կողմից ուկրաինացիներին սատարելու հանգամանքները:
Գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին հասցեագրված փաստաթղթում Բորոդինը գրել է, թե «խորհրդային և ռուսաստանյան երգչուհի Ալլա Բորիսի Պուգաչովան տվյալ պահին բնակվում է Իսրայելում, որտեղից մշտապես հանդես է գալիս Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը դատապարտող հայտարարություններով»:
Բացի այդ, ըստ Բորոդինի, երգչուհին սատարում է Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» մեկնարկից հետո Ռուսաստանի տարածքը լքած մշակույթի և արվեստի գործիչներին ու նրանց ֆինանսական օգնություն է տրամադրում:
ՏԱՍՍ լրատվական գործակալությունը նշում է, որ ունի գլխավոր դատախազին Բորոդինի հասցեագրած ուղերձի պատճենը:
Կարդացեք նաև
Ռուսաստանի անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային նախաձեռնության ղեկավարը պնդում է, թե կան տեղեկություններ, որոնք հաստատում են Պուգաչովայի գործունեության ֆինանսավորումն արտասահմանից և նրա կապերն արևմտյան հատուկ ծառայությունների հետ:
«Խնդրում եմ ստուգել Ալլա Բորիսի Պուգաչովայի կողմից Ուկրաինայի զինված ուժերին ֆինանսական աջակցություն հատկացնելու հանգամանքը», – ասվում է Բորոդինի ուղերձում:
Արմեն ՔՈԼՈՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: