Լրահոս
Օրվա լրահոսը

Հրատապ միջամտության եւ վերականգման ենթակա հուշարձանները 550-ից ավելի են. Հարություն Վանյան

Ապրիլ 13,2023 15:58

«Այս տարի հուշարձանների վերականգնման համար պետական բյուջեից հատկացված է մոտ 400 միլիոն դրամ՝ չհաշված Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վերականգնմանն ուղղված եւս 260 մլն դրամը: Նշված 400 մլն դրամի մեջ ներառված են Արմավիրի Այգեշատի Թարգմանչաց եկեղեցու, Փարպիի Ծիրանավոր եկեղեցու վերականգնումը, Սանահինի Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերի նորոգման աշխատանքները, Դիլիջանի՝ Հովհաննես Շարամբեանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի մասնաճյուղի հիմնանորոգման աշխատանքների շարունակությունը, Սյունիքի Տեղ համայնքի Սուրբ Գեւորգ եկեղեցու վերականգնումն ու նորոգումը»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը:

Հավելեց, որ բացի նշած ծրագրերից՝ ի թիվս այլնի, կառավարության որոշմամբ վերջերս գումար է հատկացվել Պանթեոնից Շուշանիկ Կուրղինյանի գողացված կիսանդրին վերականգնելու ու Կոտայքի մարզի Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հյուսիսային ավանդատան արտաքին պատի վերականգնման աշխատանքների համար:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետն ընդգծեց. «Նախորդ տարի ունեինք հուշարձանների վերականգնմանը հատկացված մոտ 200 միլիոն դրամ, մոտ 100 միլիոն էլ՝ պեղումներր եւ նախագծերի համար: Նախորդ տարվա հատկացումները մոտ 300 մլն դրամի էին հասնում:

Այս տարվա ծրագրերի մեջ չնշեցի, որ մոտ 30 մլն հատկացում կա նաեւ Պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության «Զվարթնոց» մասնաճյուղի թանգարանի տանիքի հիմնանորոգման աշխատանքների համար, որը մի քանի տարի առաջ վնասվել էր ուժեղ քամու պատճառով: Նշված թվերից երեւում է, որ հատկացած գումարները զգալիորեն ավելանում են յուրաքանչյուր տարի»:

Հարություն Վանյանի խոսքով, առաջիկա ծրագրերը եւս ներառելու դեպքում՝ 1 մլրդ դրամին կմոտենան այս տարվա հատկացումները, որը, նրա ձեւակերպմամբ, ոլորտի համար բացառիկ ցուցանիշ է, եւ երբեք այդքան գումար չի տրամադրվել հուշարձանների վերականգնմանը:

Ինչ վերաբերվում է հուշարձանների ընտրությանը, այս մասին էլ նշեց. «Բոլոր ընտրված վերականգնվող հուշարձանները հրատապ վերականգնման կարիք ունեն: Մեր գործընկերների կազմած ցանկերով ու մշտադիտարկումների արդյունքում են առանձնացվում հրատապ միջամտության եւ հրատապ վերականգման ենթակա հուշարձանները: 2022թ տվյալներով, դրանք 550-ից ավելի են եւ բոլորն այս ցանկից են ընտրվում: Մյուս չափանիշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձաններին հատուկ ուշադրություն դարձնելն է, ինչպես օրինակ, Սանահինի պարագայում: Հաջորդ չափանիշն էլ կիսատ մնացած ծրագրերի շարունակությունն է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930