«Հնարավորություն կա՞ ազդելու սերիալներում թմրանյութերի թաքնված գովազն արգելելու վրա։ Ի՞նչ կարելի է անել այդ ուղղությամբ»,-ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2022թ․-ի գործունեության մասին տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Տիգրան Հակոբյանն արձագանքեց․ «Եթե նման բան տեսնում եք, տեղյակ պահեք։ Ես չգիտեմ նման բան կա՞, թե ոչ։ Չեմ նկատել։ Գուցե կա»։
Ապա Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց, թե ի վերջո ինչպե՞ս պայքարել բռնության, ատելության խոսքի դեմ, որը հատկապես տարածվում է համացանցային տարբեր ալիքների միջոցով, հանրությանը հասցնում կեղծ տեղեկատվություն։
Տիգրան Հակոբյանը պատասխանեց․ «Շատ դժվար է պայքարել եթերում բռնության կոչերի, ատելության խոսքի, բացասական բովանդակության հետ, եթե նույնը կատարվում է ԱԺ-ում՝ ուղիղ հեռարձակման ժամանակ։ Ես իրավունք չունեմ ձեզ կոչ անելու, բայց եթե ուզում եք այդ ամենը եթերում նվազի, նաեւ ձեր լեքսիկոնին պետք է հետեւեք եւ այստեղ լեզվակռիվների ժամանակ նման բառամթերք թույլ չտաք։ Կներեք անկեղծության համար»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ