«Որքանո՞վ է արդարացված, որ կուսակցությունն ունի սեփական հեռուստաընկերությունը, ռադիոն։ Դա ի՞նչ իմաստ ունի առհասարակ»,- ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2022թ․-ի գործունեության մասին տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։
Տիգրան Հակոբյանն արձագանքեց, որ որոշ երկրներում կուսակցություններին ու քաղաքական ուժերին թույլատրվում է ունենալ հեռարձակող կազմակերպություններ, իսկ որոշ երկրներում արգելված է․ «Երկու դեպքում էլ կան բացատրություններ, դրական ու բացասական կողմեր։ Գերմանիայում, օրինակ, թույլատրված է հեռուստաալիքներ ունենալը։ Ժամանակին ակնհայտ դարձավ դրա ոչ արդյունավետությունը, եւ նման ալիքները պակասեցին, որովհետեւ յուրային ալիքների հանդեպ ավելի կոշտ կարգավորումներ են գործում։ Էկրանին անընդհատ գրվում է, որ ալիքը պատկանում է այս կամ այն կուսակցությանը, իսկ դա նվազեցնում է քարոզչությունը»։
Տիգրան Հակոբյանի խոսքով՝ եթե ազնիվ լինենք, ապա մեզանում եւս կարելի է նմանօրինակ փոփոխություն անել․ «Այն կուսակցությունները, որոնք այսպես թե այնպես ստվերային կարգով վերահսկում են հեռուստաընկերություններ, թող դա բացեիբաց անեն։ Դա ավելի ազնիվ կլինի, քան ստվերային ղեկավարումն ու կադրային վերահսկողությունը։ Մենք պատրաստ ենք աշխատել եւ համագործակցել ցանկացած մոդելի պարագայում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ