«Հանձնաժողովի վերահսկողության ներքո գտնվող լրատվամիջոցները նախորդ տարի գործել են ազատ՝ առանց իշխանությունների միջամտության։ Կարծիքների արտահայտման իրավունքը սահմանափակելու մասին էական նշանակության բողոքներ չենք ստացել»,-ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2022թ․-ի գործունեության մասին տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։
Նա նշեց, որ մի քանի հեռարձակողներ հանձնաժողովի ուշադրությունն են հրավիրել խորհրդարանի որոշ պատգամավորների խտրական, անհարգալից վերաբերմունքի դրսեւորումների վրա այս կամ այն ԶԼՄ-ի կամ լրագրողի հանդեպ․ «Հիշեցնում եմ, որ լրագրողի աշխատանքն ունի հանրային նշանակություն, ուստի բոլոր մարմինները եւ պաշտոնյաները պետք է առաջնահերթ առաջնորդվեն լրագրողների բարեխղճության կանխավարկածով։ Ես հասկանում եմ, որ շատ ժամանակ բարդ է կոռեկտությունը պահել՝ հաշվի առնելով շատ ժամանակ լրագրողների սադրիչ պահվածքը, բայց կոռեկտությունը պարտադիր է բոլոր պաշտոնյաների համար»։
ՀՌՀ նախագահը նաեւ նշեց՝ այնպես չէ, որ հեռարձակող ԶԼՄ-ների դաշտն ազատ է եւ անկախ ու սպասարկում է հանրային շահը․ «Ոլորտի վրա բացասաբար են ազդում մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններ։ Դրանք սահմանափակում են խմբագրական անկախությունը, նպաստում քարոզչական բաղադրիչի ավելացմանը։ Նկատելի են նաեւ դրական միտումներ։ Հանրային մուլտիպլեքսի հեռարձակողների հաղորդումներում նախորդ տարի զգալի նվազել են ատելության խոսքը, սպառնալիքները, վիրավորանքը»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ