«Երբ որ խոսում ենք Տեղ գյուղի ողբերգության մասին, սրա սկզբնակետը փաստացի այն հանգամանքն է, որ ապրիլի 1-ին ունենալով համապատասխան քաղաքական որոշում լոկացիայի փոփոխության եւ նոր բնագծերի ձեւավորման առումով՝ ՀՀ իշխանությունները անհրաժեշտ գործողությունները եւ միջոցառումները չեն իրականացրել, ինչի հետեւանքով Ադրբեջանը ոչ միայն մեկնարկում ստացել է առավելություններ, համապատասխան դիրքավորում է իրականացրել Տեղ, Կոռնիձոր ուղղությամբ, այնպես էլ ստեղծել է այնպիսի իրավիճակ, որի պայմաններում մեր դիրքերն ունեցել են ոչ շահեկան իրավիճակ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նա ընդգծեց, որ իշխանության հանցավոր անգործություն է եղել, զինված ուժերի թույլատրված բեռը ծանրացել է. «ԶՈՒ-ն ունենում է ծանր պայմաններ՝ սկսած մարտական հերթապահությունից, մինչեւ մարտական խնդրի լուծում»:
Ինչպես հայտնի է, երեկ ՀՀ նախագահի հրամանագրով պաշտոնից ազատվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանը: Անդրադառնալով դրան՝ Տիգրան Աբրահամյանն ասաց, որ որեւէ մեկը տեղյակ չէ՝ ծառայողական քննություն անցկացվե՞լ է, ինչի՞ հետեւանքով է ազատվել տվյալ զինվորականը. «Նիկոլ Փաշինյանը երեկ ասում էր՝ մենք, ըստ էության, նախատեսել էինք, որ Ադրբեջանը կարող է այդպիսի քայլերի գնալ, բայց ինչ-որ օղակում խնդիրը չի լուծվել եւ բերել է այսպիսի ծանր հետեւանքների: Գիտեք, երբ որ քաղաքական որոշումներ են լինում, այդ որոշումները պետք է վերահսկվեն ու ապահովվեն դրանց իրագործումը: Բարդել ողջ իրավիճակը զինված ուժերի, սահմանապահ զորքերի վրա, մի կողմ քաշվել, ասել՝ խնդիրը այս կամ այն զինվորականն է, պաշտոնից ազատեցինք՝ դրանով որեւէ խնդիր չի լուծվում: Իշխանությունը, որտեղ առաջնային պատասխանատվություն ունի, այդ պատասխանատվությունը իրենից հեռու է տանում»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Փաշինյանի կասկածներին, որ զինվորականներ կան, դրսից են հնարավոր է կառավարվում ու հնարավոր է գործակալներ են՝ Տիգրան Աբրահամյանն ասաց, որ դա վերաբերում է 44-օրյա պատերազմին «Եղնիկների» ուղղությամբ տեղակայված զորամասի աջ հատվածում գտնվող ռազմավարական բարձունքին. «Այդ գործով որեւէ որոշում չկա, դատական որոշումների բացակայության պարագայում անվանարկել, պիտակավորել, որեւէ մեկին ի սկզբանե դավաճան համարել՝ ունի 2 նպատակ: Առաջինը՝ պատասխանատվությունը բարդել զինվորականների վրա, երկրորդը՝ ուղղորդել դատական համակարգը քաղաքական հայտարարությունների հիման վրա որոշում կայացնելու»:
Ըստ նրա, պատերազմական դրվագներում կարող են լինել բազմաթիվ խնդիրներ՝ սկսած ծառայությունը ոչ պատշաճ իրականացնելուց, բայց վերցնել մեկ-երկու տասնյակ մարդու առերեւույթ հանցագործությունները եւ զինված ուժերը վերածել թիրախի,մ բնականաբար, ընդունելի չէ. «Ավելի մեծ հարված բանակին, մարտունակությունը, ես չեմ պատկերացնում պարզապես»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ