Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատեց Արզումանյան 10 եւ 17 հասցեների 4-րդ կարգի վթարային շենքերի վերակառուցման ծրագիրը։
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի ներկայացմամբ՝ ծրագրով Երեւան քաղաքը դառնում է միջնորդ կառուցապատողի եւ բնակչի միջեւ։
Ծրագրով նախատեսվում է, որ բնակիչներն իրենց բնակարաններն օտարելու են տեղում կառուցապատում իրականացնող ընկերությանը։
«Օտարումից հետո Երեւան քաղաքը շենքերը հանձնելու է կառուցապատողին, որը 30 ամսվա ընթացքում քանդելու է շենքերը, նոր շենքեր է կառուցելու՝ ավելի բարձրահարկ։ Կառուցապատողը պարտավորվել է համապատասխան բնակարանները համապատասխան հարկերի տրամադրել հետ Երեւան քաղաքին, քաղաքն էլ վեց ամսում հանձնի բնակիչներին։ Որեւէ խնդրի պարագայում նախատեսված են տույժեր կադաստրային գնի եռապատիկի չափով։ Ծրագրի երաշխավորը Երևան քաղաքն է»,-ասաց Ավինյանը։
Կարդացեք նաև
Մինչ նոր շենքի կառուցումը բնակիչները կբնակվեն վարձակալած բնակարաններում, որի դիմաց փոխհատուցում կստանան։
«Մարդիկ նոր շենքերում բնակարան են ստանում, կառուցապատողն էլ շենքում լրացուցիչ բնակարանները վաճառում է եւ իր ծախսերը դուրս է գալիս»,-հստակեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց՝ եթե այս ծրագիրը հաջողվի, այն կարելի է կիրառել նաեւ այլ վթարային շենքերի վերակառուցման դեպքում․ «Եթե այս մոդելը հաջողվի՝ վթարայինների հարցը կլուծվի»։
Փաշինյանն ասաց, որ մեր բնակֆոնդում ունենք շատ խորը եւ արմատական խնդիրներ․ «Որոնք վերջերս քննարկել ենք, այդ թվում՝ անվտանգության խորհրդի նիստում, եւ եկել ենք եզրակացության, որ մենք մեր բնակֆոնդը ամբողջությամբ առաջիկա 20-25 տարվա ընթացքում պետք է թարմացնենք։ Դրա համար պետք է ձեւեր գտնենք։ Սա ազգային անվտանգության խնդիր է, որը պետք է անպայման լուծենք»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ