«ՀՀ խոշոր հարկատուների ցանկում կան 20 ընկերություններ IT ոլորտից, որոնք նախորդ տարի են բացվել ՀՀ-ում։ Դրանք, օրինակ, 106-րդ, 168-րդ, 170-րդ խոշոր հարկատուներն են։ Այս ընկերությունները ՀՀ են եկել այն պատճառով, որ ՀՀ-ում բիզնես միջավայրն անհամեմատ ավելի լավն է, քան տարածաշրջանի այլ երկրներում»,-ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցադրմանը։
Թեման շարունակեց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը․ «Ես չհասկացա, այդ 20 կազմակերպություններից ո՞ր մեկն է իր սեփական արտադրանքը վաճառել, որ հարկ է առաջացել։ Թե՞ բոլորը եկամտահարկ վճարող են»։
Վահան Քերոբյանը պատասխանեց, որ արտադրանքի վաճառքով զբաղվում են այդ ընկերությունների մայր ընկերությունները․ «Այս դեպքում վստահ եմ, որ խոսքը միայն եկամտահարկի մասին է։ Քանի որ այդ ընկերությունները միայն եկամտահարկ վճարելով հայտնվել են հազար խոշոր հարկատուների ցանկում, ուրեմն հարյուրից ավելի աշխատակիցներ ունեն»։
Վահան Քերոբյանն ԱԺ նիստում այսօր զեկուցում էր «Հավատարմագրման մասին ՀՀ օրենքում» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով կառավարությունը մտադիր է էապես բարեփոխել ենթակառուցվածքների համակարգը։
Կարդացեք նաև
«Արդյունքում ՀՀ-ի հավատարմագրման ազգային մարմինը կդառնա ԵՄ հավատարմագրման մարմինների ասոցիացիայի անդամ։ Պարզ ասած՝ սա թույլ կտա, որ ՀՀ-ում հավատարմագրված մարմինների՝ լաբորատորիաների եւ նման կազմակերպությունների տված համապատասխանության փաստաթղթերն ընդունվեն ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի կողմից»,-նշեց Վահան Քերոբյանը։
Նա ասաց, որ այսօր ՀՀ-ում գործում են համապատասխանության գնահատման 70 մարմիններ, եւ նրանց աշխատանքը կհամապատասխանեցվի միջազգային չափանիշներին։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ