ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլլի Ադեյեմոն հանդիպել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի տնտեսական վերջին զարգացումները։ Ադեյեմոն ընդգծել է Միացյալ Նահանգների ջանքերը՝ կանխելու ԱՄՆ սահմանած պատժամիջոցների և Ռուսաստանի նկատմամբ կիրառվող արտահանման սահմանափակումները շրջանցումը: Նա նաև հաստատել է ԱՄՆ հանձնառությունը Հայաստանի հետ շարունակական համագործակցությանը։
Հիշեցնենք, 2022թ. ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր սահմանել մի շարք Ռուսաստանի հետ փոխկապակցված ընկերությունների, այդ թվում մեկ հայաստանյան՝ «ՏԱԿՈ» ՍՊԸ-ի նկատմամբ:
Ներդրվող սահմանափակումների արդյունքում մատակարարները չեն կարողանա ամերիկյան ապրանքներ ուղարկել ԱՄՆ առևտրի նախարարության պատժամիջոցների տակ գտնվող իրավաբանական անձանց՝ առանց նախապես հատուկ լիցենզիա ստանալու։ Միաժամանակ, լիցենզիայի հայտերը քննարկելիս կգործի «մերժման կանխավարկած», այսինքն՝ ամենայն հավանականությամբ, նման դիմումները կմերժվեն։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ