ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների մտահոգություններին, որ «Ռոսսելխոզնադզորն» ապրիլի 5-ից դադարեցրել է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը եւ մեր արտադրողներին լուրջ խնդրի առաջ կանգնեցրել՝ ասել էր, որ պետք չէ իրավիճակը դրամատիզացնել, քանի որ գյուղատնտեսության ոլորտում կաթնամթերքի արտադրությունը դեպի ԵՏՄ միայն մեկ տոկոս է կազմում։ «Հայաստան» խմբակցությունից Թադեւոս Ավետիսյանին այդ մոտեցումը դուր չեկավ․ նա ասաց, որ այդ մեկ տոկոսներով է ձեւավորվում 100%-ը։
Թադեւոս Ավետիսյանը հարցրեց․ «Խնդիրը լուրջ է։ Երկար բանակցում եք, բայց արդյունք չկա։ Ո՞ւր եք հասել։ Որեւէ մեկը չի ուզում խնդիրն ավել կամ պակաս արժեւորել, բայց դուք եք ոլորտի պատասխանատուն։ Պետք էր կանխարգելել, որպեսզի տնտեսվարողները չհասնեին սահման ու պարզեին, որ ապրանքը չեն կարող արտահանել»։
Վահան Քերոբյանը պատասխանեց․ «Նախ, «Ռոսսելխոզնադզորի» որոշումն այնպես չէ, որ նույն պահին է արվել։ Այն հրապարակվել է մարտի վերջին, ու գործարկվել ապրիլի 5-ից։ Այսինքն, այն ապրանքները, որոնք ճանապարհին են եղել, տեղ հասել են, ուստի ձեր անհանգստությունը տեղին չէ։ Մենք քննարկում ենք հարցն առանց իրավական ճանապարհի լուծելու հնարավորությունը։ 60 օրում կարող ենք հասնել նրան, որ եվրասիական տնտեսական հանձնաժողովը ցուցում տա վերացնելու խոչընդոտը։ Բայց մենք կարծում ենք, որ քննարկումներով ավելի արագ կարող ենք հասնել խնդրի լուծմանը»։
ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն էլ կարծիք հայտնեց, որ կաթնամթերք ՀՀ ավելի շատ ներկրվում է, քան արտահանվում․ «Այդ թվում կաթի փոշի, որը մեծ ծավալներով գալիս է ՌԴ-ից, նաեւ Ուկրաինայից։ Խնդիրը հեշտ լուծելի է, դժվարությունները մեծ չեն, բայց վստահ եմ, որ նախարարությունն արագ կկարգավորի։ Ուստի սա տնտեսության համար լուրջ խնդիր դարձնել պետք չէ»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ