Լրահոս
Օրվա լրահոսը

Լեմկինի ինստիտուտը կոչ է անում միջազգային հանրությանը ստիպել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը

Ապրիլ 13,2023 11:44

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը վրդովված է 2023թ. փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի (ICJ)՝ ժամանակավոր միջոցների վերաբերյալ պարտավորեցնող որոշման նկատմամբ Ադրբեջանի աղաղակող արհամարհալից վերաբերմունքից. որոշումը պարտավորեցնում էր Ադրբեջանին ապահովել ապրանքների և մարդկանց ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով: Այս մասին ասվում է Լեմկինի ինստիտուտի տարածած հայտարարության մեջ:

Դրանում նշվում է, որ Ադրբեջանը չի կատարել Դատարանի որոշումը, չնայած այն հանգամանքին, որ ընդունել է Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ 2021թ. գործով (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի) ՄՔԴ իրավասությունը և 1996թ. ի վեր հանդիսանում է Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի կողմ:

«Լեմկինի ինստիտուտը նաև հավասարապես մտահոգված է, որ միջազգային հանրությունը չի կարողանում աջակցություն ցուցաբերել կենսունակ մեխանիզմներով ՄՔԴ-ի որոշումները պարտադրելու հարցում: Միջազգային իրավունքի կամավոր բնույթն այն դարձնում է անկարողունակ, երբ որևէ պետություն որոշում է չկատարել միջազգային տրիբունալների որոշումները: Լեմկինի ինստիտուտը խստորեն հանդես է գալիս այդ որոշումների իրականացման համար ավելի ուժգին մեխանիզմներ գործարկելու օգտին և կարծում է, որ դա բխում է բոլոր պետությունների շահերից»,- ասվում է հայտարարության մեջ:

Ինստիտուտում կարծում են, որ միջազգային հանրությունը շատ քիչ ջանքեր է գործադրվել՝ ստիպելու Ադրբեջանին ՄՔԴ որոշումից հետո մեկ ամսվա ընթացքում վերացնել շրջափակումը: «Ամենակարևոր հայտարարությունն արեց ՆԱՏՕ-ի նախորդ գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, որն իր անհանգստությունն արտահայտեց շարունակվող շրջափակման կապակցությամբ և նախազգուշացրեց «մարդասիրական աղետի» մասին, բայց այլ բան չառաջարկեց: ԵՄ միջազգային առաքելությունը, որը պատասխանատու է Լաչինի միջանցքի մոնիտորինգի համար… նույնպես մինչ այժմ ապացուցել է, որ ի վիճակի չէ արդյունավետ կերպով փոխել իրավիճակը, և հրապարակել է միայն հայտարարություններ, թե իրենք իրենց բացահայտումների մասին կզեկուցեն Բրյուսելին։ Հարավային Կովկասում ԵՄ բանագնաց Տոյվո Կլաարը շարունակում է իր ամոթալի ջանքերը՝ երկու կողմերին ուղղված կոչերով»,- ասվում է հայտարարության մեջ։

Լեմկինի ինստիտուտը միջազգային քաղաքականություն մշակողների ուշադրությունն է հրավիրել այլ գործերում այն հետևանքների վրա, որ կարող է ունենալ Ադրբեջանի կողմից միջազգային տրիբունալի որոշումը չկատարելը: «Ցանկացած պետություն, որը չի կատարում ՄՔԴ և որևէ այլ միջազգային դատարանի որոշումը…խարխլում և տապալում է միջազգային հանրության նպատակներն ու հիմնական սկզբունքները: Եթե Ադրբեջանը հաջողությամբ խուսափի ՄՔԴ հրամանները չկատարելուց, դա սարսափելի նախադեպ է ստեղծում և միջազգային մարմիններն անօգուտ է դարձնում հետագա գործընթացներում: Ավելին, Ադրբեջանի խախտումների անտեսումը միայն ավելի մեծ բռնություն է առաջացնում։ Միջազգային հանրությունը սպառնում է կործանել վստահությունը միջազգային կառույցների նկատմամբ, եթե շարունակի աչք փակել Ադրբեջանի՝ որոշումները չկատարելու վրա»,- ասվում է հայտարարության մեջ։

 

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930