Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն օրերս հաստատեց Politico պարբերականի այն հոդվածը, ըստ որի, ԵՄ-ն ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեության վերաբերյալ Ադրբեջանին տեղեկատվություն է փոխանցում: ԵՄ պաշտոնյան նշվածը բնական երևույթ էր որակել:
«Ռազմինֆո» կայքի վերլուծաբան Ռոբերտ Նազարյանի խոսքով՝ ԵՄ դիտորդների գործունեությունը գնահատելու համար նախ այն պետք է հասկանալի լինի: «Կա զինված կոնֆլիկտ կամ պատերազմ, բայց այդ առաքելության ներկայացուցիչները միջամտության որևէ մանդատ չունեն, ինչի մասին հայտարարված է անգամ առաքելության նպատակներում: Զուտ նայում են, թե ինչպես է Ադրբեջանը խախտում նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները: Ուղիղ իմաստով այս առաքելությունը մեզ ոչինչ չի տալիս: Իսկ եթե այս ամենին գումարում ենք նաև Տոյվո Կլաարի հայտարարությունը, ըստ որի, տեղեկությունը փոխանցում են Ադրբեջանին, այս համատեքստում էլ ի՞նչ կարելի է ակնկալել այդ առաքելությունից, ոչինչ: Իմ կարծիքով՝ սա քայլ առաջ է՝ ՌԴ-ին տարածաշրջանից հանելու իմաստով»,-ասաց Ռ. Նազարյանը:
Նա հավելեց. «Տեղեկության փոխանցման տեսանկյունից խնդիր, բնականաբար, կա: Իրենց փաստացի անգործությունը կամ գործունեությունը, որից մեր երկրի համար օգուտ չկա, ինքնին վտանգ է: «Տեղեկության փոխանցում» ասվածը նաև մի քիչ աղավաղված է: Այսինքն, գիտենք, որ ինչոր տեղեկություն են փոխանցում, բայց թե ինչ է, ինչ հաճախականությամբ կամ ինչ օպերատիվությամբ է փոխանցվում, տվյալներ չունենք: Այդուհանդերձ, ցանկացած դեպքում որևէ կառույցի կամ առաքելության կողմից Ադրբեջանին փոխանցվող տեղեկատվությունը, այդ արտահայտությունն ինքնին ռիսկային է»:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։