«Մի քանի օր է՝ ՀՀ-ի խոշոր ոլորտներից մեկը՝ կաթի արդյունաբերությունը լուրջ խնդրի առաջ է կանգնած եւ զրկված է ՌԴ արտահանման հնարավորությունից։ Միշտ բարձր թվեր եք ասում, գեղեցիկ ելույթներ ունենում, բայց մի քանի օր է՝ ՀՀ-ի արտահանվող կարեւոր ոլորտներից մեկը զրկված է ՌԴ-ի շուկա մտնելուց։ Ե՞րբ է հարցը լուծվելու։ Կասեք, որ խախտումներ են եղել, բայց հարցը ե՞րբ է լուծվելու»,-ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ «Ռոսսելխոզնադզորն» ապրիլի 5-ից դադարեցրել է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը։
Վահան Քերոբյանն արձագանքեց․ «Առաջնահերթ, մեր գնահատմամբ, սա ԵՏՄ առեւտրի խոչընդոտ է, եւ մենք հիմա հարցը քննարկում ենք գործընկերների հետ։ Այն կարգավորումները եւ արգելքը, որը դրվել է, հակասում է ԵՏՄ-ի ներսում առեւտրի կանոններին։ Բացի այդ, բանակցում ենք՝ հասկանալու համար, թե ինչ կարգավորումներով կկարողանանք հարցը լուծել՝ չդիտելով ԵՏՄ-ի ստանդարտ գործընթացներին։ Աշխատում ենք, բայց ժամկետ չեմ կարող ասել։
Գեղամ Մանուկյանը նշեց․ «Փաստորեն, ինչպես հաճախ է լինում կառավարության աշխատանքի դեպքում, էլի մեղավորը ռուսներն են։ Տարիներ առաջ այս դահլիճում, երբ կառավարությունն էլի գեղեցիկ թվերի մասին էր խոսում, մեր ընկեր Վահան Հովհաննիսյանը մի արտահայտություն արեց, որը մնաց քաղաքական հայտարարությունների անթոլոգիայում՝ եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այսքան վատ»։
Վահան Քերոբյանն արձագանքեց․ «Գյուղատնտեսության մեջ կաթի արտադրության ոլորտն ամենախոշորը չէ, ուստի պետք չէ իրավիճակը դրամատիզացնել։ Առաջարկում եմ վիճակագրական ծառայության թվերը համեմատել նախորդ 15 տարվա հետ եւ գտնել նման լավ թվեր»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ