Ադրբեջանական կողմը շարունակում է շրջանառել այն քարոզչական թեզը, թե հայկական կողմն օգտվում է ԵՄ դիտորդների ներկայությունից եւ ավելի կտրուկ է իր հայտարարությունների ու գործողությունների մեջ: Նախ, տրամաբանություն չկա ադրբեջանական այդ քարոզչական խայծի մեջ, առավել եւս այնտեղ դժվար է որեւէ հիմք նշմարել: Անհասկանալի է, թե ՀՀ ԶՈՒ-ի գործողությունները ինչպես պետք է պայմանավորվեին դիտորդական եւ փաստահավաք առաքելություն իրականացնող կառույցով: Բացի այդ, օրերս տեղեկատվություն տարածվեց, որ ԵՄ դիտորդական առաքելությունն իր տեղեկատվությամբ կիսվում է նաեւ ադրբեջանական կողմի հետ: Այս տեղեկատվությունը մոտ է իրականությանը, քանի որ հայ-ադրբեջանական սահմանի դիտարկումը վերաբերում է նաեւ այդ երկրին, եւ նույնիսկ անհրաժեշտ է, որ առաքելությունը կապ հաստատի նաեւ ադրբեջանական կողմի հետ: Հետեւաբար՝ ոչ մի ռացիոնալ հատիկ չկա պաշտոնական Բաքվից տարածվող այս թեզի մեջ, այն միայն ցույց է տալիս, որ այդ պետությունը դեմ է որեւէ խաղաղապահ դիտորդական առաքելության, քանի որ այդ դեպքում կաշկանդված է լինելու հերթական սադրանքը եւ ագրեսիան կազմակերպելու հարցում:
Տեղ գյուղի հարակից հատվածում գրանցված միջադեպն ավելորդ անգամ փաստում է, որ մինչեւ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի ավարտը այնտեղ պետք է գործեն անվտանգության լրացուցիչ՝ միջազգային մեխանիզմներ, ընդհուպ չեզոք՝ ապառազմականացված գոտի ձեւավորելը կամ խաղաղապահ ուժեր ներգրավելը: Փորձը ցույց է տալիս, որ սխալ է հավատալը ադրբեջանական կողմի՝ սադրանքների չդիմելու պնդումներին, առավել եւս, երբ նրա գործողությունները հակասում են նման հայտարարություններին եւ ձեռք բերված գրավոր պայմանավորվածություններին:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: