Ապրիլի 11-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Միասին» հասարակական շարժման հանրահավաքը։ Նախաձեռնողները հասարակական, քաղաքական գործիչներ էին՝ Արամ Գասպարի Սարգսյանը, Հրանտ Բագրատյանը, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը, Սերժ Սրապիոնյանը եւ ուրիշներ։ Հարթակից ելույթ ունեցան ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, Հրանտ Բագրատյանը, Խոսրով Հարությունյանը, Էդգար Ղազարյանը, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներ Վաչագան Մանուկյանի հայրը՝ գրող Խաչիկ Մանուկյանը, Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, եւ այլք։
Հանրահավաքը մարդաշատ չէր՝ հավանաբար, մի 500 հոգի էր ներկա։ Եվ դա արձանագրում էին նաեւ հանրահավաքի մասնակիցները, մինչդեռ այդ պահին Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում մարտեր էին ընթանում, եւ հայտնի էր, որ հայկական կողմից 3 զոհ կա (ավելի ուշ հաղորդվեց, որ զոհերի քանակը 4-ն է, վիրավորներինը՝ 6-ը)։ Մենք զրուցել ենք 44-օրյա պատերազմի հերոսներից մեկի՝ Հայկ Մելիքյանի մոր՝ Նաիրա Մելիքյանի հետ։
– Խորհրդարանական ընդդիմությունը տեւական ժամանակ է՝ հանրահավաքներ չի հրավիրում, իսկ «Միասին» շարժումը մի անգամ՝ ապրիլի 4-ին, երկրորդ անգամ՝ ապրիլի 11-ին հանրահավաք հրավիրեց, սակայն մասնակիցները, ի տարբերություն ընդդիմության հանրահավաքների, շատ չէին։ Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է պայմանավորված այսքան պասիվ մասնակցությունը։
– Պայմանավորված է նրանով, որ դաշտը շարունակում է պառակտված մնալ, մարդիկ չեն վստահում որեւէ մեկին, քանի որ դաշտն այնպես են այլանդակել․․․ բայց կարծում եմ՝ երկրորդ հանրահավաքի համար վատ չէր մարդկանց մասնակցության թիվը, այնպես չէ, որ շատ քիչ էր։
Կարդացեք նաև
– Զոհվածների ծնողների վերաբերյալ հանրահավաքի պահին քննադատություններ եղան, թե ծնողները քաղաքական ամբիցիաներ ունեն, փորձում են մտնել քաղաքականություն կամ քաղաքական խնդիրներ լուծել։
– Այո, ունեմ քաղաքական ամբիցիա, որովհետեւ որպեսզի իրականանա արդարադատությունը, եւ երեխայիս մորթողները պատժվեն, սրանք պիտի հեռանան։ Այո, այդ մասով ունեմ ամբիցիա, եւ թե ինչ են վայրահաչում, ես իրենց ընդամենը կասեմ՝ տարոսը ձեզ, դուք հլը էդ ձեւով կորցրեք ձեր մինուճար երեխուն, մարմնին մի արժանացեք, հլը տեսնեմ՝ հետո ամբիցիա չե՞ք ունենա։ Այո, ունեմ ամբիցիա, եւ իմ ամբիցիան այն է, որ էս վիժվածքները հեռացվեն ու պատժի ենթարկվեն։
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: