Ի դեպ, ո՞ւր մնացին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները նույն Տեղ գյուղին անմիջապես հարող հատվածի վերաբերյալ, թե դիրքային փոփոխություններ չեն եղել, թե պարզապես բանակային ստորաբաժանումներին նույն դիրքերում փոխարինելու են սահմանապահները: Ի՞նչ դիրքեր, ի՞նչ նույն դիրքեր, եթե Հայաստանի բանակային ստորաբաժանումը նոր-նոր դիրքավորվում էր Տեղ գյուղի կոնկրետ այդ հատվածում:
Է՛լ ավելին. Նիկոլ Փաշինյանը, իրեն ենթակա ԱԱԾ-ն, առաջին շարքի փաշինյանականները ևս, նախորդ օրերին անդրադառնալով Տեղ-Կոռնիձոր հատվածում ստեղծված իրավիճակին, շարունակ հենց այն էին ասում, թե ընդամենը քարտեզների տարընթերցումներ են եղել, թե ինտենսիվ աշխատում են ադրբեջանական կողմի հետ և կա… «էական բարելավում»:
Հետագա դեպքերն ու փաստերն արդեն հուշում էին, որ նրանք «էական բարելավում» ասելով՝ նկատի ունեն ոչ թե թշնամու հետ քաշվելը, այլ… թշնամու հետ քննարկումները, որոնց ընթացքում նրանք երևի համաձայնել են, որ ոչ թե 300 մետր են ավել առաջ եկել, այլ, ասենք, 192 մետր:
Թե ո՛րն է կամ քանի գրոշ արժե Նիկոլ Փաշինյանի ասած «էական բարելավումը», թե ինչ դաժան ու ծանր գին է վճարում ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի դավանած «խաղաղության օրակարգի» համար, երևաց ապրիլի 11-ին: Դժբախտացավ ևս 4 հայոց օջախ: Ընդհատվեց ևս 4 հայ երիտասարդի կյանք: Արդեն որերո՞րդը՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության ընթացքում և նրա իշխանության վարած քաղաքականության հետևանքով զոհված, վիրավորված, անհայտ կորած հազարավորների շարքում:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանի «խաղաղության օրակարգը» մահվան, կորուստների, շարունակական աղետների՛ մասին է: Դա «խաղաղության օրակարգ» չէ՛, այլ ամենաիսկական արնածոր սողա՛նք՝ «սողացող պատերազմ»: Ու քանի դեռ իշխանության ղեկին է Նիկոլ Փաշինյանը, այս ամենը վերջ չի ունենալու: Ու քանի դեռ իշխանության է Նիկոլ Փաշինյանը, Հայաստանը գլորվելու է դեպի վերջացում, սպառում, կործանում: Դա՛ է ցույց տալիս դեպքերի ընթացքը:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում