Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են մարդիկ մտածում կոֆեինի մասին, և արդյո՞ք նրանք ճիշտ են

Ապրիլ 13,2023 09:45

«Եթե սուրճ չլիներ, ապա հնարավոր չէր լինի գրելը, այսինքն հնարավոր չէր լինի նաև ապրել». մի անգամ ասել է ֆրանսիացի հայտնի գրող Օնորե դը Բալզակը, որը, ասում են, օրական մինչև 50 բաժակ սուրճ էր խմում: Սուրճի հանդեպ պակաս հետաքրքիր մոտեցում չուներ Լյուդվիգ վան Բեթհովենը, որն ամեն առավոտ 60 սուրճի հատիկ էր հաշվում և դրանցով պատրաստում սուրճի իր իդեալական տարբերակը։

Ճիշտն ասած՝ ես հասկանում եմ երկուսին էլ, և որպես մարդ, որն առավոտյան որևէ բառ ասելուց առաջ շտապում է սուրճ պատրաստել, փնտրում եմ հնարավոր բոլոր տեղեկությունները, որոնք հավաստիացնում են, որ սուրճը ոչ մի կերպ չի խաթարում առողջ ապրելակերպի վերաբերյալ իմ  պատկերացումները։ Եվ, կարծես թե, ստացվում է։

Այսօր փորձենք ի մի բերել սուրճի կարևորագույն բաղադրամասի՝ կոֆեինի հետ կապված առավել տարածված հարցերն ու «առասպելները», սակայն մինչ այդ, նշենք, որ թեև որպես կոֆեինի հիմնական աղբյուր ավելի շատ հայտնի են սուրճն ու թեյը, սակայն կոլայի ընկույզներն ու կակաոյի ունդերը նույնպես հարուստ են կոֆեինով։ Այն նաև որոշ ցավազրկողների, հարբուխի համար նախատեսված դեղամիջոցների ու նիհարեցնող հաբերի կազմում կարող է լինել։ Կոֆեինն ինքնին թեթև ցավազրկող ազդեցություն ունի ու մեծացնում է այլ ցավազրկողների արդյունավետությունը։ 

Եվ այսպես, ի՞նչ են մարդիկ մտածում կոֆեինի մասին, և արդյո՞ք նրանք ճիշտ են։

Կոֆեինը կախվածությո՞ւն է առաջացնում

Այստեղ ճշմարտության հատիկ կա, սակայն կախված է նրանից, թե ինչ ի նկատի ունենք  «առաջացնում է կախվածություն» ասելով։ Կոֆեինը խթանում է կենտրոնական նյարդային համակարգը, և կոֆեինի կանոնավոր օգտագործումը թեթև կախվածություն կարող է ձևավորել։ Սակայն կոֆեինն այնպես չի ազդում մարդու ֆիզիկական առողջության և սոցիալ-տնտեսական վիճակի վրա, ինչպես, օրինակ, թմրանյութերը։ 

Եթե մարդը, որը կանոնավոր կերպով օրական երկու բաժակ և ավելի սուրճ է օգտագործում, կտրուկ դադարեցնի կոֆեինի օգտագործումը, մեկ օր և միգուցե ավելի երկար իր մոտ կնկատի կոֆեինից հրաժարման մի շարք ախտանշաններ՝

  • գլխացավ,
  • հոգնածություն,
  • անհանգստություն,
  • դյուրագրգիռություն,
  • ուշադրության կենտրոնացման հետ կապված դժվարություններ,
  • տրամադրության փոփոխություն և այլն։

Անկասկած կոֆեինից հրաժարվելը մի քանի օր անհանգստություն կպատճառի, սակայն դա այնքան դժվար չի լինի, որքան վնասակար սովորությունների դեպքում է։ Ահա թե ինչու մասնագետները կոֆեինից կախվածությունն իրականում «մոլուցք» չեն համարում։

Կոֆեինն անքնությո՞ւն է առաջանում

Օրգանիզմն արագ յուրացնում է կոֆեինը, բայց և արագ էլ ազատվում է դրանից։ Հիմնականում մշակվելով լյարդի միջոցով՝ կոֆեինի որոշ քանակություն մնում է օրգանիզմում մի քանի ժամ, և մարդկանց մեծամասնությանը օրվա առաջին կեսին ըմպած մեկ կամ երկու բաժակ սուրճը չի խանգարում գիշերը քնելուն։

Սակայն կոֆեինի օգտագործումն օրվա ավարտին իսկապես կարող է քնի խանգարման պատճառ դառնալ, թեև դա կախված է մարդու՝  կոֆեինի նկատմամբ զգայունակությունից, նրա նյութափոխանակության առանձնահատկություններից և կոֆեինի այն քանակից, որը կանոնավոր օգտագործվում է նրա կողմից։

Ավելի զգայուն մարդիկ կարող են ոչ միայն անքնություն ունենալ, այլև կողմնակի այլ ազդեցություններ էլ նկատել՝ դյուրագրգիռություն, աղեստամոքսային համակարգի խանգարումներ և այլն։

Կոֆեինը մեծացնո՞ւմ է օստեոպորոզի, սիրտ-անոթային հիվանդությունների և քաղցկեղի զարգացման վտանգը

Կոֆեինի չափավոր օգտագործումը (օրական մոտ 300 միլիգրամ կամ 3 բաժակ սուրճ) մեծահասակաների համար վտանգ չի ներկայացնում։ Սակայն որոշ մարդիկ ավելի խոցելի են կոֆեինի ազդեցության նկատմամբ։ Ռիսկի խմբում են, օրինակ, տարեց մարդիկ ու զարկերակային բարձր ճնշում ունեցողները։

Օստեոպորոզն ու կոֆեինը․ Բարձր չափաբաժիններով (օրական 744 միլիգրամից ավելի) կոֆեինը կարող է նպաստել կալցիումի և մագնեզիումի կորստին։ Բայց վերջերս կատարված հետազոտությունը ցույց է տալիս, որ դա չի մեծացնում ոսկրային զանգվածի կորստի վտանգը, հատկապես եթե ստանում եք կալցիումի բավարար քանակություն։ Իսկ կալցիումի կորուստը կարելի է փոխհատուցել 1 բաժակ սուրճին երկու ճաշի գդալ կաթ ավելացնելով։ Սակայն միևնույն ժամանակ հետազոտությունը ցույց է տվել կոֆեինի չարաշահումը տարեց մարդկանց շրջանում կարող է մեծացնել կոտրվածքների վտանգը։

Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններն ու կոֆեինը․ Սրտի ռիթմի ժամանակավոր արագացումն ու զարկերակային ճնշման բարձրացումը հատկանշական է այն մարդկանց համար, որոնք զգայուն են կոֆեինի նկատմամբ։ Սակայն մի շարք խոշոր հետազոտություններ չեն կապում կոֆեինը խոլեսթերինի բարձր մակարդակի, սրտի անկանոն ռիթմի կամ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման վտանգի հետ։

Քաղցկեղն ու կոֆեինը․ 20000 մարդու մասնակցությամբ անցկացված 13 հետազոտությունների զեկույցում որևէ կապ չի նշվում քաղցկեղի զարգացման ռիսկի ու կոֆեինի օգտագործման միջև։ Իրականում կոֆեինը նաև հակաքաղցկեղային ազդեցություն ունի քաղցկեղի մի շարք տեսակների նկատմամբ։

Կոֆեինը վտանգավո՞ր է հղիություն պլանավորող կանանց համար

Շատ հետազոտություններ ոչ մի կապ չեն գտել կոֆեինի փոքր չափաբաժնի և հետևյալ խնդիրների միջև՝

  • բեղմնավորման հետ կապված խնդիրներ,
  • վիժում,
  • բնածին արատներ ,
  • վաղաժամ ծննդաբերություն։

Միաժամանակ հղիներին և հղիություն պլանավորող կանանց խորհուրդ է տրվում օրական օգտագործել 200 միլիգրամից քիչ սուրճ, այսինքն՝  մեկ մեծ բաժակ։ 

Կոֆեինը ջրազրկող ազդեցությո՞ւն ունի

Կոֆեինը միզամուղ ազդեցություն ունի, սակայն հեղուկը, որն օգտագործվում է կոֆեինի հետ, փոխհատուցում է ջրի այն քանակը, որը դուրս է գալիս օրգանիզմից։ Այնպես որ չափավոր օգտագործման դեպքում կոֆեինը ջրազրկում չի առաջացնում։

Կոֆեինը վնասո՞ւմ է երեխաներին

2004 թ․-ի դրությամբ, ըստ WebMD-ի, 6-9 տարեկան երեխաներն օրական օգտագործում էին մոտ 22 մգ կոֆեին, սակայն այժմ կոֆեինով հարուստ էներգետիկ ըմպելիքները գնալով ավելի տարածված են դառնում երեխաների շրջանում։ 

Որոշ երեխաներ զգայուն են կոֆեինի նկատմամբ, և նրանց մոտ կարող է ժամանակավոր դյուրագրգիռություն առաջանալ։ Դրանից բացի երեխաների կողմից օգտագործվող  կոֆեինի մեծ մասը պարունակվում է գազավորված ըմպելիքների, էներգետիկների կամ քաղցր թեյերի կազմում, որոնցում մեծ է շաքարի պարունակությունը։ Այդ ամենը մեծացնում է նաև ճարպակալման վտանգը։ 

Կոֆեինն օգնո՞ւմ է սթափվել 

Իրականում, ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, մարդիկ միայն կարծում են, որ կոֆեինն օգնում է սթափվել հարբածությունից։ Օրինակ՝ մարդիկ, որոնք կոֆեին են օգտագործում ալկոհոլի հետ, կարծելով, որ այդպիսով պահպանում են սթափությունը, նստելով մեքենայի ղեկին՝ հաճախ են ավտովթարի ենթարկվում։

Կոֆեինն օգտակա՞ր է առողջության համար

Կոֆեինն առողջության համար մի շարք ապացուցված առավելություններ ունի։ Ցանկացած մարդ, որը կանոնավոր կերպով սուրճ է խմում, կարող է հավաստիացնել, որ սուրճը բարելավում է զգոնությունը, կենտրոնացումը, մտքի պայծառությունը, էներգիան, հաղորդակցվելու ցանկությունը։ Գիտական հետազոտությունները հաստատում են այդ սուբյեկտիվ եզրահանգումները։ Ֆրանսիական մի հետազոտություն անգամ ցույց է տվել, որ կոֆեինը նպաստում է մտավոր գործառույթների պահպանմանը այն կանանց շրջանում, որոնք կոֆեին են օգտագործել։ 

Կոֆեինի օգտագործումն առավելություններ ունի նաև գլխացավի որոշ տեսակների դեպքում։ Կան նաև որոշ վարկածներ, որ կոֆեինն օգնում է նվազեցնել հետևյալ հիվանդությունների վտանգը՝ 

  • Պարկինսոնի հիվանդություն, թուլամտություն,
  • լյարդի հիվանդություններ,
  • կոլոռեկտալ քաղցկեղ,
  • 2-րդ տիպի դիաբետ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930