Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ ՀՀ վաստակավոր արտիստ, աշխարհահռչակ օպերային երգիչ, տենոր Լիպարիտ Ավետիսյանի բացառիկ մենահամերգը, որն արժանացավ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։
Երեկոն լցված էր հայ տենորի ձայնի բնական հնչեղությամբ եւ բարձրարվեստ կատարումներով։ Հանդիսատեսի չդադարող ծափողջույնները, ոգեւորություն ու երեկոյից ստացած մեծ բավականությունը փաստեցին Լիպարիտ Ավետիսյանի մենահամերգի անհրաժեշտության եւ սպասված լինելու մասին։
Համերգի ընթացքում հնչեցին տենորի համար գրված լավագույն արիաները, սիրված երգերն ու ռոմանսները, այդ թվում Գ. Դոնիցետտիի, Ջ. Վերդիի, Ժ. Մասնեի, Պ. Չայկովսկու, Ա. Հարությունյանի, Ա. Բաբաջանյանի, Զ. Դոլուխանովայի, Ֆ. Տոստիի, Է. Կուրտիսի, Ա. Լարայի ստեղծագործություններն ու ուկրաինական ժողովրդական երգեր։ Նվագակցում էր դաշնակահար Արմեն Աղաջանյանը, որը նաեւ տենորի կատարումներն ընդմիջում էր դաշնամուրային ստեղծագործություններով։
Լիպարիտ Ավետիսյանն ինչպես իր նախորդ ելույթների ժամանակ, այնպես էլ այս համերգին աչքի ընկավ բարձր վարպետությամբ, կատարումներին գրավչություն եւ թարմություն հաղորդելու յուրահատկությամբ, որն էլ իր հերթին բերում է լեզվամտածողության ինքնատիպության, քանի որ մատուցման եղանակը կատարողն ինքն է ընտրում։ Այս առումով Լիպարիտ Ավետիսյանի մենահամերգն անկրկնելի էր եւ կարելի է մեծ նվաճում համարել արդի երաժշտարվեստում։
Լիպարիտ Ավետիսյանը կարծես հանդիսատեսի համար բացահայտում է երաժշտության բովանդակային եւ արտահայտչական էությունը, երկխոսության մեջ մտնում հանդիսատեսի հոգու եւ մտքի հետ, ստեղծում հոգեպարար մթնոլորտ։ Սա ինքնին բարդ է, բայց հայ տենորին միանշանակ հաջողվում է։
Համերգի նախօրեին լրագրողների հետ ճեպազրույցում հայ տենորը խոսելով իր կյանքում այս կարեւոր իրադարձության մասին` նշեց, որ շատ է կարեւորում մենահամերգները, բայց եւ խոստովանեց` իր համար ավելի բարդ է, քան ներկայացումների ժամանակ։
«Ներկայացման ժամանակ խաղում ես մի կերպար, երեք ժամ ապրում ես այդ նույն կերպարի մեջ, փորձում ես վերապրել այդ կյանքը, բայց համերգի ժամանակ անընդհատ կերպարանափոխվում ես, ինչը բարդ է, քանի որ ոճային տարբերություններ են լինում՝ իտալական արիաներ, անմիջապես հետո Բաբաջանյան, ռուսական օպերայից հատվածներ։ Բայց այս ամենին զուգահեռ` շատ հետաքրքիր է»,- մանրամասնել է Լիպարիտ Ավետիսյանը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք նաեւ, որ վերջերս Բուենոս Այրեսի «Կոլոն» թատրոնում առաջնախաղով՝ Շառլ Գունոյի «Ֆաուստ» օպերայում Լիպարիտ Ավետիսյանը Ֆաուստի դերերգով է հանդես եկել։ 2022-23 թթ. թատերաշրջանում Լիպարիտ Ավտիսյանն արտերկրում հանդես է եկել «Semperoper Dresden»-ում, Մարիինյան թատրոնում (Ալֆրեդո, «Տրավիատա»), Թուլուզի «ThռՉtre du Capitole»-ում (Ռոդոլֆո, «Բոհեմ»), Մեծ թատրոնում (Կոմս Ալմավիվա, «Սեւիլյան սափրիչ»): Առաջիկայում հանդես կգա Գլայնդբորնի փառատոնում (Նեմորինո, «Սիրո ըմպելիք») եւ Թագավորական օպերային թատրոնում, Քովենթ Գարդեն (Ալֆրեդո, «Տրավիատա»):
Համոզված ենք` հայազգի տենորի հաղթարշավը երկար է շարունակվելու եւ ամենամեծ բեմերից ենք լսելու նրա անզուգական կատարումները, որովհետեւ Լիպարիտ Ավետիսյանն առաջնորդվում է արվեստի մեջ իր իսկ հաստատած չափանիշներով ու սկզբունքներով։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.04.2023