Լրահոս
Օրվա լրահոսը

Աղմկահարույց ձայնագրության գործով դատավորից կալանավորը պահանջում է ներողություն, հերքում, փոխհատուցում

Ապրիլ 13,2023 13:30

Երեւան քաղաքի դատավոր Ժաննա Ասատրյանի նախագահությամբ երեկ սկսվեց ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ կալանավոր Վահագն Աբգարյանն ընդդեմ դատավոր Արմեն Բեկթաշյանի գործով հայցի քննությունը:

Դատավորը տեղեկացրեց, որ պատասխանողը պատշաճ ծանուցվել է: Սակայն նիստին ներկա էր միայն հայցվորի ներկայացուցիչը: Մինչ հայցի քննությունն առանց պատասխանողի միջնորդությունը կբավարարեր, դատավորը թույլ տվեց նիստին ներկա երկու լրատվամիջոցներին կատարել մասնագիտական պարտականությունները, տեսանկարահանել, իհարկե, հրապարակավ, ստուգելով անձը հաստատող մեր փաստաթղթերը:

Հայցվորի ներկայացուցիչն այս գործով փաստաբանի արտոնագրից բացի, ներկայացրեց իր լիազորագիրը, որը տվել է Վահագն Աբգարյանը երեք տարով:

Այս գործը դեռ 2021թ. հուլիսի 12-ին էր մուտքագրվել Կենտրոնի դատարանի գրասենյակ, հայցվորի նախկին ներկայացուցչի՝ Վահագն Քեշիշյանի կողմից: Նախ այն մուտքագրվել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Քանաքեռ նստավայրի գրասենյակում մեկ օր հետո, դատավոր Արթուր Մկրտչյանին, ապա, երբ անցյալ տարվա օգոստոսի 24-ին դադարեցվում են դատավոր Մկրտչյանի լիազորությունները, գործը հանձնվում է դատավոր Ժաննա Ասատրյանին:

Աբգարյանի ներկայացուցիչ-փաստաբան Աննա Ծառուկյանը պահանջեց, որպեսզի զրպարտություն համարվող տեղեկությունները հերքի դատավոր Արմեն Բեկթաշյանը, պահանջեց երկու միլիոն դրամի չափով փոխհատուցում:

Հայցի հիմքում դրվել էր մի ձայնագրություն, որն ազատ տարածված է «Յութուբ»-ում՝ «Սկանդալային ձայնագրություն, Ռուբեն Վարդազարյանը փորձել է ճնշում գործադրել դատավոր Բեկթաշյանի նկատմամբ «Ալավերդցի Վահագնի» գործով» անվամբ: ԲԴԽ նախագահ եղած ժամանակ, ըստ այդ ձայնագրության, Վարդազարյանը զրուցում է քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի հետ:

Բեկթաշյանի կողմից մինչ օրս որեւէ քայլ չի կատարվել այդ ձայնագրության վերաբերյալ (այն հեղինակել է Media News-ը):

Աննա Ծառուկյանը դատարանին ներկայացրեց իր հայցը. «Արմեն Բեկթաշյանն իր վարույթում գտնվող գործի մասին է խոսում, արվում են արտահայտություններ, փաստացի, մինչ կհեռանար խորհրդակցական սենյակ … խոսում է կալանավորման հարցի վերաբերյալ՝ մեկ այլ վայրում տվյալ գործից»:

Ապա նա ներկայացրեց ձայնագրության բովանդակությունը, որը վերաբերելի էր Աբգարյանին. «Վահագնին թող դուրսը…ով ա ասել… ինչ եմ անելու, հլը ես չգիտեմ, խի թողնեմ…բա կսպանեն նրան՝ ներսը…ո՞վ է Աբգարյանը, Վարդազարյան,…ով է, այդ հանցագործի մասի՞ն ես մտածում….լավ, պետությանն է պետք, համակարգի համար է… դե, կսպանեն, թող սպանեն բերդերում, թող մի հատ հանցագործի սպանեն»:

Ըստ փաստաբանի, այդ արտահայտություններից մի քանիսը իր վստահորդի պատիվն ու արժանապատվությունն են արատավորել, քանի որ դրանք նաեւ պարունակում են զրպարտչական արտահայտություններ:

Փաստաբանը հղում կատարեց միջազգային փաստաթղթերին, Սահմանադրությանը, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային, քաղօրենսգրքին, «Զանգվածային լրատվամիջոցների մասին» 9-րդ կետի 1-ին հոդվածին…

Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական հանցագործություն կատարելու մեջ, համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքին համապատասխան», Կոնվենցիայի 6-րդ հոդվածին («Կասկածյալն իրավունք ունի հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունի, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, կանչելու ու հարցաքննելու միեւնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները) եւ մեջբերեց 10-րդ կետը՝ անձի անմեղության կանխավարկածին, ասելով, որ Բեկթաշյանը լրացուցիչ խախտել է իր պաշտպանյալի անմեղության կանխավարկածը, երբ նրա վերաբերյալ դատական ակտ չկա:

Հիշեցրեց ՀՀ Սահմանադրության գործող հոդվածը. «Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: (…)»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն` «1. Հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: Մինչդեռ, հայտնի ձայնագրության մեջ դատավորը որակում է տալիս «այդ հանցագործը» անվանելով Աբգարյանին:

Ա. Ծառուկյանը նշեց, որ ձայնագրությունից անցել է մեկ ամիս, այն այլեւս դարձել է փաստ, ինչի մասին տեղեկացված է կողմը՝ Բեկթաշյանը, ով անգործություն ցուցաբերեց, ու այդ պահից սկսած խախտվել են Վ. Աբգարյանի իրավունքները:

Ըստ հայցի, սա զրպարտություն է, որն իր մեջ ներառում է վիրավորանք, խոսքը վերաբերում է հերքմանը:

Ըստ Ա. Ծառուկյանի, պատասխանողը՝ դատավորը պետք է իմանար «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի» 14-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի` «Քրեական հանցագործության մեջ յուրաքանչյուր մեղադրվող իրավունք ունի համարվելու անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ օրենքով»:

Նա դատարանին առաջարկեց, որպեսզի դատարանը տա հնարավորություն, հստակեցնելու գրավոր հերքման պահանջը:

Դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 19-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. «Մեղադրանքը պաշտպանած դատախազը նշանակվել է նույն գործով դատավոր» հրապարակմամբ («Առավոտ», ապրիլի 1) տեղեկացրել էինք, որ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ դատավորը՝ Արմեն Պողոսյանը, Վահագն Աբգարյանի գործով պաշտպանել է մեղադրանքը, երբ եղել է դատախազի պաշտոնում: Երեկ Երեւանի քրեական դատարանում՝ Էրեբունի նստավայրում Վահագն Աբգարյանի հայցով նրա ներկայացուցիչը, մարզում ընթացող քրեական գործով պաշտպան Աննա Ծառուկյանն ասաց, որ դատավորը ինքնաբացարկն ընդունել է. «ստացել է միջնորդությունս, բայց ինքն իրենով բացարկ է հայտնել, ինչը պետք է նախապես աներ»: Այդ գործով նորանշանակ դատավոր է լինելու Արտակ Կարապետյանը, ով նախկինում եղել է քննիչ, ապա կարճ ժամանակով փաստաբան, ապա այս տարվա հունվարից՝ դատավոր:

«Առավոտ» օրաթերթ
12.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930