Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանաչված տենորի տարբեր Ռադամեսները

Ապրիլ 13,2023 13:00

Վերջին շրջանում օպերային թատրոնները, այդ թվում՝ հեղինակավոր, վերականգնում են կամ ժամանակակից ռեժիսուրայով բեմադրում համաշխարհային օպերային գրականության գլուխգործոցներից Վերդիի «Աիդան»։ Ինչո՞վ բացատրել նման վերաբերմունքը։

Այս տարվա սկզբին Կոպենհագենի թագավորական օպերային թատրոնում ճանաչված բրիտանացի արվեստագետներ՝ ռեժիսոր Աննաբել Արդենը եւ դիրիժոր Պաոլո Կարինիանին բեմադրեցին իրենց «Աիդան»՝ ժամանակակից ընթերցմամբ։ Ռադամեսի դերերգի կատարման համար պրեմիերային հրավիրված էր հեղինակավոր օպերային թատրոնների ցանկալի հյուր, Երեւանի օպերային թատրոնի մեներգիչ Հովհաննես Այվազյանը։ Վերջերս նա մեր թատրոնում նույնպես հանդես եկավ հիշյալ դերերգով։ Մեզ հետ հանդիպման ժամանակ երգիչն ասաց, որ Կոպենհագենի թատրոնում հունվարի 15-ին կայացած «Աիդա»-ի պրեմիերայից հետո, ներկայացումը կամ ավելի ճիշտ՝ պրեմիերային ներկայացումները, որոշակի ընդմիջումներով, կշարունակվեն եւս մեկ-երկու ամիս. «Ավելին՝ Կոպենհագենի թատրոնը հաջորդ թատերարջանը մեկնարկելու է այս ներկայացումով»։ Մեր թատրոնում երգիչն այս կերպարով հանդես է գալիս արդեն տասը տարի եւ մինչ օրս՝ ի տարբերություն մյուս կերպարների, միակ Ռադամեսն է։ Այդ կապակցությամբ նա պարզաբանեց, որ թեեւ թատրոնում կան հիանալի տենորներ, բայց Ռադամեսի բարդ դերերգը կատարելու համար ցանկալի է, նույնիսկ անհրաժեշտ, որ ձայնն ավելի կայացած լինի, ինչը ենթադրում է որոշակի տարիք։ Իսկ, ասենք՝ երիտասարդ տարիքում, այդ դերերգին անդրադառնալու դեպքում երգիչը կարող է ձայնը վնասել, ընդհուպ՝ կորցնել։

Երեւանյան Ռադամեսի կերպարում։

Ինչ վերաբերում է արեւմտյան թատրոններում «Աիդա»-ի նկատմամբ մերօրյա հետաքրքրությանը, մեր զրուցակիցը հետեւյալ ուշագրավ մեկնաբանությունը տվեց. «Այս օպերայի լիբրետոն համահունչ է մեր օրերում աշխարհում ընթացող պատերազմական գործողություններին եւ հավանաբար յուրաքանչյուրն իր ձեւով է արձագանքում։ Հանդիսատեսը դասական ռեժիսուրայով բեմադրություններում տեսնում է հաղթանակած, ինքնագոհ Ռադամես, բայց Կոպենհագենի թատրոնում նույն Ռադամեսը վերադառնում է հաղթանակի դրոշը պարզած, բայց մի տեսակ խանգարված հոգեվիճակով. նա երջանիկ չէ, աչքի առջեւ մարտի դաշտն է, բազմաթիվ զոհերը… Հերոսի ապրումները դաջված են դեմքին ու նա դա չի թաքցնում թագավորից. ճիշտ է, հաղթանակն ապահովված է, բայց դա շքեղ տոնակատարության առիթ չէ…»։

Ռադամեսի կերպարում՝ Կոպենհագենի թատրոնում։

Հովհաննես Այվազյանի հետ զրույցից հետո մենք՝ համացանցում ծանոթանալով «Աիդա» օպերայի եւ մասնավորապես Ռադամեսի մասին եղած մեկնաբանություններին, արձանագրեցինք, որ մարդկանց մեծամասնությունը օպերան ընկալում է որպես արգելված սիրո պատմություն՝ էկզոտիկ տեսարանների ֆոնին։ Իրականում այն առաջին հերթին սիրո պատմություն է պատերազմի ու դաժանության ֆոնին։ Գլխավոր հերոսներն իրենց երազանքներով ու ցանկություններով ընկնում են համաշխարհային քաղաքականության անողոք մեքենայի մեջ։ Աիդայի եւ Ռադամեսի հայրենասիրությունը դիմակայում է իշխանության քաղցած կառավարիչներին։ Հիշեցնենք, որ եթովպացի արքայադուստր Աիդան ստիպված է ապրել որպես եգիպտական փարավոնի ստրուկ։  Նա զրկված է ազատությունից եւ գալարվում է դժբախտ սիրո մեջ։ Աիդան սիրահարված է իր թշնամուն՝ երիտասարդ, տաղանդավոր, եգիպտացի հրամանատար Ռադամեսին։ Վերջինիս վարքագիծը տարբերվում է կոշտ մարտավարի սովորական կարծրատիպից։ Եթովպացի աղջկա հանդեպ նրա սիրո զգացումն ու գուրգուրանքը ավելի կարեւոր են դարձել, քան երկրի բարգավաճումը։

Այս պատմության մեջ ամենակարեւորը Վերդիի «խոսքն» է։ Իսկ կոմպոզիտորը ակտիվորեն ներգրավված էր քաղաքական կյանքում եւ նրա համար կարեւոր էր արվեստի միջոցով իր մտքերը հասցնել հասարակությանը։  Կարճ ասած՝ օպերան ուղերձ է բոլոր նվաստացածներին ու վիրավորվածներին։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930