Լրահոս
Օրվա լրահոսը

Ոմանց թվում է, թե մոդան հենց նմանվելն է

Ապրիլ 13,2023 12:30
amp

Ամերիկացի պետական գործիչ Հենրի Ստիմսոնն ասում է. «Հիմնական դասը, որ ես քաղել եմ իմ երկար կյանքի ընթացքում, միակ միջոցը մարդուն արժանի դարձնելու դա վստահությունն է, վստահել նրան, եւ մարդուն անարժան դարձնելու միակ միջոցը նույնպես վստահությունն է, չվստահել նրան եւ ցույց տալ անվստահությունը»:

Մեր օրերում, երբ բոլորը միմյանց կրկնօրինակում են, անհատականությունը շեշտելը մի տեսակ դուրս է մնացել մոդայից: Ոմանց թվում է, թե մոդան հենց նմանվելն է: Ուզում եմ հակառակն ապացուցել: Կյանքի իմաստը հենց կյանքն է, ապրելը: Կյանքի նպատակը` հաճույք ստանալն է ապրելուց: Կյանքի ուղեցույցը ինքնադրսեւորումն է։ Ինչպես եք դուք տարբերվում միջավայրում: Ինչպես եք ընդգծում ձեր արժեքը: Հաջողակ մարդիկ եւ ընկերություններն օգտագործում են նախաձեռնումը, որպեսզի լավ կողմից ցույց տան իրենց տաղանդն ու հասնեն ցանկալի արդյունքին: Իսկ ով վախենում է նախաձեռնություն ցուցաբերել, ռիսկի դիմել, միշտ մնում է հետեւում՝ վերջին շարքում:

Ընկերությունում ստեղծագործական մթնոլորտը թույլ է տալիս աշխատակիցներին ինքնուրույն որոշում կայացնել հօգուտ հաճախորդի: Խնդրին արագ արձագանքելը եւ առանց որեւէ մեկի միջամտության, ինքնուրույն որոշում կայացնելը կնպաստի տվյալ աշխատակցի, այնուհետեւ նաեւ տվյալ ընկերության հեղինակության բարձրացմանը: Անձնակազմի ինքնուրույնությունը ոչ միայն իշխանություն եւ լիազորություն տալն է, այլ նաեւ պատասխանատվություն է: Պատահական չէ, որ որեւէ մեկը, պաշտոնի նշանակվելով կամ իշխանություն ստանալով, վերցնում է նաեւ պատասխանատվություն իր լիազորությունները գերարդյունավետ իրականացնելու համար: Դա ոչ միայն հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշում կայացնել, այլ նաեւ որոշում կայացնել ամեն օր, երբ պատասխանատվություն եք ստանձնում սեփական տաղանդը եւ ստացած կարեւոր տեղեկատվությունը նպատակին օգտագործելու համար: Ամերիկացի գրող Գլորիա Ստայնեմն ասում էր, որ իշխանությունը կարելի է նվաճել, ոչ թե տալ: Իշխանությունը վերցնելու ընթացքը համարվում է ինքնուրույնության դրսեւորում: Ժամանակը շատ կարեւոր է, եւ ինքնուրույն որոշում կայացնելու կարողությունը կօգնի առաջ շարժվել: Նախաձեռնող աշխատակցի գործիքներն են` մտքի արագությունը, գործողությունը եւ արդյունքը: Առանց արագության որոշում կայացնելու արդյունքը փոքրանում է: Այսօր, երբ ժամանակը քիչ է, եւ անելիքները շատ, արագությունը ձեզ կհանի որոշակի մակարդակ եւ կտա առավելագույն արդյունք: Այս կապակցությամբ արժե հիշել Հնդկաստանի քաղաքական եւ հոգեւոր լիդեր Մահաթմա Գանդիին, ով գտնում էր, որ մենք չենք կարող իմանալ մեր գործողության արդյունքը, սակայն եթե ոչինչ չանենք, ոչ մի արդյունք էլ չի լինի:

Ամեն օր աշխատանքի գնալիս դուք ձեզ կզգաք պահանջված եւ գնահատված: Ձեզ հնարավորություն է տրվում ամեն օր սովորել, փոխվել եւ կատարելագործվել: Դուք օգտագործում եք ձեր տաղանդն ու նորարարությունները, որպեսզի հնարավորություն տրվի առաջ շարժվել եւ հասնել հաջողության: Ինքնուրույնություն, պատասխանատվություն եւ նախաձեռնողականություն – ահա այն հատկանիշները, որոնք կօգնեն առաջ շարժվել: Ցանկացած ընկերություն, եթե ուզում է գրանցել լավ արդյունք, պետք է աշխատակիցներին սովորեցնի նախաձեռնող լինել, պատասխանատու, կայացնել տեղին եւ հարիր որոշումներ, որոնք կհանգեցնեն, որ հաճախորդները գոհ լինեն, իսկ դա էլ ընկերությանը կբերի հաջողություն: Տանզանիայի գլխավոր կոմիսար Գարի Կիտիլիան մատնանշում է, որ ավելի լավ է ունենալ ինքնուրույն աշխատակիցներ, որոնք ունակ են փոխել ընդունված կանոնը հօգուտ հաճախորդի, քան ունենալ սահմանափակ, պահպանողական աշխատակիցներ, որոնք բացի ընդունված կանոնակարգից, ոչինչ չեն հասկանում ու ընդունում:

Ղեկավարները պետք է ունենան այնպիսի աշխատակիցներ, որոնք դուրս են ստանդարտ, մեխանիկական մտածելակերպից, եւ տեղին կայացված ինքնուրույն որոշումը կօգնի տվյալ ընկերությանն առաջ անցնել մրցակիցներից: Կրեատիվությունը եւ անկախ գործողությունները թույլ են տալիս վերահսկել ձեր կյանքը եւ բարելավել այլ անձանց կյանքը: Կիրառելով դրանք` դուք ավելի հաճույքով կգնաք աշխատանքի եւ օրեցօր կքաղեք ձեր աշխատանքի պտուղը: Այն աշխատակիցը, որը գործում է առանց կողմնակի միջամտության, տարբերվում է միջավայրում եւ նկատվում է ղեկավարության կողմից: Նման աշխատակիցներն ուշադրություն են հրավիրում իրենց գերազանց աշխատանքի վրա եւ ընդգծում են իրենց անձնական ներդրումը զարգացող ընկերության արտադրողականության աճի գործում:

Ինչից պետք է սկսել: Մենք գիտենք, որ գիտելիքը ուժ է: Սկսեք անհրաժեշտ գիտելիքներ եւ կարողություններ ձեռք բերել: Առանց տեղեկացված լինելու չկա անկախություն: Ձեռք բերեք գիտելիքներ տվյալ ընկերության, ձեր կատարած աշխատանքի վերաբերյալ: Դա կօգնի հեշտ որոշում կայացնել եւ արդյունավետ լուծում գտնել դժվար իրավիճակում:

Գործի հաջողության համար շատ կարեւոր է վստահությունը: Վստահություն աշխատակիցների, ընկերության, ղեկավարության միջեւ: Անձնական աճի բանախոս Բրայան Թրեյսին գտնում է. «Սոսինձը, որը կապում է ցանկացած հարաբերություն, այդ թվում` ղեկավարի եւ ենթակայի միջեւ, դա վստահությունն է: Իսկ վստահությունը հիմնված է ազնվության վրա»:

Եթե ձեզանից ակնկալում են ինքնուրույն գործողություն, դուք պետք է հիմնվեք ձեզ ընձեռված իշխանությանը

Եթե ձեզ հանձնարարում են որեւէ ծրագիր կամ խնդրի լուծում, ամեն ինչ արեք արագ եւ համարձակ: Մի սպասեք ցուցումների կամ հրամանի: Խնդիրը բաղդատեք մասերի եւ ստացեք անհրաժեշտ ինֆորմացիան կամ այլ կերպ, խնդիրը լուծեք` հիմնվելով ձեր անցյալի փորձին: Հավատացեք, որ տվյալ ընկերությունը հույսը ձեզ վրա է դրել եւ հավատում է ձեր նորարարությանը։ Եթե դուք նստեք եւ սպասեք ցուցումների, վախենալով որեւէ քայլ կատարել, դրանով իսկ կորցնում եք վստահությունը, եւ գործը հետ է ընկնում: Անվճռականությունը եւ կամքի բացակայությունը կարող են խանգարել խնդրի լուծմանը: Ավելին, անինքնավստահությունը կարող է այնքան խանգարել, որ խնդիրն ընդհանրապես չլուծվի: Աշխատակցի ինքնավստահությունը, հավատը սեփական ուժերի նկատմամբ ավելի նպաստավոր է դարձնում աշխատանքի արդյունքը: Որքան գոհ է հաճախորդը, այնքան հեշտ եւ հաճելի է դառնում աշխատանքը:

Հետադարձ կապը /feedback/ անկախ հմտությունների զարգացման մեխանիզմի կարեւորագույն բաղադրիչն է: Միակ միջոցն է, որպեսզի հասկանաք՝ համապատասխանո՞ւմ եք դուք տվյալ ընկերության պահանջներին եւ արդյոք գո՞հ են ձեզանից, թե՝ ոչ: Եթե դուք չեք ստանում հետադարձ կապ, խնդրեք, որ տրվի այն: Հույն փիլիսոփա Արիստոտելն ասել է. «Քննադատությունը դա մի բան է, որից կարելի է հեշտ խուսափել ոչինչ չանելով, ոչինչ չասելով եւ քեզանից ոչինչ չներկայացնելով»: Ղեկավարը քննադատելով ձեր կատարած աշխատանքի բացթողումները` դրանով իսկ նպաստում է, որ դուք աճեք, զարգանաք, վերացնեք թերությունները: Կա հստակ սահմանագիծ սեփական լիազորությունների եւ ղեկավարի լիազորությունների միջեւ: Դուք պետք է ձեր գործընկերների հետ վարվեք հավասարը հավասարին սկզբունքով՝ միեւնույն ժամանակ հարգանքով վերաբերվելով ձեզ, ձեր անձին եւ անձնական հմտություններին:

«Wal-Mart» ընկերության հիմնադիր Սեմ Ուոլթոնն ասել է. «Կա միայն մեկ ղեկավար, դա հաճախորդն է: Նա կարող է հեռացնել ընկերության ցանկացած աշխատակցի` ընդամենը իր գումարը ծախսելով այլ ընկերությունում»:

Շատ աշխատակիցներ հրաժարվում են ինքնուրույն, ռիսկային որոշում կայացնել` վախենալով, որ կարող են կորցնել աշխատանքը: Նրանք պատրաստ են առավոտյան ժամը իննից մինչեւ երեկոյան ժամը վեցը կատարել նույն աշխատանքը, խուսափել ավելորդ քայլերից, միայն թե չկորցնեն աշխատանքը:

Հետամուտ եղեք նրան, ինչը գիտեք եւ ոչ թե նրան, ինչից վախենում եք: Եթե ձեր սիրտը, խելքը եւ մտադրությունն ուղղված են ճիշտ ուղու վրա, ընկերությունը ձեզ կաջակցի, քանի որ իր ստեղծագործական ներուժը դուք եք: Ձեր ղեկավարները սպասում են ձեր իսկ ինքնուրույն որոշմանը:

Աշխատակիցները, որպեսզի ցանկանան իրենց ողջ ներուժը եւ փորձը կիրառեն տվյալ ընկերության համար, շատ կարեւոր է արժեւորումը, գնահատումը, գովասանքը: Գովասանքը մղում է աշխատակցին նորանոր ձեռքբերումների, արդյունքների:

Աշխատակցի ինքնուրույնությունն ու նախաձեռնողականությունը կփոխի ոչ միայն նրա աշխատանքը, այլ նաեւ կյանքը, ինչպես կասեր փիլիսոփա Սենեկան. «Ամենաուժեղը նա է, ով կարողանում է կառավարել ինքն իրեն»: Դժվարության հանդիպելիս ոչ թե պետք է շրջանցել, այլ գնալ դեմ հանդիման խնդրին եւ լուծել այն: Ինքնուրույն աշխատակցի ամենակատաղի թշնամին զայրացած հաճախորդն է: Սակայն դժվարություններ հաղթահարելով՝ դուք ավելի ուժեղ եք դառնում:

Ինքնուրույնությունը եւ նախաձեռնողականությունը կօգնեն, որպեսզի հաճախորդները գոհ մնան եւ նրանք կրկին ու կրկին կվերադառնան` ապահովելով ձեր եւ ընկերության հաջողությունը եւ ֆինանսական աճը:

Ամալյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930