Սկիզբը՝ այստեղ:
Անկարան հիշեցրեց Ալիեւին, որ առանց թուրքական աջակցության՝ «Ադրբեջանը կդժվարանար վերցնել Ղարաբաղը»
Պաշտոնական Անկարան ցանկանում է, որպեսզի Ադրբեջանը եւ Հայաստանը համապարփակ խաղաղության համաձայնագիր ստորագրեն, Ռուսաստանի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում օրերս նշեց Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն: Նա Լավրովի հետ քննարկել էր Հարավային Կովկասին, Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերություններին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր։
Ռուսաստանի հետ Արեւմուտքի լարված հարաբերությունները, ինչպես նկատում ենք, չեն խոչընդոտում ռուս-թուրքական քաղաքական երկխոսությանը: Թուրքիան չի միացել Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցներին։ Ռուս-թուրքական բանակցությունների օրակարգում նաեւ այլ հարցեր էին. ռուս-ուկրաինական ճգնաժամում տիրող ներկայիս իրավիճակը, հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքներն ու ուղիները։ ՌԴ եւ Թուրքիայի ԱԳ նախարարների քննարկման առարկա էին ռազմավարական ծրագրերը, ինչպիսիք են «Թուրքական հոսք» գազատարի շահագործումը, «Ակկույու» ատոմակայանի շինարարության ընթացքը։ Նկատենք, որ ապրիլի վերջին նախատեսված է միջուկային վառելիքի տեղափոխում այդ ատոմակայանի առաջին էներգաբլոկ։ «Ակկույու» ատոմակայանը Թուրքիայում կառուցում է Ռուսաստանը։
Կարդացեք նաև
Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո Լավրովն ընդգծել է, թե Մոսկվան ողջունում է Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորումը եւ տարածաշրջանում հետպատերազմական վերականգնումը։ Լավրովը հատուկ ընդգծել է, որ «գործընթացը իրենց օգնությամբ է սկսել»: «Մենք ողջունում ենք Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը սկսվել է մեր աջակցությամբ: Ողջունում ենք տրանսպորտային կապերն ու հաղորդակցությունն ապաշրջափակելու ջանքերը։ Անշուշտ, մենք ողջունում ենք Հարավային Կովկասի հետկոնֆլիկտային վերականգնումը», – նշել է Լավրովը` հավելելով, որ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ բոլոր հարցերի շուրջ ձեռք են բերվել եռակողմ պայմանավորվածություններ, որոնք այսօր էլ մնում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հիմքում:
Այնուհետեւ, Ռուսաստանի արտգործնախարարը հարկ է համարել ընդգծել, թե արտաքին ուժերը փորձում են խոչընդոտել եւ այս համատեքստում հույս է հայտնել. «Հուսով ենք, որ մեր ոչ տարածաշրջանային գործընկերները չեն միջամտի այս գործընթացին, այլ կուղղորդեն կողմերին եռակողմ համաձայնագրերի խստորեն իրականացմանը»։
Ռուս-թուրքական վերջին բանակցություններից հետո պաշտոնական Անկարան հստակեցրեց, թե Թուրքիայում ՀՀ դեսպանության բացումն օրակարգում չկա:
Թուրքիայում Հայաստանի դեսպանության բացումը մոտ ապագայում օրակարգում չէ, սակայն երկրներն աշխատում են սահմանային անցակետերի բացման ուղղությամբ։ Այս մասին AHaber հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն. «Մոտ ապագայում (Հայաստանի դեսպանատան բացումը) կարող է տեղի չունենալ, քանի որ նախ պետք է այլ քայլեր ձեռնարկել, մենք բացել ենք մեր օդային տարածքը Հայաստանի համար, բեռնափոխադրումներ են իրականացվում, փոխադարձ օդային հաղորդակցություն է սկսվել։ Բայց ցամաքին անցակետեր բացելու համար, քաղաքական պայմաններին զուգահեռ, նախ պետք է ճանապարհներ պատրաստել, վերականգնել կամուրջը։ Եվ մենք արդեն ունենք կամուրջի կառուցման պայմանավորվածություններ»։ Չավուշօղլուն, սակայն, մանրամասնել է, որ ցամաքային սահմանի բացումը ենթադրվում է իրականացնել «դիվանագիտական անձնագրերի սեփականատերերի կամ երրորդ երկրների շարքային քաղաքացիների համար»։
Միեւնույն ժամանակ, Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ յուրաքանչյուր քայլ, որ ձեռնարկվում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, կատարվում է Ադրբեջանի հետ խորհրդակցություններից հետո։
Եվ, ի դեպ, Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) ընտրական համակարգման կենտրոնի բացման ժամանակ էլ Չավուշօղլուն, խոսելով հարվածային ԱԹՍ-ների արտադրության մասին, անդրադարձել է ղարաբաղյան 44-օրյա պատերազմին: «Թուրքիան այսօր ռազմարդյունաբերության ոլորտում ազգային եւ տեղական արտադրությունը բարձրացրել է 80 տոկոսի: Եթե մենք այդ ցուցանիշին չհասնեինք, չարտադրեինք հարվածային ԱԹՍ-ներ, չարտադրեինք ամեն տեսակ ցամաքային, հակաօդային պաշտպանության եւ հարձակման համակարգեր, այդ թվում՝ ուղղաթիռներ, Ադրբեջանը կդժվարանար վերցնել Ղարաբաղը»,-ըստ Ermenihaber-ի՝ ասել է նա, ընդգծելով, որ Թուրքիան կշարունակի զարգացնել տեղական ռազմարդյունաբերությունը, փորձելով նվազագույն կախման մեջ լինել այլ երկրներից:
Ինչ վերաբերում է ռուս-թուրքական հարաբերություններին, ապա օրերս Մոսկվայում էր Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը, որը հանդիպել է Ռուսաստանի նախագահի հետ: Կրեմլի խոսնակը հանդիպումից հետո ասել էր, թե քննարկվել է խոշոր նախագծերի իրականացումը, այդ թվում՝ «Ակկույու» ատոմակայանը, հավելելով, որ Ռուսաստանը պատշաճ կերպով կմասնակցի առաջին էներգաբլոկի շահագործմանը նվիրված արարողությանը։
Մարտի 30-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել էր, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է ապրիլի 27-ին այցելել Թուրքիա՝ մասնակցելու երկրում «Ռոսատոմ»-ի կողմից կառուցված առաջին՝ «Ակկույու» ատոմակայանի բացմանը: Պուտինը կարող է ժամանել Թուրքիա կամ մասնակցել արարողությանը առցանց, հավելել էր նա։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ իր հերթին նշել էր, թե դեռեւս հստակեցված չէ՝ արդյո՞ք նախագահ Պուտինը կմասնակցի թուրքական «Ակկույու» ատոմակայանի շահագործման մեկնարկին:
Սակայն օրերս Լավրովի հետ բանակցություններից հետո հայտնի դարձավ, որ Պուտինի այցը Թուրքիա դեռեւս չի նախատեսվում նշված ժամկետներում: Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտնել է. «Այս պահին պլաններում չկա Պուտինի այցը Թուրքիա կամ Էրդողանի այցը Մոսկվա: Սակայն մեր նախագահն ակտիվ դիվանագիտություն է վարում: Նա ակտիվ հեռախոսային բանակցություններ է վարում Պուտինի հետ, ինչպես նաեւ (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր) Զելենսկու հետ»,-ասել է նա Ahaber հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 12.04.2023