Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեղի բախումներում չորս փայլուն սպա ենք կորցրել». Ի՞նչ են տեսել պատգամավորները՝ Տեղ համայնքում

Ապրիլ 12,2023 23:50

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր եղել են Սյունիքի մարզի Տեղ համայնքում. այցելության արդյունքների մասին Aravot.am-ը զրուցել է Ագնեսա Խամոյանի հետ

-Երեկվա հայ-ադրբեջանական բախումներից հետո ի՞նչ իրավիճակ էր Տեղում, ի՞նչ տեսաք դուք այնտեղ, ի՞նչ տրամադրություններ ունեին տեղացիները:

-Ամենակարեւոր արձանագրումն այն է, որ մարդիկ, Տեղ գյուղի բնակիչները, հուսալքված չեն, հուսահատված չեն, մարտական են տրամադրված, չեն պատրաստվում լքել իրենց տները՝ չնայած նրան, որ ուղիղ գծով, ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա են ադրբեջանցիների տեղակայման նոր վայրերը:

Երեկվա դեպքի հետ կապված, նախ արձանագրենք, որ մեկ շաբաթ առաջ, երբ ադրբեջանցիները անխոչընդոտ առաջացել էին Տեղ գյուղի հատվածում,  Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դա նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա էր. փաստորեն, ՀՀ բարձրագույն իշխանությունն իմացել է, որ ադրբեջանցիները գալու են եւ տեղակայվելու են, բայց մեր տեղակայման մասով որեւէ աշխատանք չի կատարվել: Ուստի, երեկ կատարվածը, միանշանակ, ՀՀ իշխանության պատասխանատվության տիրույթում է:

Տեղ գյուղն ամբողջությամբ գտնվում է ադրբեջանցի զինծառայողների տեսանելիության տիրույթում. մենք տեսնում էինք նրանց տեղակայման վայրերը, իրենք մեզ էին դիտարկում: Այն պահին, երբ մենք Տեղում էինք, իրավիճակը համեմատաբար հանգիստ էր, հանգիստ էր եղել նաեւ գիշերը, բայց այդ հարաբերական անդորրը չի հանգստացնում գյուղացիներին. այսօր, վաղը, մյուս օրը կարող է հանգիստ լինել, բայց հաջորդ օրն էլի մի միջադեպ կարող են հրահրել ադրբեջանցիները, քանի որ հատկապես Տեղ գյուղի բնակիչները շատ լավ գիտեն, որ ադրբեջանցիները եղածով բավարարվող չեն, ամեն առիթ օգտագործելու են կամ անառիթ փորձելու են առաջ գալ: Հետեւաբար, համալիր լուծումներ եւ համալիր մոտեցում է պետք հարցին:

Ադրբեջանցիները առաջ են եկել եւ տեղակայվել են Տեղ գյուղի բնակիչներին պատկանող արոտավայրերում եւ գյուղատնտեսական նշանակության հողերում, ինչի հետեւանքով նաեւ կենսական խնդիրներ են առաջ գալիս. գյուղացիները շվարած էին, որովհետեւ, միայն 100 հա վարելահող է բռնազավթել թշնամին, բայցի այդ, նաեւ արոտավայրեր, իսկ Տեղ գյուղում մարդիկ հիմնականում անասնապահությամբ են զբաղվում ու հիմա խնդիր առջեւ են կանգնած: Իսկ որ հատվածում, որ արոտավայրերը գրավված չեն, թշնամու ուղիղ նշանառության տակ են. թե Արցախում, թե ՀՀ-ում, մենք պարբերաբար ականատես ենք լինում, որ ադրբեջանցիները նաեւ գյուղատնտեսական աշխատանքներ կատարող խաղաղ բնակիչներին են թիրախավորում:

Հիմա մենք ունենք փաստ, որ ՀՀ բարձրագույն իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանը, տեղյակ է եղել ադրբեջանցիների տեղակայման մասին, քանի որ ինքն է իր հայտարարությամբ ասել, որ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա են ադրբեջանցիները առաջ եկել եւ փաստացի, նաեւ ընդունում է, որ սահմանազատման-սահմանագծման աշխատանք է իրականացվում: Այդ մասին, այսօր խոստովանություն արեց նաեւ պաշտպանության փոխնախարարը՝ ի պատասխան իմ գործընկեր Տիգրան Աբրահամյանի հարցի: Փաստացի, սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներն իրականացվում են եւ իրականացվում են ոչ թե հանձնաժողովով, այլ զինված ուժերի միջոցով: Երբ ասում են՝ բանակցություններ, ենթադրվում է, որ դրանք պետք է վարվեն սեղանի շուրջ, հանձնաժողովի անդամների միջեւ եւ ոչ թե ում ուժը պատի՝ նա տեղակայվի այդ վայրում, հայտարարի, որ դուրս չի գալու այդտեղից ու դրան էլ հաջորդեն այլ իրադարձություններ ու զարգացումներ:

-Այդ հատվածում մենք ի՞նչ զինուժ ունենք, իշխանությունը խոսում է այդ հատվածում զինված ուժերը ԱԱԾ սահմանապահներով փոխարինելու մասին:

-Այդ հատվածում ԱԱԾ սահմանապահներ չեն եղել, ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչներ էին: Իսկ ադրբեջանցիներն այդ տարածքում ինտենսիվ ինժեներական աշխատանքներ են կատարում, ինչն անզեն աչքով անգամ տեսանելի է:

-Այդ մասին նաեւ 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն էին հայտարարել, երբ ադրբեջանցիների առաջ գալուց հետո գնացել էին Տեղ: Նրանք նաեւ ճանապարհին ականատես էն եղել, թե ինչպե՞ս են ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները ավտոբուսներով հեռանում այդ տարածքներից: Դուք ի՞նչ տեսաք, մենք այդտեղ բավարար զորք ունե՞նք կենտրոնացված:

-Ես կդժվարանամ այդ հարցին շատ հստակ պատասխանել, քանի որ ուղիղ եւ անմիջական տեսնելու, շփվելու հնարավորություն չընձեռվեց՝ նաեւ անվտանգության հիմնավորումներ բերվեցին: Ինչեւէ, կարծում եմ, այստեղ ամենակարեւոր արձանագրումն այն է, որ մենք՝ ՀՀ բարձրագույն իշխանությունը, փաստորեն իմացել է, որ ադրբեջանցիները պետք է առաջ գան եւ տեղակայվեն, բայց մենք չենք տեղակայվել ու փորձել ենք սխալն ուղղել արդեն ավելի ուշ:

Նաեւ ցանկանում եմ ցավակցությունս հայտնել երեկ զոհվածների ընտանիքներին, մենք կորցրել ենք չորս փայլուն սպայի: Տեղի բնակիչներն էլ երեկ զոհված մեր տղաների մասին շատ դրական նկարագիր էին տալիս: Առհասարակ, միջադեպի հետ կապված, փաստում էին, որ մեր զինված ուժերն իրենց բարձունքում են եղել:

-Իսկ խնդիրն ինչի՞ց է առաջացել, տեղում ի՞նչ վարկածներ են շրջանառվում, ՊՆ-ի տեսանյութից մասնագետները ավելի շատ հարցեր են առաջադրում, քան պատասխաններ գտնում:

-Նախ արձանագրենք, որ իրադարձությունները տեղի են ունեցել ՀՀ սուվերեն տարածքում: Ինչպես տեսանյութում է երեւում, ադրբեջանցիները եկել եւ սադրել են, հրաժարվել են դուրս գալ ՀՀ սուվերեն տարածքից:

-Տեղական իշխանությունների ներկայացուցիչներին հանդիպե՞լ եք, ի՞նչ են մտածում, ի՞նչ պատճառաբանություններ ունեն կատարվողի վերաբերյալ:

-Անկեղծ ասած՝ ոչ, տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ չենք հանդիպել, նման հանդիպումներ չենք նախաձեռնել. մեզ համար շատ կարեւոր էր հենց Տեղ գյուղի բնակիչների հետ, գյուղամիջում անկեղծ, ջերմ, մարդկային, անմիջական զրույցը՝ առանց տեսախցիկների: Փորձել ենք հասկանալ՝ իրենք ինչպե՞ս են պատկերացնում իրավիճակը, ի՞նչ են մտածում այս ամենի մասին, ի՞նչ ելքեր են տեսնում. առհասարակ, իրենց մոտեցումներն ու դիտարկումներն էին մեզ հետաքրքիր, բայցի այն, որ, բնականաբար, մենք էլ կիսվել ենք ստեղծված իրավիճակի վերաբերյալ եւ դրանից դուրս գալու մասին մեր պատկերացումներով ու մոտեցումներով:

 

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930