Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի հայտարարությունները բանակցային գործընթացի վերաբերյալ, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը. փորձագետ

Ապրիլ 12,2023 23:40

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը ամբոխահաճո ու հիմնազուրկ հայտարարություն է համարում այսօր Աժ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Մադրիդյան սկզբունքներով ՀՀ-ն ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս:

«Ամիսը մեկ նման հայտարարություններ է անում, նոր չէ: Այն հայտարարությունները, որոնք արվում են բանակցային գործընթացի վերաբերյալ, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը: Մարդիկ տեղյակ չեն գործընթացից, ատում են, այսպես կոչված, նախկիններին, ինքն էլ շեշտադրում է, թե թալանչի են, դե պարզ է՝ Ղարաբաղն էլ էն գլխից ծախել են: Ո՛չ, նման բան չկա: Ես իմ գիտակցական կյանքում հետեւում եմ բանակցային գործընթացի գոնե բաց աղբյուրներին, նման բան չկա: Մադրիդյան սկզբունքները ասում էին՝ պետք է որոշակի սկզբունքներ իրար հետ համադրվեն: Սա հերթական ամբոխահաճո հայտարարությունն էր, զուրկ որեւէ հիմնավորումից».- Aravot.am-ին ասաց փորձագետը:

Նրա խոսքով, իշխանությունները, որ կորցրել են Արցախը, դա էլ են փորձում նախկինների վրա գցել. «Արցախի բանակցային վերջին էական փուլը եղել է 2017 թվականի վերջին, երբ Ալիեւը բողոքում էր, որ փակ դռների հետեւում իրեն ստիպում են Արցախի անկախությունը ճանաչել: Վե՛րջ, դրանից հետո եղել է 2018 թվականի հեղաշրջումը, մինչ այդ մեր դիրքերը լավ էլ ամուր էին, այդ հարցում թող նախկիններին չմեղադրեն»:

Անդրադառնալով երեկ Տեղ գյուղում ադրբեջանցիների սադրանքներին՝ փորձագետն ասաց, որ իրավիճակային սրացում էր, համակարգային խնդիր չի տեսնում. «Որ մենք թույլ ենք եւ այլն, էդ խնդիրը կա, բայց որ ՊՆ նախարարի՝ Բրյուսելի այցի հետ կապված ռուսները որոշեցին հրահրել եւ այլն, թերահավատ եմ այդ առումով: Միանշանակ Ռուսաստանի խանդը կա ու միանշանակ է, որ Ռուսաստանին նյարդայնացնում է Հայաստանի իշխանությունների արեւմտամետ, այսպես ասած, շեղումը, ՆԱՏՕ-ի զորավարժությունների մասնակցությունը: Առանձին հարց է՝ ճիշտ է, թե սխալ մեր քաղաքականությունը: Կյանքը ցույց կտա, որն է ճիշտ:

Այն, որ Ռուսաստանը գնում է թուլացում, փաստ է, բայց այն, որ Ռուսաստանը հսկայական դեր ունի մեր տարածաշրջանում եւ մեր անվտանգության ապահովման հարցում, դա էլ է փաստ: Մնալ Ռուսաստանի հետ ու մինչեւ վերջ կործանվել, լավ հեռանկար չէ, բայց մյուս կողմից գնալ Արեւմուտք ու հարվածի տակ ընկնել Ռուսաստանի անձրեւանոցը կորցնելու պարագայում , դա էլ է բարդ հարց»:

Քաղաքագետ Դավիթ Հարությունովն էլ է համոզված, որ Տեղ գյուղում սադրանքները կապ չունեին ՌԴ մոտեցումների հետ. «Փաստն այն է, որ միջադեպը եղել է լոկալ, դեռեւս, բարեբախտաբար, շարունակություն չունի: Բավականին արագ է դադարել: Այսինքն՝ սրանք այն փաստերն են, որ ունենք: Հույսով լինենք, որ հետագայում Ադրբեջանը դա չի օգտագործի ավելի լայն էսկալացիա իրականացնելու համար, ցավոք սրտի՝ բացառել չենք կարող»: Քաղաքագետի խոսքով, քանի դեռ հայ-ադրբեջանական դիրքերն իրար շատ մոտ են ու չկահավորված, նման միջադեպեր կարող են լինել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930