«Առնվազն վերջին մեկ ամսվա ընթացքում ակնհայտ դարձավ, որ Ռուսաստանի համար սկզբունքորեն անընդունելի է, որպեսզի Հարավային Կովկասում, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում ակտիվանա ԵՄ-ն, ԱՄՆ-ն կամ հավաքական արեւմուտքը»,-այսպիսի կարծիք Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը։
Զախարովան, մեկնաբանելով երեկ Տեղ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ռազմական բախումներն, այսօր տեղի ունեցած ճեպազրույցում ասել է, որ Հարավային Կովկասում արեւմտյան երկրների ակտիվացումը լրացուցիչ ապակայունություն է ստեղծում տարածաշրջանում, ինչի մասին ՌԴ-ն բազմիցս նախազգուշացրել է․ «Զգուշացրել էինք, որ Հարավային Կովկասում այլ դերակատարների, կառույցների ներդրումը, որոնք երբեւէ չեն զբաղվել տվյալ հակամարտության լուծմամբ, ավելացված արժեք չի ունենա, եւ չի լինի հայտարարված արդյունքը: Արդյունքը կլինի այն, որ կամ կօգտվեն իրավիճակից, կամ կհանգեցնեն սրացման, ապակայունացման եւ կհեռացնեն նկատվող խաղաղ կարգավորումից»:
Բորիս Նավասարդյանի խոսքով՝ ՌԴ պաշտոնյաների, այդ թվում՝ Զախարովայի շատ հայտարարություններ թույլ են տալիս ենթադրել, որ կլինեն նաեւ կոնկրետ գործողություններ, որոնք ուղղված կլինեն ԵՄ դիտորդական առաքելության դեմ․ «Դժվարանում եմ ասել, թե որքանով սահմանին վերջին սրացումները կապված են դրա հետ, բայց Ռուսաստանի ուղերձը Բաքուն շատ հստակ հասկացավ ՝ դեմ չեն լինի որոշակի էսկալացիայի՝ եթե դա հնարավորություն կտա վարկաբեկել ԵՄ դիտորդներին եւ ցույց տալ, որ իրենց ներկայությունը որեւէ կերպ չի ամրապնդում Հայաստանի անվտանգությունը»։
Ըստ Նավասարդյանի՝ անկախ նրանից՝ ուղիղ կապ կա այդ զգուշացնող հայտարարությունների եւ վերջին օրերի բախումների միջեւ, թե՝ ոչ, դրանք պետք է դիտարկել նույն համատեքստում, եւ համոզված լինել, որ նաեւ դիտորդների դեմ ուղղված այս կամ այն քայլերը կարող են լինել ցանկացած պահի։
Կարդացեք նաև
Զախարովան նաեւ ասել է, որ Մոսկվան բացատրություն է պահանջել Երեւանից՝ ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցության վերաբերյալ, հիշեցնելով, որ Երեւանը հրաժարվել է իր տարածքում անցկացնել ՀԱՊԿ զորավարժությունները։ Արդյոք ՌԴ-ն Հայաստանից վտանգ է տեսնում ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացումից կամ խորացման փորձից, այս հարցին ի պատասխան Նավասարդյանն ասաց՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը գնալով վատթարացնում է իր հարաբերությունները արեւմուտքի հետ, կարելի է ենթադրել, որ ցանկացած խորացում Հարավային Կովկասի երկրների եւ արեւմուտքի տարբեր կառույցների միջեւ հարաբերություններ ՌԴ-ն ընկալում է իբրեւ իր շահերի համար սպառնալիք, եւ դա վերաբերում է Հայաստան-ՆԱՏՕ հնարավոր համագործակցության դրսեւորումներին։
«Ամենայն հավանականությամբ այն հայտարարությունից հետո, որ Հայաստանը մասնակցելու է «Defender 23» զորավարժություններին, դրան չէին կարող չհետեւել Մոսկվայի որոշակի քայլերը կամ ճնշումները Երեւանի նկատմամբ։ Թեեւ, պաշտոնապես այդպիսի բացատրություններ չենք լսել, սակայն պետք չէ կասկածել, որ մեր զորավարժություններին չմասնակցելը հենց հետեւանքն է հենց ՌԴ-ի ճնշումների»,-ասաց Նավասարդյանը։
Մեզ համար հիմնական սպառնալիքն այն է, Նավասարդյանի կարծիքով, որ եթե նույնատիպ վերաբերմունք ունենան արեւմուտքի ակտիվացման նկատմամբ տարածաշրջանի այլ կարեւոր խաղաղացողները՝ Իրանն ու Թուրքիան, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ այստեղ համաձայնեցված է գործում, որեւէ այլ կարծիք չի կարող լինել, ուրեմն մենք, իրոք, հայտնվում ենք բավականին լուրջ խնդիրների առաջ․ «Մանավանդ տեսնում ենք, որ մեր հիմնական պատուհանը դեպի արեւմուտք՝ Վրաստանը, նույնպես ոչ հետեւողական քաղաքականություն է իրականացնում ե՛ւ ԵՄ-ի, ԱՄՆ-ի, ե՛ւ ընդհանրապես հավաքական արեւմուտքի հետ հարաբերությունների առումով»։
Ի՞նչ պետք է անի Հայաստանը այս իրավիճակում, կան բացատրություններ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը չի աջակցում, ՀՀ-ն փորձում է ի դեմս արեւմուտքի աջակից գտնել։ Այս առնչությամբ Նավասարդյանն ասաց՝ այսօր Հայաստանի համար բավականին դժվար է ճիշտ վարքագիծ ընտրել, որովհետեւ երկար տարիների ընթացքում նաեւ մեր ներքաղաքական դիսկուրսում արեւմուտքի հետ համագործակցությունը ներկայացվում էր որպես այլընտրանք ՌԴ-ի հետ հարաբերություններին․ «Ցավոք, այդ ընկալումն ամրապնդվել է ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ռուսաստանում։ Կարծում եմ՝ ներկա վիճակում, հաշվի առնելով անվտանգային բավականին բազմակողմանի վտանգները, Հայաստանը պետք է համագործակցությունը արեւմուտքի հետ, նաեւ անվտանգային ոլորտում, գիտակցի ոչ թե որպես այլընտրանք ՌԴ-ին, այլ՝ լրացում, որոնք բավարար չեն Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը կառուցելու համար։ Եթե մենք հրաժարվում ենք արեւմուտքի հետ հարաբերությունների խորացումից, ապա ձեւավորվում է բավականին մեծ վակում Հայաստանի անվտանգության համար, քանի որ այդ վակումը լրացնելու հնարավորությունների համար, նույնիսկ մեծ ցանկության դեպքում, ՌԴ-ն չունի։
Մյուս կողմից՝ վտանգները կախված են ՌԴ-ի ագրեսիվ գործողություններից ոչ թե ռազմական իմաստով, այլ տնտեսական, հաղորդակցությունների հետ խնդիրների իմաստով։ Այդ ռիսկերը գնահատելով՝ մենք միեւնույն է, պետք է ցույց տանք, որ շատ հետեւողական ենք մեր գործողություններում։ Այնպես չլինի, որ մենք մեկ համաձայնում ենք մասնակցել զորավարժություններին, մեկ՝ ոչ, մեկ պատրաստվում ենք վավերացնել Հռոմի ստատուտը, մեկ՝ հետաձգում։ Այդպիսի ոչ հետեւողական քաղաքականությունը վտանգներ կպարունակի ե՛ւ արեւմուտքի եւ Ռուսաստանի հետ հարաբերություներում։ Մենք պետք է ցույց տանք, որ վճռական ենք, հետեւողական, բայց չենք դիտարկում լրացուցիչ միջոցառումներ մեր անվտանգությունն ապահովելու առումով, որպես այլընտրանք ՌԴ-ի հետ հարաբերություններին։ Որովհետեւ, ամեն դեպքում, մենք այստեղ ունենք ռուսական ռազմաբազա, ՌԴ սահմանապահ զորքեր, ի վերջո Արցախում խաղաղապահ զորակազմ, եւ դրանք կարեւոր գործոններ են՝ անկախ նրանից, թե որքանով են արդյունավետ։ Նման քիչ, թե շատ կայուն ժամանակաշրջան ապահովելու դեպքում, միգուցե, կհասնենք որոշակի փոխըմբռնման մեր բոլոր գործընկերների կողմից»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ