Այսօր կայացավ Շիրակի մարզի խոշորացված Անի համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որին ավագանու 21 անդամից մասնակցում էին 11-ը։ Այսինքն՝ միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները։ Մնացած երեք քաղաքական ուժերը չէին մասնակցում։ Նիստը վարում էր ավագանու ամենատարեց անդամը՝ Էդիկ Ուռուտյանը։
Օրակարգի հարցերից մեկը համայնքի ղեկավարի ընտրությունն էր, քանի որ ՔՊ-ն հավաքել էր ձայների 50 տոկոսից ավելին, ավելի կոնկրետ՝ 52,49 տոկոս, ապա օրենքի ուժով ցուցակը գլխավորող Արման Սարիբեկյանը համարվեց Անի համայնքի ընտրված ղեկավար։
Արման Սարիբեկյանն իր ելույթում նախ շնորհակալության հայտնեց Անի համայնքի բնակիչներին ակտիվ մասնակցության և վստահության քվե տալու համար, այնուհետ շնորհավորելով ավագանու 21 անդամներին՝ ասաց, որ պիտի կարողանան քրտնաջան զարգացնել համայնքը։
Կարդացեք նաև
«Ցավով եմ արձանագրում, որ այսօր ներկա չեն գտնվում 3 խմբակցություն անդամները և դիտում եմ դա որպես համայնքի զարգացմանը միտված բոյկոտ»,-հայտարարեց Արման Սարիբեկյանը։
Այսպես Անիում 11 մանդատ ստացել է ՔՊ-ն, 7 մանդատ՝ Անիի նախկին համայնքապետ Արտակ Գևորգյանի գլխավորած «Ազգ-համայնք» դաշինքը, 2 մանդատ Ագուն Սաղաթելյանի գլխավորած «Հայկական երազանք» կուսակցությունը և մեկ մանդատ «Իմ հզոր հայրենիք» կուսակցությունը, որը գլխավորում է Արմենակ Նաջարյանը։
Ավագանին որոշեց Անի համայնքի ղեկավարի երդման արարողությունն անցկացնել 2023 ապրիլի 15-ին՝ ժամը 12-ին Արվեստի դպրոցի դահլիճում։
Նիստը վարողը հայտարարեց, որ հրավիրում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքներ նախարարության, Շիրակի մարզպետարանի, Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի գործիչների ու լրատվամիջոցների։
Նունե ԱՐԵՎՇԱՏԱՅԱՆ