«Այս հայտարարությունը կարելի էր անել նաև առանց դիտորդներ ունենալու, որ Տեղ գյուղի մոտ միջադեպ է տեղի ունեցել, երկու կողմից զոհեր կան։ Ես ուզում եմ հասկանալ՝ ի վերջո այդ զեկույցները, այդ դիտարկումը, որ կատարվում է ԵՄ քաղաքացիական դիտորդների կողմից, որևէ կերպ արտացոլվո՞ւմ է ԵՄ դիրքորոշումներում։ Եվ եթե պատճառ կա չարտացոլվելու, ապա ո՞րն է դա»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵՄ զեկույցին՝ կապված Տեղում տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի հետ, այսպիսի կարծիք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը։
Նա ասաց՝ հասկանալի է, որ միջադեպն ունի երկու կողմ, հասկանալի է, որ մի կողմը կրակել է կամ մի կողմը խախտել է, և տեղի է ունեցել այս ամենը։ Սակայն Ստեփան Սաֆարյանին առաջին հերթին հետաքրքրում է՝ որքա՞ն է սա ԵՄ խոսնակի հայտարարությունը, որը ցածր հայտարարություն չէ և հետաքրքիր է՝ այս հայտարարությունը որքանո՞վ է ազդված ԵՄ դիտորդների զեկույցից։ Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ այս հայտարարության մեջ ԵՄ դիտարկման առաքելության շունչը պետք է զգացվեր։
Մեր այն հարցին՝ այս հայտարարությունը մի շարք մտահոգությունների տեղիք չի՞ տալիս՝ հատկապես այն, որ այստեղ ոչինչ արտացոլված չէ ԵՄ դիտորդական առաքելության դիտարկումների մասին, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Լավ է, որ ԵՄ-ն արձագանքել է, լավ է, որ անուշադրության չի մատնվել․ կարող էր և անուշադրության մատնվել՝ որպես միջադեպ։ Տեսանելի է, որ ԵՄ-ում գիտակցում են միջադեպի վտանգավորությունը, որ ԵՄ-ում գիտակցում են սահմանի շուրջ այսպես ասած Ադրբեջանի հրահրած վեճի խնդիրը։ Բայց, ներեցեք, սկզբից նախ թույլ են տվել խախտել սահմանը, անհետևանք է մնացել Ադրբեջանի կողմից սահմանի խախտումը, հիմա էլ ասում են՝ էդ սահմանի խախտումը վերացրեք ինքներդ, այն դեպքում, որ տեսնում են՝ Ադրբեջանը դա վերացնելու բացարձակապես ցանկություն չունի։ Հիմա, եթե այդ ցանկությունը չունի, և եթե արդեն իսկ խախտված սահմանի պարագայում տեղի է ունենում միջադեպ, այդ դեպքում պիտի կարծես թե այդ դիտորդների եզրակացությունն ասեր, թե ով է սադրում իրավիճակը»։
Հետաքրքրվեցինք՝ այս ամենը կասկածի տակ չի՞ դնում այդ առաքելության արդյունավետությունը, Ստեփան Սաֆարյանը պատասխանեց․ «Տեսնում եմ, որ աշխատանքի դաշտ կա, և բացատրությունների անհրաժեշտություն կա։ Եթե իմ ասած այս հարցերի պատասխանները գիտեն ՀՀ իշխանությունները, կարող են իրենք այդ հարցերի պատասխանները տալ, թե ինչպես է ազդվում ԵՄ այսպես ասած պաշտոնական տեսակետը ներկայացնելու առումով խոսնակը։ Եթե լինելու է այլ հայտարարություն, եթե սա նախնական հայտարարություն է, ընդամենը խոսնակն արագ արձագանքել է, մինչև ուսումնասիրության արդյունքները կլինեն, սա ուրիշ խնդիր է։ Բայց եթե սա վերջնական դիրքորոշում է՝ հարց է ծագում՝ ի՞նչ է փոխում ԵՄ դիտորդական առաքելության զեկույցը ԵՄ դիրքորոշման հստակեցման հետ կապված, որովհետև այսպիսի դիրքորոշում կարելի էր հայտնել նաև առանց ունենալու դիտորդական առաքելություն»։
Կարդացեք նաև
Մեր այն փաստմանը՝ ագրեսոր Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելով՝ նախահարձակ գործողությունների է դիմում ու կրակում հայ զինվորների ուղղությամբ, իսկ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կրկին խոսում է Մադրիդյան սկզբունքների մասին ու մեղադրում նախկիններին, սա որքանո՞վ է արդարացված, Ստեփան Սաֆարյանն այսպես արձագանքեց․ «Իհարկե, լավ է, որ հրապարակային բանավեճ կա իշխանության և ընդդիմության միջև, անկախ այդ բանավեճի բովանդակությունից, խորությունից կամ վիրավորանքից կամ փոխադարձ մեղադրանքներից, լավ է, որ այդ բանավեճը կա այդ ամենի շուրջ, որովհետև լիքը հարցեր անպատասխան են մնացել ու արդեն քանի տարի․ այդ թվում՝ մադրիդյան սկզբունքները կա՞ն, թե չկան, եթե չկան, ապա դրա փոխարեն ի՞նչ կա, եթե կան, ապա այդ դեպքում ինչո՞ւ լիքը խնդիրներ չեն լուծվում այդ՝ այսպես ասած առաջարկների հիման վրա։ Այնտեղ և′ Լաչինի միջանցքի խնդիրը կա, և′ Արցախի միջանկյալ, վերջնական կարգավիճակի խնդիրը կա։ Չեմ ասում՝ իշխանություններն իրավունք չունեն հրապարակավ հարցեր առաջադրելու, բայց առաջին հերթին պիտի եղած հարցերի պատասխանները տրվեն»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ