Նիստին մասնակցեցին Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին, պետական մարմինների ներկայացուցիչներ և ՓՄՁ խորհրդի անդամ բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչներ։
Նիստին քննարկվեցին մի շարք իրավական բարեփոխումների փաթեթներ, այդ թվում Հարկային օրենսգրքում փոփոխությունների փաթեթ` բիզնեսի կողմից ԲՈւՀ-երին, միջին մասնագիտական և հանրակրթական հաստատություններին նվիրատվությունների ծավալը մեծացնելու նպատակով։ Առաջարկված նախագծով նախաատեսվում էր հնարավորություն տալ շահութահարկ վճարողներին` իրենց համախառն եկամտի մինչև 2.5%-ի (ներկայիս 0,25% փոխարեն) չափով պետական կրթական հաստատություններին իրականացված նվիրատվությունները նվազեցնել շահութահարկի հարկման բազայից, ինչպես նաև ԱԱՀ-ից ազատել անհատույց նվիրաբերած գույքը, նյութական և ոչ նյութական ակտիվները։
Քննարկման արդյունքում որոշվեց վերանայել համախառն եկամտից շահութահարկի նվազեցման տոկոսը, ինչպես նաև առավել մանրամասն համատեղ քննարկել հնարավոր արտոնությունների սահմանումը Պետական եկամուտների կոմիտեի, Ֆինանսների նախարարության և Էկոնոմիկայի նախարարության փորձագիտական թիմերի հետ։
Կարդացեք նաև
Հաջորդ ներկայացված նախագիծն առաջարկում էր մշակող արդյունաբերության ճյուղի գործատուներին փոխհատուցել ՀՀ ռեզիդենտ այն ֆիզիկական անձանց 12 ամսվա աշխատավարձերի և գանձված եկամտային հարկի գումարը, որոնք 12 ամսվա ընթացքում անընդմեջ այդ տնտեսավարողի հետ գտնվել են աշխատանքային հարաբերությունների մեջ և աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելուն նախորդող երեք ամսվա չեն գտնվել աշխատանքային հարաբերությունների որևէ տնտեսավարողի հետ:
Քննարկման ընթացքում կարևորվեց զբաղվածության և մարդկային կապիտալի զարգացման միջնաժամկետ և երկարաժամկետ միջոցառումների կարևորությունը, և արդյունքում որոշվեց ավելի մանրամասն ներկայացնել տնտեսական ազդեցության գնահատականը և լրամշակված տարբերակը ներկայացնել խորհրդի անդամներին։
Օրակարգի վերջին հարցը վերաբերում էր Հայաստանում օպցիոնի պայմանագրի հասկացության և դրա կիրառման հիմնական պայմանների սահմանմանը, օպցիոնի պայմանագրերի համար իրավակարգավորող դաշտի ստեղծմանը, որի քննարկման ընթացքում հնչեցին դրական կարծիքներ և որոշվեց համապատասխան գերատեսչությունների հետ համատեղ աշխատանքի և տեխնիկական դրույթների մասով խմբագրել արդեն իսկ շրջանառված նախագիծը։
Մամուլի հաղորդագրություն