«Հիմնական խնդիրը նրանում է, որ ապրիլի մեկի պայմանավորվածությունները չկատարելու եւ մարտի 29-ից ՀՀ-Ադրբեջան սահմանային այդ հատվածքում Ադրբեջանի ԶՈՒ տեղակայման արդյունքում որոշակի անճշտություններ կան՝ տեղակայման հետ կապված։ ՀՀ եւ Ադրբեջանի սահմանապահ ուժերի միջեւ ճշգրտումներ են ընթանում։ Քանի որ անճշտություններ կային, ՀՀ ԶՈՒ-ն իր պարտականությունները կատարելու նպատակով ժամանակավոր տեղակայվել էր այդ տեղամասում՝ մինչեւ խնդրի վերջնական ճշտում»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով Սյունիքի մարզի Տեղ համայնքի տարածքում ադրբեջանական սադրանքին՝ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նա նշեց․ «Այդ ճշգրտումների ընթացքում վերջին մեկ շաբաթում օրական անգամ տասնյակ դեպքեր են եղել, երբ ինժեներական աշխատանքի բերումով հայկական կողմն ու մյուս կողմը բանակցել են, ճշտել են։ Սրա բերումով է, որ ունեցանք հայտարարություններ, որ սահմանագծի ինչ-ինչ հատվածներում էլ խնդիրներ չկան։ Նման մի ճշգրտման բերումով տեղի է ունեցել այդ միջադեպը, որը բերել է հրմշտոցի, բախման, ցավոք՝ անցանկալի հետեւանքների»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ