Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Լիոնի քաղաքապետի հետ ժամանած պատվիրակությանը ապրիլի 11-ին հյուրընկալել են Քաղաքաշինության կոմիտեում:
Լիոն մետրոպոլի փոխնախագահ Պիեռ Աթանազի և ոլորտային մասնագետների հետ համագործակցության ուղիներն են դիտարկել Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը, տեղակալ Նունե Պետրոսյանը, մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչները:
Հյուրերն ընդգծել են քաղաքաշինությունը և կանաչապատումը համատեղելու կարևորությունը՝ կլիմայական փոփոխություններին դիմակայելու անհրաժեշտությունը հաշվի առնելով:
Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուները ներկայացրել են, որ Հայաստանի բոլոր մարզերի համար ներկայում մշակվող տարածական պլանավորման փաստաթղթերում, որոնք ուղենշում են համայնքների քաղաքաշինական զարգացումը, պարտադիր տեղ է հատկացված բնակավայրերի տարբեր նշանակության կանաչ գոտիների, հանրային տարածքների կազմակերպմանը: Դիտարկվել են նորմերում տեղ գտած կանաչապատմանը վերաբերող չափորոշիչները:
Կարդացեք նաև
Լիոնի գործընկերները պատրաստակամություն են հայտնել գործող կարգավորումներն ուսումնասիրելուց հետո աջակցել հայաստանյան գործընկերներին Լիոնում կիրառվող իրենց փորձով՝ լուծելու կանաչապատման միջոցով քաղաքային միջավայրում բարենպաստ միկրոկլիմայի ձևավորման խնդիրը:
ՀՀ քաղաքաշինության կոմիտե