«Օբյեկտիվ իրականությունն այն է, որ մեր վերջին նախատեսված հանդիպումը մենք հետաձգել էինք։ Այն պետք է կայանար տարեվերջին՝ Մոսկվայում, եւ պատճառն էր Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը։ Կրկնում եմ, որ այստեղ առանցքային է «հետաձգել» բառը, եւ մենք այժմ պատրաստ ենք վերսկսել հանդիպումներն ու այդ քննարկումները»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի մեղադրանքներին, թե «միջազգային միջնորդները փորձում են Հայաստանը վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ»։
Այս պնդմանն ի պատասխան Արարատ Միրզոյանը շեշտեց, որ անգամ հանդիպման հետաձգման պայմաններում բանակցային գործընթացը երբեք չի ընդհատվել․ «Այդ հետաձգումից հետո մենք մի քանի անգամ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ խմբագրական առաջարկներ ենք փոխանցել, եւ հիմա տարբեր միջնորդների եւ գործընկերների կողմից հնչել են առաջարկներ՝ նորից կազմակերպել հանդիպում։ Առաջիկայում հանդիպումներ, այո, տեղի կունենան»։
Բայրամովը, ինչպես եւ Իլհամ Ալիեւը, վերջերս ասել էին նաեւ, թե ՀՀ-ն «խոչընդոտում է Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրման գործընթացին»:
Կարդացեք նաև
Այս առիթով էլ Արարատ Միրզոյանն ասաց․ «Հայկական կողմի դիրքորոշումն այն է, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի շրջանակում պետք է հասցեագրվեն ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը։ Այս խնդիրների խումբը ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացի մի մաս է։ Վերջնական կարգավորումն առանց ԼՂ ժողովրդի իրավունքների հասցեագրման՝ մենք իրատեսական չենք համարում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ