Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե իրենք չէին համարում ԼՂ-ն Ադրբեջանի մաս, ապա ինչո՞ւ պետք է ԼՂ կարգավիճակի հարցը համաձայնեցվեր Ադրբեջանի հետ»․ Փաշինյան

Ապրիլ 12,2023 17:05

«Խաղաղ գործընթացի բանակցությունների շրջանակում ՀՀ-ն քանիցս հայտարարել է, որ Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներ չունի, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Սա որոշ շրջանակներ մեկնաբանում են որպես հրաժարում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքից։ Ինչպե՞ս կմեկնաբանեք»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

Նիկոլ Փաշինյանը գործընթացը բաժանեց երկու մասի՝ «մադրիդյան սկզբունքներից» առաջ եւ հետո․ «Մինչեւ այդ սկզբունքները հայկական կողմերի դիրքորոշումը եղել է այն, որ ԼՂ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում եւ ԽՍՀՄ փլուզման համատեքստում իրականացրել է ինքնորոշման իրավունքը ու ստացել անկախություն՝ ինչպես ԽՍՀՄ մյուս սուբյեկտները։ Հետեւաբար, չի եղել Ադրբեջանի կազմում, այլ անկախացել է ԽՍՀՄ-ից։ 2007թ․-ին իշխանության տրանզիտի շրջանում, երբ Սերժ Սարգսյանը վարչապետ էր, իսկ Ռոբերտ Քոչարյանը նախագահի պաշտոնն էր զբաղեցնում, ի հայտ եկան «մադրիդյան սկզբունքները», որոնցում ընդգծվում էր եւ տարածքային ամբողջականության, եւ ինքնորոշման սկզբունքը։ Արձանագրվում էր, որ պետք է ճշգրտվի ԼՂ կարգավիճակն ինչ-որ մեխանիզմով, եւ դրա ճշգրտման մեխանիզմը պետք է համաձայնեցված լինի նաեւ Ադրբեջանի կողմից։ Լրջագույն փոփոխություն է եղել, որովհետեւ եթե «մադրիդյան սկզբունքներից» առաջ հայկական կողմի դիրքորոշումը եղել է այն, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում երբեք չի եղել եւ հիմա էլ չէ, հետեւաբար՝ կարգավիճակի հարցում պայմանավորվելու կարիք չկա, ապա «մադրիդյան սկզբունքներով» արձանագրվեց, որ ԼՂ կարգավիճակի հարցում պետք է պայմանավորվածություն ձեռքբերվի Ադրբեջանի հետ»։

Փաշինյանը կրկնեց իր պնդումը, որ սրանով հայկական կողմը ԼՂ կարգավիճակի հարցը համաձայնեցնելու էր Ադրբեջանի հետ․ «Ըստ որոշ եւ հավաստի տեղեկությունների՝ «մադրիդյան սկզբունքների» հեղինակը հենց հայկական կողմն է։ Եթե իրենք չէին համարում ԼՂ-ն Ադրբեջանի մաս, ապա ինչո՞ւ պետք է ԼՂ կարգավիճակի հարցը համաձայնեցվեր Ադրբեջանի հետ։ Այստեղ է, որ ինքնորոշումը․․․ինքնորոշվել՝ նշանակում է լինել որեւէ տեղ եւ ինքնորոշման իրավունքի իրացմամբ այդ տեղից տեղափոխվել այլ տեղ։ «Մադրիդյան սկզբունքներից» առաջ այդ տեղը ԽՍՀՄ-ն էր, իսկ հետո՝ Ադրբեջանն է»։

Այս տրամաբանությամբ, ըստ Փաշինյանի, ստացվում է, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի մաս, որպեսզի ինքնորոշվի․ «Հակառակ դեպքում ումի՞ց էր ինքնորոշվելու։ Սա մեր մեծագույն բացթողումն էր, որ 2018-ից ժողովրդին չբացատրեցինք»։

«Մադրիդյան սկզբունքների» վերաբերյալ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծավալուն հարցազրույցը՝ այստեղ։

ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի մեկնաբանությունը՝ այստեղ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930