Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ ապրիլի 15-ին մեկնում է Խորվաթիայի մայրաքաղաք: Զագրեբում ապրիլի 17-ից 23-ը կայանալու է Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնելու են 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 61 կգ՝ Արսեն Հարությունյանը, 65 կգ՝ Վազգեն Թեւանյանը, 70 կգ՝ Արման Անդրեասյանը, 74 կգ՝ Հրայր Ալիխանյանը, 79 կգ՝ Արման Ավագյանը, 86 կգ՝ Մուշեղ Մկրտչյանը եւ 97 կգ՝ Սերգեյ Սարգսյանը:
Հաբեթնակ Կուրղինյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ տղաները պատշաճ մարզավիճակում են եւ տրամադրված են մարտականորեն: Մարզիչը հույս ունի, որ հավաքականի նորեկները եվրոպական մրցագորգում իրենց կդրսեւորեն լավագույն կողմերով:
Եվրոպայի առաջնությունը 2024 թ. Փարիզի ամառային օլիմպիական խաղերի համար վարկանիշային չէ: Օլիմպիական ուղեգրերի պայքարը կսկսվի աշխարհի առաջնությունից, որտեղ անհրաժեշտ է լինելու տեղ զբաղեցնել առաջին հնգյակներում: Եկող տարի նախատեսված է վարկանիշային երկու մրցաշար: Մայրցամաքային մրցաշարում օլիմպիական ուղեգիր կտրվի միայն եզրափակչի մասնակիցներին, իսկ համաշխարհային մրցաշարում՝ միայն լավագույն եռյակին: Սա նշանակում է, որ 3-րդ տեղ զբաղեցնող ըմբիշները պետք է միմյանց միջեւ լրացուցիչ գոտեմարտ անցկացնեն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ