ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ խոսել է բնակիչների հետ ու տեղեկացել, որ երեկ նաեւ կրակոցներ են եղել Գեղարքունիքի մարզում՝ Սոթքի հատվածում, մոտ 15-20 րոպե կրակոցներ են հնչել տարբեր տրամաչափի զենքերից. «Նաեւ տեղեկացա «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության աշխատակիցներից, որ իրենց անմիջապես տարհանել են հանքի տարածքից, որ վտանգները չեզոքացնեն, քանի որ անկանոն կրակոցներ են եղել: Քաղաքացիներին էվակուացրել են: Հիմա հարաբերական անդորր է: Մեկ-երկու խուլ ձայներ են լսվել այսօր»:
Անդրադառնալով Տեղ համայնքում տեղի ունեցած բախումներին՝ Թովմասյանն ասաց, որ այդ հատվածը բոլորովին վերջերս է դարձել առաջնագիծ. «Դուք տեսաք, որ առաջնագծին նմանվող որեւէ բան չկար այնտեղ: Մենք չունենք պաշտպանական գիծ եւ մեր զինվորները, սահմանապահ ծառայության աշխատակիցները չեն կարողանում ընդհանրապես պատկերացնել, թե ինչպես պետք է իրականացնեն Հայաստանի սահմանների պաշտպանությունը՝ բառի բուն իմաստով: Այն տեսանյութը, որը հրապարակվել է, գուցե դրանով ուզում էին ցույց տալ, թե ինչքան խելոք, հանգիստ կանգնած է հայ զինվորը եւ ագրեսիան գալիս է Ադրբեջանի կողմից, բայց ես կարծում եմ՝ այդ տեսանյութը կարելի էր ուղղակի ուղարկել միջազգային կառույցներին, ցույց տալ, թե ինչ է կատարվում, բայց հանրությունը չտեսներ, թե ինչքան անգործունակ էին կանգնած զինծառայողները, որ թշնամուն տեսնելիս նրան չեն ոչնչացնում: Դա լավ ազդակ չէ մեր քաղաքացիներին, որովհետեւ դասագրքային ճշմարտություն գոյություն ունի, եթե զինվորականը տեսնում է, որ թշնամին մոտենում է, նա այլ բան չունի անելու, քան վերացնել, ոչնչացնել թշնամուն, բայց մենք տեսանք, որ այդ կանոնը չէր պահվում ու ես չէի ցանկանա բացարձակ, որ այդ տեսանյութը շրջանառվեր: Հայ զինծառայողի ադեկվատ արձագանքը մենք տեսանք, որ առնվազն ուշացած էր»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ