Լրահոս
Օրվա լրահոսը

«Զոհերը երկկողմանի են, գիտե՞ք դրա մասին, մեր բանակը կռվել է, գիտե՞ք». Վահե Ղալումյան

Ապրիլ 12,2023 16:16

Այսօր Aravot.am-ը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Վահե Ղալումյանին հարցրեց՝ սահմանային ստեղծված իրավիճակի հետ կապված չե՞ք տեսնում իշխանությունների անգործությունը: Նա պատասխանեց. «Ի՞նչ անգործության մասին է խոսքը, եթե հրահրվել է Ադրբեջանի կողմից»:

Հարցին՝ կարո՞ղ էինք պատրաստված լինել, ինժեներական աշխատանքներն ավելի վաղ անել, ադրբեջանցիները 10 օր առաջ այդ հատվածում նոր տարածքներ են գրավել ու վերահսկող դիրք զբաղեցրել, կարո՞ղ էինք դա կանխել՝ նա պատասխանեց. «Միջադեպը տեղի է ունեցել ինժեներական աշխատանքները կատարելու պահին, չեմ հասկանում ձեր հարցի իմաստը: Ինժեներական աշխատանքները ընթացքի մեջ են եղել, ավելի վաղ են սկսված եղել»: Նա իշխանությունների մեղքը, անգործությունը չի տեսնում, այս անգամ չի մեղադրում նաեւ «նախկիններին» եւ Ռուսաստանին:

Հարցին՝ պատերազմից հետո ժամանակ ունեինք, իշխանությունները չէի՞ն կարող կանխել նման բախումները, պատրաստվեինք ու թույլ չտայինք, որ ադրբեջանցիները լավ դիրքավորվեին՝ նա պատասխանեց. «Այն, ինչ հնարավոր է, իշխանությունն անում է, տեսանելի չի՞»: Ասացինք՝ եթե տեսանելի լիներ, հիմա պիտի մենք տարածքներ գրաված լինեինք, մենք բարձունքներում լինեինք ու մենք վերահսկեինք՝ Ղալումյանն արձագանքեց. «Էդ արդեն ռազմական հնարավորությունների հարց եք քննարկում, պատերազմի ժամանակ դրա պատասխանը տրվել է՝ մենք կարայի՞նք դա անեինք, թե՞ ոչ, ունեի՞նք այդ հնարավորությունը, թե՞ ոչ»:

Հարցին՝ ընդդիմությունը մեղադրում է, որ այս ամենի մեղավորը իշխանությունն է, որովհետեւ պարտվողական քաղաքականություն է վարում, ցույց չի տալիս ատամներ եւ ադրբեջանցիները այսպես լկտի են իրենց պահում դրա արդյունքում՝ Ղալումյանը պատասխանեց. «Մենք ատամներ ցույց տալու կողմնակից չենք, մենք խաղաղ գործընթաց ենք տանում՝ իրավիճակը խաղաղ շտկելու համար»:

Թե այս թշնամու հետ ո՞նց են խաղաղությունից խոսում, երբ տեսնում ենք, որ խաղաղության լեզուն չեն հասկանում, պատգամավորն ի պատասխան հարցրեց՝ դուք ի՞նչ եք առաջարկում: Առաջարկեցինք ուժեղանալ եւ հարձակվել, ըստ Ղալումյանի, հենց դա էլ անում են. «Ձեզ թվում է, թե չի ստացվել, ուղղակի մենք ունենք ցավալի կորուստներ, այս ճանապարհն այդպես է, ուրիշ ձեւ չի ստացվում»:

Հեռանկարում ի՞նչ են տեսնում՝ ապագա կա՞, խեղճանալ ու սպասե՞լ է պետք նա պատասխանեց. «Ոչ, խեղճանալը ձեր ձեւակերպումն է, որի հետ համաձայն չեմ: Զոհերը երկկողմանի են, գիտե՞ք դրա մասին: Մեր բանակը կռվել է, գիտե՞ք»: Փարատո՞ւմ է դա՝ Ղալումյանը պատասխանեց. «Ինձ չի փարատում, իրավիճակը, իրականությունը ինձ ամբողջությամբ չի գոհացնում, բայց իրավիճակն այսպիսին է ու պետք է պայքարել խաղաղ կարգավորման համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930