Լրահոս
Օրվա լրահոսը

Հասցեագրելով աշխատաշուկայի առաջարկի և պահանջարկի միջև առկա բացը

Ապրիլ 12,2023 16:33

Ապրիլի 12-ին Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կազմակերպած միջոցառման ընթացքում ներկայացվեց աշխատաշուկայի մասնագիտական կազմի պիլոտային ուսումնասիրություն-վերլուծություն, որը նպատակ ունի աջակցելու մասնագիտական կրթության և ուսուցման համակարգին (ՄԿՈՒ): Վերլուծության արդյունքները կնպաստեն ՄԿՈՒ հաստատություններ ամենամյա տեղերի ընդունելությունը պլանավորելիս տեղեկացված որոշումներ կայացնելուն:

Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԶԾ «Հայաստանի մարզաբնակ երիտասարդների զբաղվածության և տնտեսական հնարավորությունների բացահայտում» ծրագրի շրջանակում: 2022 թվականի ապրիլին մեկնարկած ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանի մարզերում երիտասարդների կրթական հնարավորությունների բարելավմանը, նրանց ներուժի իրացմանը, կրթությունից աշխատաշուկա անցման դյուրինացմանը և հետագա բարեկեցության ապահովմանը:

Զբաղված աշխատուժի վերարտադրության խնդիրը սահմանում է աշխատաշուկայի վերլուծության հիմնական ուղղությունը, որը կարևոր է ՄԿՈՒ ընդունելությունների պլանավորման և մասնագիտական կրթության իրականացման համար:

«Տարիներ շարունակ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրն աջակցում է մասնագիտական կրթության և զբաղվածության ոլորտներին՝ ապահովելու ուսուցման հնարավորությունների հավասար հասանելիություն և խթանելու երիտասարդների զբաղվածությունը: Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում մենք ունենք առաջադեմ մարդակենտրոն մոդելներ և քաղաքականություններ:

Հուսով ենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների հետ համատեղ ստեղծված այս վերլուծական աշխատանքը կաջակցի քաղաքականության և որոշումների կայացման գործընթացներին՝ կրթական ծրագրերն աշխատաշուկայի պահանջարկի հետ ավելի լավ կամրջելու համար»,- ասաց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին։

Միջոցառման մասնակիցներին` պետական մարմինների, շահագրգիռ կազմակերպությունների, փորձագիտական և դոնոր համայնքի  ներկայացուցիչներին, ինչպես նաև քաղաքականություն մշակողներին և տեխնիկական մասնագետներին, ներկայացվեց քանակական մեթոդաբանություն, որը հիմնված է աշխատուժի  վերլուծության և միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության արդյունքում մշակված վիճակագրական գործիքակազմի վրա: Այն հնարավորություն է ընձեռում ՄԿՈՒ հաստատությունների ընդունելության տեղերի պլանավորման վերաբերյալ առաջարկություններ ձևավորել` հիմնվելով տարբեր մասնագիտությունների համար աշխատաշուկայի պահանջարկի վրա:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշեց, ըստ կրթության ռազմավարության մինչև 2030թ.-ը սահմանված գործողությունների, նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում նախատեսվում է հստակեցնել բոլոր այն մասնագիտությունների, ինչպես նաև տվյալ մասնագետներին պատրաստող ուսումնական հաստատությունների ցանկը, որոնց կարիքը Հայաստանն ունի:

«Թե՛ մասնագիտությունների հստակեցման, և թե՛ այդ մասնագիտությունների պատրաստման գործընթացն առավել նպատակաուղղված և այդ մասնագետների քանակը պլանավորելու համար մեզ համար շատ կարևոր է աշխատաշուկայի պահանջարկի մասին հստակ տեղեկատվության առկայությունը: Այս մեթոդաբանությունը, որի միջոցով արդեն իսկ ստացվել են որոշակի տվյալներ, կարծում եմ մեզ համար ուղենշային է դառնալու մոտ ապագայում», – ասաց տկն. Սվաջյանը։

Շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին և պետական գերատեսչություններին, ովքեր ներգրաված են եղել պիլոտային ուսումնասիրություն-վերլուծության և մեթոդաբանության ստեղծման գործում՝ ՀՀ փոխվարչապետի խորհրդական Վիկտորիա Այդինյանը նշեց, որ արագ փոփոխվող աշխարհում մարդկային կապիտալի զարգացումն ու դրան նպաստող համակարգերի ստեղծումն անհրաժեշտություն է:

«Աշխատաշուկայի վերլուծության գործիքի առկայությունը կարևոր է, որովհետև հարափոփոխ աշխարհում աշխատաշուկայի կարգավորման առաջնահերթ գործառույթներից մեկը պետության  կողմից տեղեկատվական անհամաչափության խնդիրը կարգավորելն է: Տեղեկատվության ամենակարևոր շահառուն պետությունն է, քանի որ աշխատաշուկայի վերլուծությունն է, որ պիտի դրվի տնտեսական, կրթական և սոցիալական պաշտպանության ոլորտների քաղաքականություններում»,- ասաց Վիկորիա Այդինյանը։

Միջոցառման նպատակն էր զարգացնել պետական մարմինների և այլ շահագրգիռ կողմերի կարողությունները՝ վերանայելու, համապատասխանեցնելու և իրականացնելու կրթության և ուսուցման ազգային քաղաքականությունները և ռազմավարությունները՝ ըստ որակյալ աշխատուժի  աշխատաշուկայի պահանջարկի։

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930