Տեղ գյուղում տեղի ունեցած սադրանքների հետ կապված այսօր ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ այս պահին հարաբերական անդորր է, մարտական գործողություններ չկան. «Դիրքային փոփոխություններ չեն եղել: Որեւէ փոփոխություն չկա»:
Թե ինչու չհաջողվեց կանխել այս իրավիճակը՝ նա պատասխանեց. «Բայց դուք ի՞նչ գիտեք՝ ինչն է կանխվել»:
Դիտարկմանը, որ ՊՆ-ի տարածած տեսանյութից երեւում է՝ ադրբեջանական «Պիկապը» մոտենում է հայկական դիրքին, զինվորականները չգիտեի՞ն՝ ինչ պետք է լիներ, նախապես կանխեին, զգուշացնող կրակոց լիներ՝ Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Նման սադրիչ հարցեր խնդրում եմ այլեւս չտաք, դուք դրանով բանակի մեջքն եք կոտրում: Ինչո՞ւ չկրակեցին: Ադրբեջանական «Պիկապը» իրենց վերահսկող տարածքից մոտենում էր մեր դիրքերին, որպեսզի ինչ-որ բանակցային խնդիր լիներ, այդտեղ բանակցություններ են անընդհատ ընթանում: Եկել, բան են պահանջել, որ մերոնք ինժեներական աշխատանքները դադարեցնեն կամ նման մի բան, մերոնք էլ պատասխան են տվել ըստ արժանվույնս, դրանից էլ մարտական գործողություններ են սկսվել: Մարտական գործողություններ ենք անում, ասում եք՝ խի եք արել, չենք անում, ասում եք բա խի՞ չկրակեցիք, սրանից էլ ավել կրակե՞լ: Բանակը իր առջեւ դրված խնդիրը կատարել է, մեր զինվորները երեկ Ադրբեջանի սանձարձակություններին արժանի պատասխան են տվել: Իհարկե, երեկ մարտական գործողություններն ավարտվել են նաեւ մեր զինծառայողների զոհվելով, փառք ու պատիվ նրանց, բայց երեկ բանակը իր առջեւ դրած խնդիրը փայլուն կատարել է, դժվարությամբ, բայց կատարել է»:
Ըստ ՔՊ պատգամավորի, այնտեղ լուրջ ինժեներական աշխատանքներ է հայկական կողմն իրականացնում ու ադրբեջանցիները ամեն կերպ փորձում են խոչընդոտել, որ չիրականացվեն:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ