Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե չի եղել բանակցություն, ապա ինչո՞ւ կրակ չի բացվել, ո՞վ է տալիս կրակ չվարելու հրամանը»․ Տիգրան Աբրահամյանը՝ պաշտպանության փոխնախարարին

Ապրիլ 12,2023 13:52

«44-օրյա պատերազմից հետո պայմանական նոր ձեւավորված բնագծերում՝ Սոթքից մինչեւ Ներքին Հանդ, շատ միջադեպեր են գրանցվում։ Վերջին ողբերգական միջադեպը երեկ էր, երբ հայկական կողմը չորս զոհ է ունեցել։ Այդ «բանակցություն» ասվածը, որը տեղի է ունենում հայ եւ ադրբեջանցի զինծառայողների միջեւ, թեեւ հասկանալի չէ, բայց սահմանային ճշգրտումների համատեքստում ինչպե՞ս է կանոնակարգվում։ Որեւէ հատվածում ո՞վ է հրաման տալիս կամ լիազորություն ընձեռում որեւէ հրամանատարական կազմի՝ բանակցելու համար ադրբեջանցիների հետ»,- ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նման հարց տվեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին, որը խորհրդարան էր եկել ոլորտին վերաբերող նախագիծ զեկուցելու։

Տիգրան Աբրահամյանը նաեւ հարցրեց՝ տարբեր տեղերից դեպի հայկական դիրքեր եկող ադրբեջանցիների հանդեպ կրակ չվարելու հրամանն ո՞վ եւ ինչպե՞ս է տալիս։

Արման Սարգսյանը նախ նշեց, որ եթե տեղում կայանում են բանակցություններ, ապա որպես կանոն՝ հրամանատարների միջոցով են արվում՝ ներքին պայմանավորվածությունների հիման վրա․ «Որեւէ կերպ հնարավոր չէ կանոնակարգել, թե որ պահին կառաջանա բանակցելու կարիք, որովհետեւ բանակցություն ասվածը լայն հասկացություն է։ Անգամ փոքր հարցի շուրջ պայմանավորվածությունը բանակցության ձեւ է։ Տեղում լինում են սպաներ, որոնք որեւէ կերպ դժվար իրավիճակներում օպերատիվ լուծումներ են գտնում՝ հաճախ իրենց հրամանատարների հետ ճշգրտելուց հետո»։

Ինչ վերաբերում է հարցին, թե սահմանն ով է որոշում, փոխնախարարը հղում արեց սահմանազատման-սահմանագծման հարցերով ՀՀ-Ադրբեջան հանձնաժողովին․ «Բայց տեղային վեճերը, որոնք ծագում են ներկայացված քարտեզների կամ այլ պնդումների միջոցով, լուծվում են տեղում։ Եթե անունը կդնեք բանակցություն, ապա բանակցության, պայմանավորվածությունների, զրույցների ձեւով․․․տեղում իրավիճակ է լինում, որ թեկուզ փոքր հրամանատարն անմիջապես արձագանքում է եւ չի թողնում, որ խնդիրը վերածվի մեծ բախման»։

Տիգրան Աբրահամյանը նկատեց, որ ասվածում հակասություն կա․ «Երեկվա միջադեպը բերել է ողբերգական հետեւանքների։ Եթե մի կողմից կա սահմանազատման հանձնաժողով, եւ դրա հիմքում կան սկզբունքներ, ապա անհասկանալի է տեղում զինվորականների նախաձեռնողականություն վերցնելը։ Բանակցությունները կոնկրետ գործընթաց են ենթադրում։ Բացի այդ, երբ մարտական հենակետի ուղղությամբ գալիս են ադրբեջանցի զինծառայողներ, կանոնագիրքը այլ բան է սահմանում։ Մեծ թվով դեպքեր են եղել, որոնց հետեւանքով անհրաժեշտ միջոցներ չեն արվել։ Բանակցությունների «տապալման» հետեւանքով, չկանոնակարգված լինելու հանգամանքում չորս զինվոր է զոհվել»։

Այստեղ Տիգրան Աբրահամյանի խոսքն ընդհատվեց, քանի որ ՔՊ-ի շարքերից ինչ-որ պատգամավոր ռեպլիկ արեց, որը նիստի ուղիղ հեռարձակմամբ լսելի չէր։ Նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը Տիգրան Աբրահամյանին կոչ արեց վեճի մեջ չմտնել ու հարցն ավարտել․ «Բոլորդ լռեք հիմա»։

«Ի՞նչ, ի՞նչ ես ասում»,-նետեց Տիգրան Աբրահամյանը եւ ասաց, որ հարցն ավարտել է։

Արման Սարգսյանը Տիգրան Աբրահամյանի նկատառման հետ կապված անհամաձայնություն արտահայտեց․ «Բանակցությունների բացակայության պատճառով չէ, որ դա տեղի է ունեցել։ Ադրբեջանցիների կողմից սադրանք է եղել, եւ դա երեւում է նաեւ ՊՆ-ի տարածած տեսագրությամբ։ Մոտեցել են, սադրել, հետո կրակ բացել։ Իսկ սահմանազատման հանձնաժողովի արդյունքները հրապարակային են։ Երեկվա միջադեպը բացատրել որպես բանակցության չկայացում․․․ոչ, ինժեներական աշխատանքների մոտ են եկել ու սադրել, որի պատճառով եղել է միջադեպը»։

Ինչ վերաբերում է իրադրությանը սահմանին, փոխնախարարը հայտնեց, որ օպերատիվ իրավիճակը հարաբերականորեն կայուն է։

«Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանն էլ Արման Սարգսյանին հարցրեց՝ այն դիրքը, որտեղից երեկ ադրբեջանցիները «պիկապով» դուրս են եկել ու շարժվել դեպի հայ զինծառայողները, ե՞րբ են այն զբաղեցրած եղել։ Արման Սարգսյանը պատասխանեց․ «Դեպքը եղել է Տեղ գյուղում՝ ինժեներական աշխատանքի իրականացման ընթացքում։ Սրանով ամեն ինչ ասված է»։

Արթուր Խաչատրյանն արձագանքեց․ «Կարող եմ ենթադրել, որ դուրս են եկել այն կետից, որում հայտնվել են մարտի 29-ին կամ 30-ին»։

Արդեն ելույթի ժամանակ Տիգրան Աբրահամյանը դիմեց Արման Սարգսյանին․ «Մի կողմից ասում եք, որ բանակցությունը չի տապալվել, եղել է սադրանք։ Այո, եղել է եւ այն նախաձեռնել են ադրբեջանցիները։ Բայց ձեր ասածում կա հակասություն։ Ադրբեջանական մարտական դիրքերից նրանք շարժվել են հայկական հենակետի ուղղությամբ։ Եթե չի եղել բանակցություն, եւ ըստ ձեզ՝ չի եղել, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ կրակ չի բացվել։ Չի բացվել, որովհետեւ ենթադրվում է, որ այդ ընթացքում բանակցություններ են եղել։ Եվ այս ընթացքում քանիցս քաշքշուկների, ծեծկռտուքների դեպքեր են եղել։ Բա հարց է առաջանում՝ ո՞նց է դա կանոնակարգվում կամ ո՞վ է որոշում, թե այդ ուղղությամբ ով է բանակցում։ Իրավունք ունե՞նք զինվորների անվտանգությունը թողնել իրավիճակային լուծումներին։ Կրկնում եմ, որ ադրբեջանցիների սադրանքը կասկածի տակ չի դրվում, բայց ձեր ասածում, միեւնույնն է, կա նշյալ հակասությունը։ Ի՞նչ է իրականում եղել»։

ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը Տիգրան Աբրահամյանին մեղադրեց, թե ադրբեջանական սադրանքը կասկածի տակ է դրել, կասկած է հնչեցրել, թե չորս հայ զինծառայողների մահվան պատճառն այդ սադրանքը չէ։ Ըստ Հասմիկ Հակոբյանի՝ ադրբեջանական քարոզչամեքենան հաջողությամբ կօգտագործի Տիգրան Աբրահամյանի ուղերձը։

Արձագանքելով՝ Տիգրան Աբրահամյանը շեշտեց, որ 3-4 անգամ կրկնել է՝ իրավիճակի հրահրողն ու պատասխանատուն Ադրբեջանն է, սակայն Հասմիկ Հակոբյանը չգիտես ինչու համարում է, որ իր խոսքերը կարող են ծառայել ադրբեջանական քարոզչամեքենային։ «Այն զիբիլանոցը, որն «արտադրում» են ադրբեջանական քարոզչամիջոցները, վաղուց հայտնի է, բայց, խնդրում եմ, գնահատականները ճիշտ որակել»,-եզրափակեց Տիգրան Աբրահամյանը։

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց․ «Ինձ թվում է այս բանավեճն առաջացել է նրանից, որ ուղիղ եթերում որոշել ենք զինվորական օպերացիա քննարկել։ Մանավանդ, որ «Հայաստան» դաշինքն առաջարկեց փակ քննարկում անել, եւ առաջարկը հիմա քննարկման ընթացքում է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930