Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենսդրական նախաձեռնությամբ՝ ոստիկանության ծառայողներն աշխատավարձի կրկնակիի չափով հավելավճար կստանան ատեստացիան անցնելու դեպքում 

Ապրիլ 12,2023 14:04

Գործադիրն օրենսդրական փաթեթով առաջարկում է ոստիկանության համակարգում ներդնել ատեստավորման նոր համակարգ, որը նպատակ է հետապնդում բարձրացնել ծառայության գրավչությունն ու որակյալ եւ բարեվարք կադրերին տրամադրել սոցիալական ավելի բարձր երաշխիքների փաթեթ` ի դեմս հավելավճարի հաշվարկման:

ԱԺ-ի` ապրիլի 12-ի նիստում քննարկվել է ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

«Երեք տարվա ընթացքում ոստիկանության գործող ծառայողները հնարավորություն կունենան մասնակցել ատեստավորման ընթացքին, եթե հաջող կերպով հաղթահարեն այն, կստանան հավելավճար, կկարողանան ավելի բարձր աշխատավարձով շարունակել ծառայությունը: Հնարավոր է` ծառայողները գիտելիքի պակաս ունենան, 3 տարում 1 անգամ կանցնեն վերապատրաստման խողովակով, ինչից հետո ատեստացիա կլինի: Եթե ծառայողն առաջին ատեստացիան հաջող չանցնի, 3 տարվա ընթացքում եւս 2 հնարավորություն կստանա, եթե դրանք էլ չկարողանա անցնել` կազատվի աշխատանքից: Ներքին գործերի նախարարությունը զբաղվում է ոստիկանության ծառայողների ատեստավորման հարցաշարերի մշակման աշխատանքներով, ընթացքը փակ եւ գաղտնի է լինելու: Ատեստացիան միայն հաջող կերպով անցած ծառայողները հնարավորություն կունենան հավելավճար ու պատասխանատու պաշտոն ստանալ»,- զեկույցում նշել է նախագծի հիմնական զեկուցող Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը:

Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ ոստիկանության ծառայողների հավելավճարների վճարման կարգը, պայմաններն ու չափը կսահմանվեն Կառավարության որոշման շրջանակում: Առաջարկվել է փաթեթն ուժի մեջ դնել 2023 թվականի մայիսի 1-ից:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հետաքրքրվել է` ոստիկանության ծառայողներն ատեստացիայի նվազագույն շեմը հաղթահարելու դեպքում աշխատավարձի քանի՞ տոկոսի չափով հավելավճար կստանան:

«Հավելավճարները կլինեն աշխատավարձերի կրկնակիի չափով: 50 հարցից 30-ին ճիշտ պատասխանելու դեպքում ծառայողներն ատեստացիան բարեհաջող կերպով անցած կհամարվեն»,- նշել է փոխնախարարը:

Ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հարցի` Արփինե Սարգսյանը հայտնել է նաեւ, որ ոստիկանությունում շուրջ 12.000 ծառայող կա. նրանք պետք է վերապատրաստվեն ու ատեստավորվեն:

Հարակից զեկուցող, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն առաջարկներով է հանդես եկել ու նշել, որ նախագծով պետք է սահմանել` ոստիկանապետը եւ տեղակալները եւս պարտադիր ատեստացիա պետք է անցնեն: Ատեստացիայի արդյունքները 20-25 տարի պետք է պահպանվեն էլեկտրոնային շտեմարանում: Պատգամավորը հայտնել է նաեւ, որ նախագիծը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում ու ստացել դրական եզրակացություն:

Ելույթի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հավաստիացրել է, որ ոստիկանության ծառայողների ատեստավորումը համակարգում առկա անտեսանելի խնդիրներին ծանոթանալու հնարավորություն է:

Փոխնախարարը վերահաստատել է` ատեստացիան նպատակ ունի ստուգել` ծառայողը համապատասխանո՞ւմ է պաշտոնին, թե՞ ոչ:

«Ոստիկանապետի ու տեղակալների ատեստացիայի մասին հարցը կքննարկենք առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմով: Էլեկտրոնային եղանակով տվյալների հավաքագրման մասով հարցերը կկարգավորվեն Կառավարության որոշման շրջանակում»,- նշել է Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930