«Տեղ գյուղի դիրքերում հայ զինվորականների սպանության մասին ՊՆ-ի հրապարակած տեսանյութն իրականում այնքան պարզ չէ, ինչպես ՊՆ-ն է փորձում ներկայացնել»,-Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն՝ անդրադառնալով, երեկ Սյունիքի մարզի Տեղ գյուղում տեղի ունեցած հայ-ադրբեջանական բախումներին եւ ՀՀ ՊՆ-ի տարածած տեսանյութին։
«Առաջին դիտումից հետո արձագանքս ջղայնություն էր, թե ինչո՞ւ են մի քանի տասնյակ հայ զինվորականներ թողնում, որ զինված ադրբեջանցիներն ավտոմեքենայով, օրը ցերեկով մոտենան իրենց, կռիվ սարքեն, հետո սկսեն կրակել։ Այնուամենայնիվ, տեսանյութը մի քանի անգամ ուշադիր դիտելուց հետո բազում հարցեր են առաջանում։ Նախ՝ տպավորություն է ստեղծվում, որ մինչ ավտոմեքենայի գալը հավաքված մարդկանց այդ մեծ խմբում իրականում և՛ ադրբեջանցիներ, և՛ հայեր կան։ Այսինքն, կոնֆլիկտը սկսվել է ոչ թե պիկապով եկած ադրբեջանցիներից, այլ ավելի վաղ։ Նաև կադրում շատ կարճ ադրբեջանական մի դիրք է երևում՝ մեր դիրքից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա»,- ՀՀ ՊՆ-ի տարածած տեսանյութի ուսումնասիրությունից իր դիտարկումները փոխանցեց փորձագետը։
Իր վերջնական տպավորությունը, որը չի բացառվում, որ կարող է եւ սխալ լինել, հետեւյալն է. «Հայ զինվորականներն անզեն կռվի են բռնվում մի քանի անգամ ավելի շատ ադրբեջանցիների հետ, ինչը լրիվ հակառակն է այն առաջին տպավորությանը, թե իբր մի քանի ադրբեջանցի գալիս ու կրակում են մի քանի տասնյակ հայ զինվորականների վրա»։
Կարեն Վրթանեսյանի կարծիքով, ՊՆ-ն առնվազն պարտավոր է մանրամասն բացատրել, թե ի՞նչ է կատարվում իրենց իսկ հրապարակած տեսանյութում եւ, ընդհանրապես, հանրությանը տեղեկացնեն միջադեպի մանրամասները։
Կարդացեք նաև
«ՊՆ-ն իրավունք չունի այսպես անպատասխան թողնելու այս հարցերը, քանզի իրենց տարածած նյութից շատերի մոտ տպավորություն է ստեղծվում, որ հայ զինվորականները ուղղակի կանգնած սպասում են, մինչև թուրքը գա, իրենց վրա կրակի»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ