Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է եղել երեկ Սյունիքում ու ինչ է լինելու. Վարուժան Գեղամյան

Ապրիլ 12,2023 12:08

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը

Ի՞նչ է եղել երեկ Սյունիքում ու ի՞նչ է լինելու

Եթե մի կողմ դնենք բոլոր տարաբնույթ քարոզչական հնարքները, ապա չոր հաշվով ունենք հետևյալը։

◾️Մոտ 10 օր առաջ առանց որևէ կրակոցի ու դիմադրության Ադրբեջանի զինված ուժերը մտել էին Արցախի Քաշաթաղի շրջանի հանձնումից հետո Սյունիքի մարզի սահմանամերձ դարձած Տեղ գյուղի տարածք, գրավել բավական զգալի հայկական հող ու կառուցել այնտեղ իրենց նոր դիրքերը՝ այդպիսով լիարժեք վերահսկելով թե՛ Տեղ գյուղը, թե՛ հարակից գոտին։

◾️Երեկ հենց այդ նոր գրաված հատվածներից նրանք կրակ են բացել հայկական բանակի վրա, օգտագործել են ծանր հրետանի և արդյունքում մեզ պատճառել նոր կորուստներ։

◾️ՀՀ դե-ֆակտո պաշտպանության նախարարությունն ասում է, որ մենք երեկ դիրքային կորուստ չենք ունեցել։ Բայց չի ասում, որ ոչ թե դիրքային, այլ տարածքային նոր կորուստ ունեցել ենք 10 օր առաջ, որի պատճառով հնարավոր է դարձել երեկվա հարձակումը։

◾️ՀՀ դե-ֆակտո կառավարությունը միայն չի կատարել իր վրա դրված գլխավոր պատասխանատվությունը՝ մեր պետության սահմանների պաշտպանությունը, այլև ամենօրյա ռեժիմով կենտրոնացած է բացառապես իրենց ցանկացած ընդդիմախոսի վրա բռնաճնշումներով և երկրորդային նշանակության հարցերով (օր.՝ ինչ-որ փառատոններ, ակադեմիական քաղաքներ և այլն)։ Սա կոչվում է անարժան կառավարում։

◾️Ադրբեջանը տեսնում է, որ ՀՀ դե-ֆակտո կառավարությունն իրեն չի դիմադրելու։ Բաքվում և Անկարայում ամենօրյա ռեժիմով արձանագրում են, որ հայկական պետությունը ոչ մի էական գործ չի անում թուրք-ադրբեջանական առաջիկա հարձակումները չեզոքացնելու ու սեփական քաղաքացիներին պաշտպանելու համար։ Բնականաբար, դա իրենց համար գլխավոր խթանն է շարունակելու հարձակումները և աստիճանաբար, մանր-մանր քայլերով չհայտարարված պատերազմում նվաճել Սյունիքի մարզը։

◾️Արդյունքում մենք ունենք.

– նոր տարածքային կորուստներ,

– նոր զոհեր

– հերթական հայաթափվող համայնքը Տեղ գյուղում և հարակից շրջաններում

– թշնամու շարունակաբար աճող ճնշում ու հարձակումներ

– Հայաստանի դե-ֆակտո իշխանություն, որն ունակ չէ ոչ միայն կանխատեսել առկա մարտահրավերները, այլև դրանց դիմագրավել։ Դա ապացուցվում է առնվազն 2020 թ. նոյեմբեր – 2023 թ. ապրիլ ժամանակահատվածի բոլոր իրադարձություններով։

– ՀՀ դե-ֆակտո իշխանությունների բոլոր քաղաքական առաջարկներն ու ծրագրերը («հայելային հետքաշում», «խաղաղության դարաշրջան», «արդար լուծում» և այլն) լիարժեք տապալված են։

Այստեղից հարց. ինչո՞ւ պետք է ներկայիս դե-ֆակտո իշխանությունը հրաժարական չտա ու չհեռանա։

Պարզ պատասխան. որովհետև ՀՀ դե-ֆակտո վարչապետի ու իր գլխավոր ՔՊ-ական խմբավորման համար վերոնշյալ բոլոր խնդիրներից առավել կարևոր է սեփական իշխանությունը պահելը՝ նույնիսկ եթե դա արժենում է տարածքային ու մարդկային կորուստներ։

Սա ոչ թե կուսակցական պայքարի կամ կենցաղային քաղաքականության հարց է, այլ իրական խնդիր, որը թակելու է ՀՀ ու Արցախի յուրաքանչյուր բնակչի դուռը, ինչպես որ թակել է Տեղ գյուղում կամ Ջերմուկում։

Հանրային մշտական ճնշման բացակայության պարագայում այս ամենն անխուսափելիորեն շարունակվելու է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930