Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարդկային պատկերացումներից դուրս են ականատեսների վկայությունները, որ մեկ անգամ եւս վկայում են՝ դահիճն իր ձեռագիրը երբեք չի փոխում. «Հայաստանի Հանրապետություն»

Ապրիլ 12,2023 11:44

Խորհրդային տարիներին հայերի նկատմամբ իրականացվող խտրական քաղաքականությունը, որ ուղեկցվում էր բռնություններով եւ հետապնդումներով, բանտարկությամբ, արցախյան շարժման տարիներին իր գագաթնակետին հասավ: Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից ու հանրապետության հայաշատ մյուս բնակավայրերից հետո մարդկանց դեմ իրականացվող հանցագործությունը միջնադարյան դաժանություններով հատկապես առանձնացավ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում:

Փորձելով գլխատել շարժումը եւ ահաբեկել մարդկանց` ստիպելով նրանց ընդմիշտ լքել մշտական բնակավայրերն ու հեռանալ հարազատ օջախներից, Ադրբեջանի իշխանությունները, օգտվելով Մոսկվայի թողտվությունից, շարունակ հանցավոր ծրագրեր էին մշակում ու հետամուտ լինում դրանց իրագործմանը: Շուշիի, Հադրութի, Մարտունու եւ Ասկերանի շրջանների ծայրամասային բնակավայրերի հայաթափումից հետո Ադրբեջանն աննախադեպ հարձակում ձեռնարկեց Մարաղա գյուղի ուղղությամբ:

Մի քանի ժամ տեւած հրետակոծություններից հետո Միր-Բաշիրի որջից ազերական ստորաբաժանումները 1000-ից ավելի զինվորականներով 1992-ի ապրիլի 10-ի լուսաբացին ներխուժեցին Մարաղա եւ դիմելով սահմռկեցուցիչ ոճրագործությունների, արյան մեջ խեղդեցին խաղաղ բնակչությանը: Առնվազն 100 մարդ` հիմնականում կանայք, ծերեր եւ երեխաներ, զոհ դարձան նախապես մշակված ռազմագործողության: Վեց տասնյակից ավելի մարդ գերեվարվեց թշնամու կողմից, գրեթե նույնքան մարաղացիներ դիմադրելու ժամանակ ծանր վիրավորվեցին, իսկ շատերի ճակատագիրն առ այսօր անհայտ է մնում:

Գազանային հրետակոծություններից ցնցված էր Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսը, որը ողբերգական դեպքերից մի քանի օր անց հայտնվել էր Մարաղայում: Չթաքցնելով իր ծանր ապրումներն ու դժոխքից ստացած տպավորությունները՝ հետագայում Մարաղայի իրադարձությունների վերաբերյալ հրատարակված իր «Էթնիկ զտումները շարունակվում են» գրքում ադրբեջանցի զինվորականների անմարդկային գործողությունների, նրանց իրականացրած հայերի սպանդի մասին բարոնուհին նշել է. «Նրանք մարդկային ցեղից չեն: Մարաղայի սպանդի ամենադաժան, ցնցող տեսարաններից մեկը մարդկանց գլխատված մարմիններն էին: Ես տեսել եմ, թե ադրբեջանցիներն ինչպես են անդամահատում հայերին, վառում նրանց դիակները: Դժվար չէր ենթադրել, թե մարդկային խիղճը կորցրած այդ հանցագործներն ինչպես էին կանանց, ծերերին ու երեխաներին կենդանի վառել կրակի վրա»:

Մարդկային տրամաբանությունից ու պատկերացումներից դուրս են ականատեսների վկայությունները, որոնք մեկ անգամ եւս վկայում են այն ճշմարտության մասին, որ դահիճն իր ձեռագիրը երբեք չի փոխում:

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930