Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Համակարգային կոռուպցիան արմատախիլ արվա՞ծ է, ինչպես Փաշինյանն էր պնդում»․ պատգամավորը՝ ԿԿՀ անդամի թեկնածուին

Ապրիլ 12,2023 11:36

«Ձեր կարծիքով մեր երկրում համակարգային կոռուպցիա կա՞։ Եթե այո, ապա ո՞ր ոլորտներում է այն առավելապես արտահայտված։ Իսկ եթե կարծում եք, որ ոչ, ապա ինչո՞վ կբացատրեք ԱՄՆ պետդեպի մարդու իրավունքների մասին զեկույցում նշված փաստը, որ ՀՀ-ում առկա է համակարգային կոռուպցիա»,- ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում Արամայիս Փաշինյանի թեկնածության հարցի քննարկման ժամանակ հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

Նա հիշեցրեց, որ 2018թ․-ից կարճ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանը պնդում էր, թե համակարգային կոռուպցիան ՀՀ-ում արմատախիլ է արված։

Արամայիս Փաշինյանը պատասխանեց․ «Այն ընկալմամբ, որն ընդունված է հանրային ընկալման մեջ, կարծում եմ՝ չկա այդ համակարգային կոռուպցիան, բայց կոռուպցիայի սահմանումը շատ լայն է։ Պարզ կաշառքից բացի՝ կոռուպցիայի այլ տեսակներ էլ կան։ Օրինակ՝ հովանավորչությունը, խնամի-ծանոթ-բարեկամությունը։ Այս երեւույթները նույնպես արմատացած են մեր կառավարման համակարգում, որոնց դեմ պետք է հաջորդ փուլով պայքարել։ Միջազգային գնահատականները՝ կոռուպցիայի ընկալման համաթիվը, ճշգրիտ ցույց են տալիս համակարգային կոռուպցիայի փոփոխությունը։ Եթե տասը տարվա կտրվածքով նայենք, ապա համաթիվը օբյեկտիվ ցուցանիշ է՝ անկախ սուբյեկտիվ գնահատականներից»։

Արմենուհի Կյուրեղյանն արձանագրեց, որ իր հարցին հստակ պատասխան չտրվեց՝ այո՞, կամ ոչ․ «Կարո՞ղ եմ ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը չգիտեր, որ կոռուպցիան միայն կաշառքը չէ։ Իսկ գուցե իմանալով՝ չուզե՞ց հասարակությանը տեղյակ պահել մյուս դրսեւորումների մասին»։

Արամայիս Փաշինյանը նկատեց, որ հարցադրումը քաղաքական գնահատական է ենթադրում, ուստի կշրջանցի այն։

Ապա ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ որեւէ երկրում կոռուպցիան արմատախիլ արված չէ, բայց եւ կան շատ երկրներ, որտեղ այն չի հանդուրժվում․ «Դժբախտաբար, տարբեր պատճառներ կան, եւ մեր հասարակությունը մի կողմից դա դեռ հանդուրժում է, նաեւ դատապարտում է»։

Վիգեն Խաչատրյանը նաեւ հայտարարեց՝ իրենց իշխանությունը սխալներ անում է, բայց չի խաբում եւ ժողովրդին արկածախնդրության չի տանում։ Վիգեն Խաչատրյանը ձեռքն ուղղեց ընդդիմության կողմը եւ հայտարարեց, որ իրենց աթոռների դատարկ լինելը քաղաքական կոռուպցիայի արդյունք է։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930