Երեկ՝ ապրիլի 11-ին Սյունիքի մարզի Տեղ համայնքում վիրավորված 6 վիրավորները Գորիսի բժշկական կենտրոնից տեղափոխվել են Երեւան։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց կենտրոնի տնօրեն Դավիթ Մաշուրյանը։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները տեղակայման վայրերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ինժեներական աշխատանքներ կատարող ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչներին, սադրել ու տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ բացել ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների եւ դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 4 զոհ եւ 6 վիրավոր։ Վիրավորների մեջ է բանակային հատուկ կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը, որը երեկ վիրահատվել է Գորիսի հիվանդանոցում։
«Բացի նրանից, եւս մեկ հոգու վիրահատել ենք։ 3 հոգու վիճակը համեմատաբար թեթեւ է, մեկը միջին ծանրության, մեկը ծանր, մյուսը՝ ծայրահեղ ծանր։ Այս պահին Գորիսի բժշկական կենտրոնում վիրավորներ չկան»,-ասաց Դավիթ Մաշուրյանը։
Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանն էլ տեղեկացրեց, որ ուսումնական պրոցեսն ընդհատվել է միայն Տեղ գյուղի երկու դպրոցներում։ «Ճիշտ է, բացակաների թիվը շատ չէ, բայց նման իրավիճակներում դպրոցն ունի իր պլանը եւ ղեկավարվում է դրանով։ Վաղվանից ուսումնական գործընթացը կսկսվի, իսկ համայնքի այլ բնակավայրերում գտնվող դպրոցները աշխատում են»,-նշեց Մերի Գանդալյանը։
Կարդացեք նաև
Ավելացնենք՝ որ երեկվանից առաջնագծում է նաեւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ